3,5 տարի անց Քննչական կոմիտեն կարճում է Ամուլսարի քրեական գործը։ «Պատվերով հարուցեցին, պատվերով կարճեցին», - ասում է էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։
«Այստեղ արդարադատության, իրավապահ մարմինների գործի օբյեկտիվ քննության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել», - ընդգծեց Վարդանյանը։
Այս քրեական գործով պետք է պարզվեր՝ արդյոք Բնապահպանության նախարարության պաշտոնյաները հանքի շահագործման դեպքում միջավայրի աղտոտման ռիկսերը թաքցրել են։ Վերջին մի քանի տարիներին Ամուլսարի գործարկման վերաբերյալ բոլոր հարցերին կառավարական դեմքերը պատասխանում էին, թե սպասենք՝ քրեական գործն ինչ կասի։
«Ինքս նաև մեծապես հղվելու եմ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի հանգուցալուծման արդյունքներին», - նշել է շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Հանքավայրի շահագործման վերաբերյալ որևէ քաղաքական որոշում չի լինի, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, հայտարարում էր շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Հիմա՝ երբ գործը կարճվեց չի շտապում որևէ մեկնաբանություն ներկայացնել նոր նախարարը, նախարարությունն՝ ընդհանրապես։ Այս պահին չենք մեկնաբանում, պատասխանն է փոխանցում Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հենց այս քրեական գործի շրջանակներում Հայաստան հրավիրվեց «Էլարդ»-ի փորձագիտական խումբը, բյուջեի վրա 400 հազար դոլար նստեց «էլարդ»-ի աշխատանքը, վերջնական եզրակացությունը՝ ելակետային տվյալները բավարար չեն Ամուլսարի շահագործման ռիսկերը գնահատելու համար:
Քննչական կոմիտեն գործի կարճման հիմնավորումը ներկայացնելիս շեշտում է. «Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական ու դատավարական գործողությունները, սակայն ձեռք չեն բերվել փաստական տվյալներ առ այն, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն կազմելիս, հաշվետվությունը փորձաքննության ենթարկելիս, հանքավայրի շահագործման թույլտվությունը տրամադրելիս կատարվել են հանցավոր արարքներ»։
Նազելի Վարդանյանի տպավորությամբ՝ Քննչական կոմիտեում «Էլարդ»-ի նշած թերությունները չեն հիմք ընդունել, այլ «Լիդիան»-ի բացատրությունները։ Ինչո՞ւ էին այդ դեպքում կանչել միջազգային փորձագետներին, եթե պետք ընդունեն շահագրգիռ կազմակերպության փաստարկները, հարցնում է Վարդանյանը։ Նա այս քրեական գործը համարում է ի սկզբանե վախճանված։
«Գործը տուժող չունի, նշանակում է՝ ո՛չ բողոքարկող կա, ո՛չ այդ գործին հետևող կա, ո՛չ միջնորդություններ անող կա, դրա համար բնակիչներից քանի հոգի դիմեցին, խնդրեցին, որպեսզի իրենց տուժող ճանաչեն, բայց ոչ մեկին տուժող չճանաչեցին», - նշեց Էկոլոգիական իրավունքի մասնագետը։
Օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական մի ընկերության, պետությունն էլ պետք է այդ գործարքից բաժնեմաս ստանա։ «Լիդիան»-ը շատ արագ հերքեց այս տեղեկությունը՝ թե մենք վաճառքի որևէ պայմանավորվածություն որևէ ընկերության հետ չունենք։ Էկոլոգիական իրավունքի մասնագետը քրեական գործի կարճումը ընկերության հնարավոր վաճառքի հետ է կապում։ Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ տեղեկացրեց՝ Ամուլսարի տարածքում որևէ տեխնիկա այլևս չի մնացել, ամեն ինչ տարել են։
«Տեխնիկան դուրս է բերվել, ահռելի ծանր տեխնիկա է, ոչ թե ձմեռացում են արել, այլ տեխնիկան դուրս է բերվել Ամուլսարի տարածքից ու տարվել է, իմ տեղեկություններով, նույնիսկ Հայաստանից դուրս է։ Ծանր քաշ տեղափոխող ծանր տեխնիկա է, այդ ամեն ինչը արտասահմանյան պետհամարանիշերով ֆուռեր էին գալիս, չեմ կարա նշեմ, որ երկրի համարներն էր, դրանք մաս-մաս տեղափոխում էին», - պատմեց նա։
Շիրակ Բունիաթյանն ասում է՝ 44-օրյա պատերազմի սկզբից հանք տանող ճանապարհը ակտիվիստները բացել են, քանի որ շատերը կամավորագրվել ու Արցախ էին մեկնել՝ այս ընթացքում որևէ աշխատանք հանքավայրի տարածքում չի կատարվել, իսկ աշնանից սկսած տեղանքն ամբողջությամբ ազատվել է նաև ծանր մեքնենաներից։
«Լիդիան Արմենիա»-ից այսօր հրաժարվեցին որևէ տեղեկություն տալ՝ արդյոք հանքի մեքենաները ժամանակավոր են դուրս բերվել, թե ոչ։ Շիրակ Բունիաթյանը վստահեցնում է՝ երբ էլ որ լինի, Ջերմուկի բնակիչների հանքի շահագործում թույլ չեն տալու, դրա վնասները արդեն տեսել են՝ օդի, ջրերի աղտոտման ու քաղաքի վրա նստած փոշու ամպերի տեսքով։ Պատերազմից հետո ավելի հաստատակամ են, որ «Ամուլսարը սար է մնալու»։
«Բնակչության մոտ էլ ավելի է ամրապնդվել այն դիրքորոշումը, որ Ամուլսարն ուղղակի չի կարա շահագործվի, որովհետև կենսատարածք է, մեր քարտեզներն արդեն իսկ թույլ չեն տալիս, ուղղակի տեղ չունենք գնալու և մեր քաղաքի դերի, նշանակությանը համապատասխան տուրիստական ոլորտի զարգացմամբ մենք պետք է այստեղ ապրենք», - ընդգծեց Բունիաթյանը։
Բնապահպանը նաև տարակուսում է՝ ինչո՞ւ էին պաշտոնյաները հանքի շահագործման հարցը կապում այս քրեական գործի հետ։ Այսօր էլ Հայաստանի ամենաաղմկոտ ու ամենամեծ ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի ապագան անորոշ է։ Բնապահպանների փաստարկներին հետպատերազմական փուլում ավելացել է նաև այն, որ հիմա սահմանը Ամուլսարին է մոտեցել։ Եթե հանքը շահագործվի, կստացվի 100 հազար տոննա ցիանիդի հարթակ՝ հայ-ադրբեջանական սահմանից մի քանի կիլոմետրի վրա։