Մատչելիության հղումներ

Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստներին


Հանուն Ամուլսարի պաշտպանության այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դարպասների առջև: Չնայած ակտիվիստները նախապես ծրագրել էին` իրենց ձևակերպմամբ «մարզական միջոցառումն» անցկացնելու են Ազգային ժողովի բակում, սակայն տարածք գալով պարզեցին, որ դարպասները փակ են:

Բնապահպաններն այս ակցիայով իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ավելի քան 2 տարվա պայքարին: Պահանջում են, որ կառավարությունը չեղյալ ճանաչի Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ): Տարածքում նրանք գործնագործ էին խաղում, կոչ անում` «Ալուսարը սար է», երբ ոստիկանները եկան և զգուշացրին դադարեցնել: Մասնակիցները պատճառաբանեցին, որ իրենք պարզապես գործնագործ են խաղում և որևէ օրենք չեն խախտում, դիմադրեցին, արդյունքում էլ ոստիկանները տարածքից մի շարք ակտիվիստների բերման ենթարկեցին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանների գործողությունները կողմնակալ են, քանի որ ավելի վաղ կառավարության դիմաց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն են բողոքի ակցիա իրականացրել, սակայն ոստիկանները նրանց բերման չեն ենթարկել. - «Սա թերևս Ամուլսարի հետ կապված երկրորդ փուլն է, որովհետև առաջին փուլում բռնություններ եղան նորից Բաղրամյան փողոցում, երբ ոստիկանները ոտնատակ արեցին, այդ թվում` բռնության ենթարկեցին Զարա Հովհաննիսյանին Բաղրամյան փողոցում, ուղղակի գործնագործ էին խաղում մարդիկ, որևէ խնդիր չառաջացավ մինչև այն պահը, երբ սկսեցին «Ամուլսարը սար է», ընդամենը «Ամուլսարը սար է», սա ոչ կոչ էր իշխանափոխության, ոչ բռնության, ուղղակի մարդիկ իրենց դիրքորոշումն էին հայտնում: Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ կառավարության շենքի դիմաց եղել է ցույց` ի պաշտպանության Ամուլսարի հանքի շահագործման, և որևէ ոստիկան նրանց բռնության չի ենթարկել, որևէ հրահանգ չի եղել կոչեր չհնչեցնել, ավելին` հնարավորություն են ունեցել հարցազրույցներ տալ, այսինքն` անխոչընդոտ իրականացնել իրենց ակցիան: Ակնհայտ է, որ ցանկացած փորձ բարձրացնել Ամուլսարի խնդիրը հանդիպելու է այսպիսի դիմադրության և ուժի, բայց կարծում եմ պայքարողները, դուք տեսաք, այն մարդիկ են, ովքեր տարիներով են պայքարել, և իրենց պայքարն ազնիվ է, և իրենք վաճառված են, դավաճաններ չեն, ինչպես որոշ շահագրգիռ մարդիկ փորձում են ներկայացնել: Սա ազնիվ պայքար է, և մենք հաղթելու ենք այս պայքարում: Ամուլսարը սար է մնալու, Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է` լինի»:

Ակտիվիստներից մի քանիսը դեռևս մնացին տարածքում, սակայն նրանց մեծ մասը ոստիկանության կողմից բերման ենթարկվեց: Մյուսները շարունակեցին նստած մնալ Ազգային ժողովի հարակից տարածքում: Ոստիկաններն իրենց գործողությունները պատճառաբանեցին արտակարգ դրությամբ, հայտարարեցին, որ այս ընթացքում հավաքներն արգելված են:

Հիշեցնենք, որ Ամուլսարի թեման բուռն քննարկումների առիթ ու թեժ ակցիաների պատճառ դարձավ անցած շաբաթ, երբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայության կողմից ապամոնտաժվել էին Ամուլսարի պահապան-ակտիվիստների վագոն-տնակները դիմադրման կետերից մեկից և տեղադրել իրենցը: Օգոստոսի 4-ից սկսած տարածքում բողոքի ակցիաներ իրականացվեցին պահանջով, որ համայնքային իշխանություններն ապամոնտաժեն «Լիդիանի» վագոն-տնակները: Օգոստոսի 7-ին տարածքից ապամոնտաժվեցին այդ վագոն-տնակները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG