Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը


«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Էլարդ»-ի փորձաքննությանը տրամադրված 400 հազար դոլարը վատնում չէր:

«400 հազարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար», - այսօր Վանաձորում հրավիրած մեծ ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:

Ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար. սա «Էլարդ»-ի թիմի եզրակացությունն էր, որից օրեր անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերով ասաց, որ «առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում», և ջերմուկցիներին հորդորեց բացել հանք տանող ճանապարհը։

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետը շեշտեց, որ «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանսի ժամանակ պարզված մեկ այլ հանգամանք կա․ - «Երբ որ ես իրենց հարց տվեցի՝ թե ձեր առաջարկած պայմաններում երաշխավորո՞ւմ եք անվտանգությունը և այլն, իրենք ասեցին, որ բոլոր դեպքերում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է: Եվ իրենք ասեցին, որ պետք է շինարարությունը սկսվի և մնացած հնթացս մենք կարողանանք կարգավորել: Ճանապարհի մասով․ մենք ունենք Հայաստան Հանրապետության դատարանի որոշում ճանապարհները բացելու վերաբերյալ: Վարչական դատարանը կայացրել է որոշում ճանապարհները բացելու վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց նաև մանիպուլյացիաներին չտրվելը: Օրինակ, ինչ-որ մեկը սարք է վերցնում, գնում ինչ-որ տեղ, որոշում ստուգել ռադիացան ու գուշակում կոտորած: Վարչապետը շեշտեց, որ կառավարությունը ճնշմամբ որոշում չի կայացնելու, այլ՝ ըստ ճշմարտության և օրենքի, իրականության և Հայաստանի ազգային և պետական շահերի․ - «Շատերն ասում են՝ կառավարությունը որոշել ա տալ թույլտվություն: Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն․ թույլտվությունը մեզնից առաջ տվել են: Հիմա կառավարությունը էրկու հարցի պիտի պատասխանի՝ կա՞ էդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա: Եթե կա՝ չեղյալ կարվի, եթե չկա՝ չի արվի»:

Ամուլսարի հանքի շահագործման հարցն այժմ Բնապահպանական տեսչության ու Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի տիրույթում է: Նիկոլ Փաշինյանը նոր ստուգումների հանձնարարական է ուղարկել տեսչություն:

«Դաշտային աշխատանքներ իրականացվելու են: Եվ փաստաթղթային աշխատանքներ են իրականացվելու», - տեղեկացրեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը:

Ավետիսյանը շեշտեց, որ այս ստուգումները լինելու են տեղում ՝ դաշտային լաբորատոր փորձաքննություններով: Առայժմ տեսչությունը նախապատրաստական փուլում է:

Նրա խոսքով, օգտվելու են նաև նախկինում արված փորձաքննություններից․ - «Շրջակա միջավայրի նախարարի գրությունից և Արտակարգ իրավիճակների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Էլարդի», բոլոր տեղերից: Ես որ ասում եմ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, էդ բոլոր ինֆորմացիաները բոլոր տեղերից հավաքում ենք, որ հասկանանք որտեղից ենք սկսելու և որն ա տեսչական մարմնի իրավասությունները, որ մասով ենք մե՛նք ստուգումներ անելու, որ մասով՝ Քննչական կոմիտեն»:

Ստուգումների ժամկետը կարող է ձգվել մինչև 75 օր՝ կախված լաբորատոր քննությունների արդյունքներից: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացնում է ընթացակարգը. եթե ստուգումների արդյունքում շեղումներ հայտնաբերվեն, դրանք շտկելու համար «Լիդիան»-ը ժամանակ կստանա։ Եթե թերությունները շտկելու ցանկություն կամ հնարավորություն չլինի, տեսչությունը կդիմի Տարածքային կառավարման նախարարությանը՝ «Լիդիան»-ի ընդերքօգտագործման թույլտվությունը դադարեցնելու, Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ՇՄԱԳ-ը կասեցնելու համար:

Վարչապետ Փաշինյանն այսօր դարձյալ խոսեց հանքի շահագործման արգելքի ռիսկերի և ընդհանրապես հանքարդյունաբերության դեմոնիզացիայի մասին․ - «Պոտենցիալ ճգնաժամի պահին մեր՝ արտարժույթ ունենալու ու ձեռք բերելու միակ աղբյուրը մնում ա հանքարդյունաբերությունը: Եվ հետևաբար հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում ա հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը»:

Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսևորումները՝ ներառյալ գրերի գյուտը․ սա էլ որպես թեմայի փակում. - «Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դար վերադառնանք, հա՞»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG