Մատչելիության հղումներ

Ամուլսարի հանքավայրի գործարքից հետո բնապահպանների մտահոգությունները խորացել են


Ուղիղ տասներեք օր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, Հայաստանի կառավարությունն ու Եվրասիական զարգացման բանկը համատեղ հուշագիր ստորագրեցին՝ համաձայնելով հստակ քայլեր ձեռնարկել Ամուլսարի ծրագրի վերսկսման և իրականացման ուղղությամբ:

Ընդ որում, «Lիդիան Արմենիա» ընկերության հայտարարությունը պնդում է՝ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է իր լիազորությունների սահմաններում և գործող օրենքների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ իրականացնելու հանքարդյունաբերական ծրագիրը, որը տարիներով կանգնել էր բնապահպան ակտիվիստների ցույցերի պատճառով։

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը հարցնում է՝ ի՞նչ հաշվարկով է գործադիրը նման երաշխքիներ տվել, ինչպե՞ս է երաշխավորելու ծրագրի անխափան իրականացումը բնական աղետների, ռազմական գործողության կամ այլ հնարավոր իրավիճակում. - «Մարդկանց ընդվզումներ կարող են լինել, փակեն ճանապարհը։ Դու ո՞նց ես երաշխավորում, ի՞նչ ես անելու, էդ մարդականց վրայով տանկերո՞վ ես անցնելու։ Ոչ։ Մենք ունենք 3 դատական գործ, երկուսը 15 թվականից է սկսվել և գործընթացում է, մյուսը 18 թվականից, էլի գործընթացում է։ Ասում եք անկախ դատարան ունեք, ազդելու եք դատարանի վրա՞, որ ձեր օգտին վճիռ լինի։ Ո՞նց եք երաշխավորում, որ դատարանի վճիռը չի արգելելու, անվավեր չի ճանաչելու էդ որոշումները»։

«Լիդիան Արմենիա»-ն, որ ամիսներ առաջ դեռ սպառնում էր դատի տալ Հայաստանի կառավարությանը, հուշագրով պարտավորվեց նույն այդ կառավարությանը անհատույց տրամադրել իր կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։ Ընդ որում, կողմերը միմյանցից տարբերվող հայտարարություններ էին արել գործարքի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարությունը շեշտը դրել էր հանքարդյունաբերության որակի ու չափանիշների վրա. - «Ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»։

«Լիդիանի» հաղորդագրության մեջ, սակայն, չափանիշների վերաբերյալ որևէ տող չկա։ Ընկերությունն արձանագրել է, որ կառավարությունը հանձն է առել ապահովել հանքի անխափան գործունեությունը․ «ՀՀ կառավարությունն իր լիազորությունների սահմաններում և գործող օրենքների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր միջոցներն Ամուլսարի ծրագրի անխափան իրականացման համար»։ Սրա մասին էլ որևէ ակնարկ չկա էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Հայաստանի կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի ու Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) միջև կնքված հուշագրով բանկը «Լիդիանին» մտադիր է 100 միլիոն դոլար վարկ տրամադրել։ Ընդ որում, բանկից նշում են, այդ վարկին ի հավելումն 150 միլիոն դոլար էլ «Լիդիանն» է ներգրավելու։ Հանքարդյունաբերական ընկերությունից հայտնում են, թե 50 միլիոնը ներգրավելու են տեղական բանկերից։

Նազելի Վարդանյան
Նազելի Վարդանյան

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանի համար պարզ չէ՝ արդյոոք մնացած100 միլիոն դոլարը «Լիդիանը» սեփակա՞ն միջոցներից է ներգրավելու. - «Կա 100 միլիոն, որը դեռ չեն տվել, որի տակ ստորագրել է էդ բանկը, և էն մնացածը գաղտնիության շղարշով փակված է»։

Բնապահպանները նաև խնդրահարույց են համարում, թե ինչպես է ռուս-ուկրաինական պատերազմի, պատժամիջոցների ֆոնին ռուսական խոշոր կապիտալով Եվրասիական զարգացման բանկը միլիոնավոր դոլարների ներդրում անում կանադա-ամերիկյան ընկերության ծրագրում։ «Լիդիանից» հակադարձում են, թե իրենց բաժնետերերի համար վարկ ներգրավվելիս որոշիչ է եղել Հայաստանի անդամակցությունը բանկին, և հուշագրի կողմերի համար այդ գործընթացը խնդրահարույց չի եղել։

Թեհմինե Ենոքյանը, որը Գնդեվազից է՝ Ամուլսարին ամենամոտ համայքներից մեկից, մտավախություն ունի, որ հանքը նաև լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացնելու ոչ միայն իր ծննդավայրում, այլև Ջերմուկում, որը 12 կմ է հեռու Ամուլսարից. - «Մարդիկ գալիս են Ջերմուկ հանգստանալու, որովհետև գիտեն, որ էդտեղ ապահով է, անվտանգ է, առողջարար է։ Եթե էդ երաշխիքները չկան, եթե մարդիկ չունեն էդ վստահությունը, որ էդ քաղաքում կարող են հանգիստ վայելել, իրենց առողջությունը վերականգնել, ապա այդ քաղաքի գոյությունը լուրջ ռիսկի տակ է»։

«Լիդիանում» ճիշտ հակառակ տեսակետն ունեն. վստահ են, որ Ամուլսարի հանքավայրը նպաստելու է Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածնքների զարգացմանը` հենց իրենց ներդրումների շնորհիվ։

Կառավարության հետ ստորագրած վերջին հուշագրով ընկերությունը պարտավորվել է շինարարության ընթացքում տարեկան 7 մլն դոլար տրամադրել Ամուլսարի շրջակա Ջերմուկ, Վայք, Սիսիան խոշորացված համայնքներին: Շինարարությունը, ըստ «Լիդիանի», կտևի 18 ամիս, որից հետո կսկսվի հանքի շահագործումը։

Բնապահպանները պնդում են, որ շարունակելու են պայքարը

«Հայաստանի խմելու ջրի 80 տոկոսը ապահովում է այդ ջրհավաք ավազանը։ Այսինքն՝ դրա հետևանքով կաղտոտվի Որոտանը, Սպանդարյանի ջրամբարը, Արփա գետը, Կեչուտի ջրամբարը, Սևան…», - ահազանգում է Նազելի Վարդանյանը։

Այս պնդումներին «Լիդիանից» նախընտրում են չարձագանքել։ «Ազատությանն» ասացին, թե ընկերությունը բազմիցս է անդրադարձել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ հնչեցվող բնապահպանական մտահոգություններին։

«Լիդիանը» տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչն ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությանն ասել էր, թե պահպանելու են ամենաբարձր չափանիշները. - «Մենք երեք տարի աշխատել ենք կառավարության և տարբեր պետական մարմինների հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե որքան լավ շահագործողներ ենք լինելու, և որքան հարգանքով ենք վերաբերելու շրջակա միջավայրին։ Ձեր կառավարությունը պահանջում է բավական համապարփակ ծրագիր, որն անվանում ենք շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում։ Այն բնապահպահպանական ուսումնասիրություն է, որով ուսումնասիրում ենք շրջակա միջավայրի բոլոր ասպեկտները, ինչպես աշխատել շրջակա միջավայրի հետ և ինչպես հարգանքով վերաբերվել շրջակա միջավայրին՝ բնական ռեսուրսների ծրագրի գործարկման ընթացքում»։

Բնապահպանները, մինչդեռ, հիշեցնում են՝ երեք տարի առաջ կառավարության հրավիրած միջազգային փորձագետներն էին անգամ ասել, թե չեն կարող Ամուլսարի հանքի շահագործումը անվտանգ համարել։ ««Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի, - ասել էին «Էլարդի» ներկայացուցիչները:

«Ակնհայտ երևում է այդ 300 էջի մեջ, թե ինչ կարգի ռիսկեր կան, որոնց մասին անգամ պարոն վարչապետն էր խոսում, ասում էր՝ 300 էջ բացասական կարծիք են գրել էս փորձագետները, երկու էջ ինչ-որ մեկնաբանությունների հավելյալ տեղեկատվություն է զետեղված։ Ինչպե՞ս ես բնակչությանը ներկայացնել սա որպես դրական։ Շատ տրամաբանական հարց էր տվել ժամանակին, և էդ հարցին կուզենամ, որ էսօր ինքը նույնպես պատասխանի», - ասում է «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Թեհմինե Ենոքյանը։

Կառավարության, «Լիդիանի» ու Եվրասիական զարգացման բանկի միջև կնքված գործարքից հետո քաղհասարակության որոշ ներկայացուցիրչների, բնապահպանների մտահոգությունները ոչ թե փարատվել, այլ խորացել են։ Հայտարարությունը ստորագրած մոտ երկու տեսնյակ կազմակերպություններ անցած շաբաթ կոչ արեցին իշխանություններին հրապարակել էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա»-ի միջև կնքված եռակողմ հուշագիրը, ինչպես նաև՝ ընկերության բաժնետոմսերի մի մասը կառավարությանն օտարելու պայմանագիրը:

Մինչ այս, սակայն, փաստաթղթերի բովանդակությունը շարունակում է փակ մնալ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG