Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի։ Կառավարությունն այսօր 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։
Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարում է՝ այլևս խոչընդոտներ չկան:
«Այս գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար: Կառավարությունը ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12.5 տոկոսը և դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը ապահովելու է գործարքի՝ որոշակի ռիսկերից ապահովագրումը», - ասաց էկոնոմիկայի նախարարը:
Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ելույթն ամբողջությամբ ոսկու հանքի շահագործման տնտեսական օգուտներին էր նվիրված, սակայն հստակ ժամկետներ, թե երբ կբացվի հանքը, չնշեց:
«Գնահատված է, որ Ամուլսարի, «Լիդիան» ընկերության աշխատանքը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 1 տոկոսով մոտավորապես, և դա բավականին բարձր ցուցանիշ է, և մենք իրավունք չունենք հրաժարվել այսպիսի հնարավորություններից», - ասաց Քերոբյանը:
Ջերմուկին հարակից ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի ամենամեծ ու ամենաաղմկոտ ներդրումային նախագծերից է։ Բնապահպաններն ու հարակից համայնքների բնակիչները տարիներ շարունակ պնդում են՝ հանքի շահագործումը աղտոտման մեծ ռիսկ է առաջացնելու առողջարանային գոտու ջրերի, օդի, հողի համար: Հանքավայր տանող ճանապարհը տեղի բնակիչները 2018-ից փակ էին պահում՝ թույլ չտալով ընկերությանը շինարարություն սկսել։
Այսօր արդեն ընկերության ներկայացուցիչը խոսում էր Հայաստանի տնտեսական օգուտների մասին. - «Սա երկրի տնտեսության համար աննախադեպ դինամիկ ծրագիր է, այն աշխատատեղեր կստեղծի հարյուրավոր հայաստանցիների համար, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագիրը ուղիղ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»։
Հեղափոխությունից հետո նոր կառավարությունը բնապահպանների ահազանգերը ճշտելու համար գրեթե կես միլիոն դոլար ծախսեց, հրավիրեց միջազգային փորձագետների, որոնք էլ եզրակացրին՝ ելակետային տվյալները բավարար չեն հանքի շահագործման ռիսկերը գնահատելու համար և այդպես էլ պարզ չդարձավ՝ Ամուլսարից ոսկի կորզելիս շրջակա միջավայրը կաղտոտվի ծանր մետաղներով, թե՝ ոչ:
Հանքը շահագործելու թույլտվություն տալու գործընթացում հնարավոր չարաշահումները ստուգելու նպատակով էլ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, 2021-ին կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ հանքի շահագործման հավանականությունը մեծ է։
Կառավարությունը ռիսկեր չի՞ տեսնում, բնությունն աղտոտելու անհանգստություն չկա՞ այլևս, հարցրինք էկոնոմիկայի նախարարին։
«Բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրականացված են և անհրաժեշտ թույլտվությունները տրված են», - պատասխանեց Քերոբյանը:
Ըստ բնապահպան Ինգա Զառաֆյանի, կառավարության որոշումը քաղաքական է. - «Կառավարությունը ուղղակի որոշում ընդունեց զուտ քաղաքական և, փաստորեն, իր վրա շատ ծանր բեռ վերցրեց»:
Տեղացիները, քաղհասարակության ներկայացուցիչները, մինչդեռ, այս ամբողջ ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում էին պահանջում, շեշտում է բնապահպան Ինգա Զառաֆյանը։ Այս տարիների ընթացքում ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները չփարատվեցին:
«Քաղհասարակությունը շատ հիմնավորված ձևով ներկայացնում էր ռիսկերը: Փաստորեն, կառավարությունը, որը խոստումներ արեց, որ նրանք անպայման կգնահատեն, կնայեն, ոչ մի հիմնավորում հիմա արդեն չկա», - նշեց բնապահպանը:
Գործադիրի արձագանքը կարճ է՝ պետությունը վստահ է իր վերահսկողական ունակությունների վրա և հենց սա է իրենց թույլ տվել Ամուլսարի շահագործման հարցում առաջ շարժվել։