Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը երեկոյան լարվեց: Լարվածությունն առաջացավ, երբ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներից մեկին, իսկ ակտիվիստները փորձեցին դա թույլ չտալ:
Ցուցարարները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը, ոստիկանները փորձում էին բացել այն: Քաղաքացիները դժվարությամբ էին ենթարկվում մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի` ավտոճանապարհը բացելու պահանջին, և արդյունքում բախում առաջացավ:
Ոստիկանության ներկայացուցիչը «Ազատությանը» փոխանցեց, որ կան բերման ենթարկվածներ, սակայն թիվը չհայտնեց:
Նախքան այդ էլ ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա էր ընթանում սար տանող ճանապարհին, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացված:
Ակտիվիստները երկու պահանջ ունեն. կարճաժամկետ պահանջը` վերականգնվեն վագոն-տնակները, որոնք «Լիդիան Արմենիա» պահնորդական ծառայության կողմից ապամոնտաժվել էին, երկրորդ պահանջը, որը արդեն հիմնականն է, որ կառավարությունը հնարավորինս կարճ ժամկետում արձագանքի, թե Ամուլսարի շահագործման հետ կապված ինչ մտադրություն ունի, որոնք են լինելու կառավարության քայլերը:
Ամուլսարի հարցը երեկ կրկին բախման պատճառ դարձավ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների, ոստիկանների ու շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների միջև: Եղան բերման ենթարկվածներ: Առիթը դեպի սար տանող ճանապարհն արգելափակած ակտիվիստների տնակների հեռացումն էր:
«Լիդիան Արմենիայի» իրավաբանական գծով ղեկավար Խորեն Նասիբյանը պնդում է, որ տարածքի նկատմամբ ունեն բոլոր իրավունքները, ապօրինի վագոնները հեռացնելու որևէ սահմանափակում չկա: «Լիդիանը» շեշտում է, որ երկու տարի շարունակ բախումներից խուսափել են, այնինչ տեղում աշխատանքների իրականացման միակ խոչընդոտը եղել է «Լիդիանի» ձևակերպմամբ` իրենց տարածք ներխուժած խումբը: Ոստիկանությունն իրենց դիմումներին չի արձագանքել, և արդյունքում «Լիդիանն» ինքն է տարածքից հեռացրել ապօրինի գույքը` վագոնները:
«Ազատության» հետ զրույցում տարբեր ակտիվիստներ այսօր ավելի վաղ պատմեցին, որ երեկվա դեպքերից հետո են ընտանիքով այստեղ եկել, քանի որ չեն ուզում, որ այս տարածքում հանք շահագործվի, բնապահպանական լուրջ ռիսկեր են տեսնում. - «Երեկ առավոտյան, որ իմացանք, որ եկել են, տեղափոխել են իրենց բուդկան, իրենցն են տեղադրել, այդ ժամանակ որոշեցինք, որ անպայման պետք է գանք, չնայած ունենք նորածին երեխա: Ոչ մի իրավական հիմք չկա այս հանքը շահագործելու համար, բացի դրանից, ունենք փաստեր, որ այսպիսի հանք մերժել են իրենց երկրում կառուցել և Թուրքիան, և Վրաստանը, և բոլոր հարակից երկրները, այսինքն` եթե մենք թույլ տանք, որ սա լինի մեր երկրում, ուրեմն մեր գալիք սերուդն արդեն չի ունենա այն, ինչ մենք ունենք, այս բնությունը, մաքուր ջուրն ու հողը»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոյանը ևս այստեղ էր, նշեց` երեկվա դեպքերից հետո է եկել այստեղ` կանգնելու ակտիվիստների կողքին. - «Փաստորեն, կառավարությունը մենակ է թողել Ամուլսարի պաշտպաններին այն առումով, որ այսօր իրենք միայնակ դուրս են եկել «Լիդիան» ընկերության դեմ և փորձում են իրենց իրավունքները պաշտպանելը: Այդ ընթացքում մենք ունենք մի իրողություն, որ փաստորեն դա էլ արդեն մարդկանց չեն թույլատրում, խլում են այդ գործիքակազմը, որովհետև արտակարգ դրություն է, և ցանկացած փորձ` դուրս գալու փողոց ավարտվում է ոստիկանական բաժանմունքում»:
Հարցին, թե ինչպես է իրենց քաղաքական ուժը պատկերացնում իրավիճակի հանգուցալուծումը, հանքի շահագործումը պե՞տք, թե՞ ոչ, պատգամավորը պատասխանեց. - «Հանքի շուրջ քաղաքական քննարկումներն ավարտվեցին այնտեղ, որտեղ ավարտվեցին նաև «Էլարդի» փորձաքննության վերաբերյալ քննարկումները, և մենք փաստարկված անվստահություն հայտնեցինք «Էլարդի» փորձաքննությանը և նաև հույս ունեինք, որ ՇՄԱԳ-ը չեղյալ կճանաչվեր, որովհետև ակնհայտ «Էլարդի» փորձաքննությունն ասում էր, որ նախ փորձաքննությունը չի եղել ամբողջական, հիմնովին, որովհետև փորձաքննություն իրականացնողներն Ամուլսարում եղել են մեկ օր, իսկ մնացած տեղեկատվությունը նրանք հավաքել են «Լիդիանի» ընկերությունից, այսինքն` սա արդեն խոսում է այն մասին, որ սա օբյեկտիվ փորձաքննություն չի եղել: Եվ, իհարկե, փորձաքննությունն ասում էր, որ հանքի շահագործումը զերծ չէ ռիսկերից, ինչն արդեն տալիս է այն հարցի պատասխանը, որ հանքը չպիտի շահագործվի»: