Մատչելիության հղումներ

«Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսը տեղի ունեցավ. Փաշինյան


Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ամուլսարի փորձաքննությունը իրականացրած «Էլարդ» ընկերության հետ Skype-կոնֆերանս է ունեցել:

«Քանի որ նկարահանվել է մի քանի տեսախցիկից, նյութի մոնտաժումը կտևի մի քանի ժամ: Ինչպես եւ պայմանավորվել էինք, խոսակցությունն ամբողջությամբ կհրապարակվի: Մտածելու շատ բան կա: Նյութը կնայեք, կխոսենք», - գրել է վարչապետը:

Կառավարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։

Նշենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ չեն մասնակցի կոնֆերանսին՝ նշելով. «Չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը ի սկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել»։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը վերջին շաբաթներին ամենաթեժ քննարկվող թեմաներից է: «Էլարդ»-ի եզրակացությունը, որի համար պետությունը 400 հազար դոլար է վճարել, տարբեր կերպ է մեկնաբանվում: Քննչական կոմիտեի մեկնաբանությամբ՝ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան հանքավայրին մոտ գտնվող Ջերմուկի աղբյուրների վրա:

Մինչդեռ բնապահպանները, երկրաբանները շարունակում են պնդել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում Սևանա լիճն ու Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրները կվտանգվեն: Հենց այս պատճառով էլ վարչապետը խոստացել էր անձամբ զրուցել փորձագետների հետ և ստանալ հստակ պատասխաններ, որպեսզի տարընթերցումների տեղիք չլինի:

XS
SM
MD
LG