Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են։ Այսօր ջերմուկցիներն ավտոերթով եկան Երևան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական շենքի առջև նրանց դիմավորեցին Հայկական բնապահպանական ճակատի բնապահպան-ակտիվիստներն ու մի շարք քաղաքացիներ։
«Լրիվ օրինական, իրավական հիմքեր ունեն Ջերմուկ քաղաքի բնակիչները իրենց իրավունքները վերականգնելու», - ասաց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը:
Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների ու բնապահպանների պահանջը շարունակում է մնալ նույնը, նրանք կառավարությանը կոչ են անում չեղարկել նախորդ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ու նոր ՇՄԱԳ իրականացնել։ Իրենց այդ պահանջը ակցիայի մասնակիցները կառավարությանը՝ նամակի միջոցով փոխանցեցին, երբ քայլերթով Օպերայից հասան կառավարության շենքի առջև։
Բնապահպանները համոզված են, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ի` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը 2016-ին թերություններով է անցկացվել, շարունակում են պնդել՝ դրա մասին է փաստում նաև անցած տարի «Էլարդ»-ի թիմի կողմից անցկացված ուսումնասիրությունը։ Դրա անցկացման համար կառավարությունը 400 հազար դոլար էր հատկացրել։
Բնապահպաններն ակնկալում են կառավարության հստակ դիրքորոշումը, մինչ կառավարությունը լռում է, իրենք էլ ի պատասխան դրա, իրենց ձևակերպմամբ, լռության ակցիա են անցկացնում Շրջակա միջավայրի նախարարության առջև։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաները կրկին ակտիվացան այն բանից հետո, երբ «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայության աշխատակիցները դեպի Ամուլսար տանող ճանապարհն ավելի քան 2 տարի փակած ակտիվիստների տնակները ապամոնտաժեցին ու հեռացրին՝ տեղադրելով իրենց տնակները: Դրան հաջորդեցին բողոքի ակցիաները։ Ի վերջո բնապահպանները հասան իրենց կարճաժամկետ նպատակներին։ Ջերմուկի համայնքապետարանը ոստիկանության աջակցությամբ Ամուլսարի տարածքից ապամոնտաժեց և ճամփեզրից տեղափոխեց «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները։
Ընկերությունից հայտնում են, թե Ամուլսարի տարածքում գործելու իրենց բոլոր թույլտվություններն ուժի մեջ են և իրենք կարող են սկսել աշխատանքները։