Մատչելիության հղումներ

ELARD-ի հետ տեսակոնֆերանսի արձագանքները


Ամուլսարի հանքավայր, արխիվ
Ամուլսարի հանքավայր, արխիվ

ELARD-ի փորձագետների հետ զրույցը ցույց տվեց, որ մի շարք պետական մարմիններ թերացել են հարցի քննության կապակցությամբ և «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը պաշտպանելու կողմն անցել, կարծում է բնապահպան Աննա Շահնազարյանը։

«Փաստը ցույց տվեց, որ հնարավոր չէ գիտնականների ասածները շուռ տալ, հնարավոր չէ ասել՝ մածունը սև է, մի բան, որ ես բարկացած հայտարարեցի ու դուրս եկա Փաշինյանի հետ հանդիպումից, որովհետև էդ մարդիկ շատ պարզ գրել են, և էդ մարդիկ ստիպված եղան 2,5 ժամվա ընթացքում նորից կրկնել շատ պարզ բան, էն ինչ իրենք գրած էին եղել։ Հիմա պետական մարմինների պարտավորությունն է ստուգել՝ ովքեր են թերացել էս գործընթացում՝ Քննչական կոմիտեն է թերացել, «Լիդիան»-ն է շարունակել ինչ-որ ձևով մոլորեցնել», - ասաց Շահնազարյանը։

Երեկ հրապարակվեց կառավարությունում անցկացված տեսակոնֆերանսը՝ ELARD-ի 8 փորձագետների, «Լիդիան»-ի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության պատասխանատու գերատեսչությունների ու խորհրդարանական «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ELARD-ի միջազգային թիմը հայտարարում է, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյո՞ք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:

Բնապահպանները տեսակոնֆերանսը կարևորում են այնքանով, որ հրապարակայնորեն ներկայացվեց այն, ինչ գրված է եղել ELARD-ի եզրակացությունում։

«Գիտնականները տեսաք ինչպես պատասխանեցին և այդ վրդովմունքն էլ կար, որ «ուզում եք, որ մենք նորից էդ բոլորը ձեզ ասե՞նք, ձեզ ամեն ինչ ասել ենք, ասել ենք, որ թերի են, ամեն ինչ ցույց ենք տվել՝ և՛ գիտական, և՛ պրակտիկայի մեջ առկա ստանդարտները, որոնք դուք չեք պահպանել և հետևաբար նորմալ գնահատում չի արված»։ Լավ էր, որ ցույց էր տալիս կառավարության անդամների դիրքորոշումը կլինի, խորացած լինելը հարցի մեջ, թե չէ։ Ստացվում է կես տարուց ավելի՝ յոթ ամիս պետությունը փող է տվել և աշխատանք է կատարվում և պիտի, որ շատ լրջորեն հետամուտ եղած լիներ, բայց մի քանի հոգու ձեռքերում է կենտրոնացած եղել պրոցեսը և լավ էր, որ սա դուրս եկավ մի քանի հոգու ձեռքերից՝ դա կլինի կոմիտեն որպես մարմին, թե կոնկրետ քննիչը որպես անհատ, դա նշանակություն չունի», - նշեց Շահնազարյանը։

Մինչդեռ, Ամուլսարի ոսկե հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերությունը խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում ELARD-ի մեկնաբանություններից։ «Ապակողմնորոշող», - այսպես է ընկերությունը մեկնաբանել՝ երեկ հրապարակված տեսակոնֆերանսը։

Ընկերության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես նշված է. «Քննչական կոմիտեն ուսումնասիրելով փորձաքննության զեկույցը հայտարարեց, որ չկա որևէ հիմք «Լիդիան»-ի դեմ գործողությունների համար: Մինչ «Լիդիանը» ողջունեց ELARD-ի ճշգրիտ եզրակացությունը Սևանի և Ջերմուկի վրա ազդեցության բացակայության մասին, երեկվա ELARD-ի պահվածքը, ցավոք, ավելի շատ ցուցադրում է միջազգային առաջատար մասնագետների կողմից իրենց տրամադրված ավելի քան 20 հազար էջ բարդ ու մանրամասն հետազոտություններ վերանայելու և վելուծելու այդ ընկերության անկարողությունը, քան որևէ բան էր բացահայտում «Լիդիան»-ի կամ Ամուլսարի մասին: ELARD-ի մեկնաբանությունները երեկվա կոնֆերանսի ընթացքում իրենց հասանելի դարձած տեղեկատվության մասին ավելի շատ «ցանկությունների ցանկ» էր, թե ինչ կցանկանային իրենք տեսնել: Ուղիղ հարցին, թե ո՞ր միջազգային չափանիշներին չեն համապատասխանում «Լիդիան»-ի հետազոտությունները, ELARD-ը չկարողացավ տալ որևէ հղում: Դա ընդունելու փոխարեն, ELARD-ը շարունակում էր ներկայացնել իրենց «ցանկացած»-ի բացակայությունը մեր հետազոտություններում, որպես «բացեր» ու «բացթողումներ»: ELARD-ը այդպես էլ չընդունեց, որ այն ինչ նրանք ցանկություն ունեին կարդալու, իրականում միջազգային լավագույն փորձի հետ առնչություն չունի և չպետք է ներառված լիներ ՇՄԱԳ կամ ԲՍԱԳ փաստաթղթերում՝ «Լիդիան»-ի թույլտվությունների համար», - հայտարարում է ընկերությունը։

«Լիդիանը» նաև կոչ է անում Հայաստանի կառավարությանը բացահայտել այն հանքարդյունաբերական ընկերություններին, որոնք «ֆինանսավորել են Ամուլսարի դեմ արշավը»։

Տեսակոնֆերանսը, հիշեցնենք, եզրափակվեց որոշմամբ՝ սպասել Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին, թե արդյո՞ք նոր գնահատման կարիք կա, որի պատասխանը մինչև սեպտեմբերի 4-ն է։

XS
SM
MD
LG