Մատչելիության հղումներ

Ամուլսարի շուրջ կրքերը չեն հանդարտվում


Ամուլսարի հանքը, արխիվ
Ամուլսարի հանքը, արխիվ

Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող երեք ակտիվիստներ երեկ ձերբակալվել են խուլիգանություն իրականացնելու կասկածանքով։ Ըստ իրավապահների, Ջերմուկի բնակիչներ Գրիգոր Խաչատրյանը, Տիրայր Այվազյանը և Գագիկ Գրիգորյանը անցած շաբաթ Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի են բռնվել Ամուլսարի հանքը շահագործելու թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատողների հետ։

Ոստիկանության փոխանցմամբ, ծեծկռտուքից օրեր առաջ ակտիվիստները հանքավայրում աշխատող քաղաքացիների հասցեին հայհոյանքներ են հնչեցրել։ Ինչից հետո էլ պարզաբանումներ ստանալու համար կողմերը սեպտեմբերի 15-ին հանդիպել են Գնդեվազ գյուղում։ Սկսել են փոխադարձ հայհոյանքներն ու հարվածները ոտքերով, ձեռքերով, քարերով, փայտե մահակներով ու երկաթե ձողերով։ Վիճաբանության ժամանակ էլ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը քարով կոտրել է իրենց մոտեցող մեքենայի դիմապակին։ Նրա օրինակին են հետևել նաև մյուս մասնակիցները, որոնք էլ քաշել և պոկել են մեքենայի էլեկտրական մալուխները։

Ձերբակալվածների պաշտպան Սասուն Ռաֆայելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց վերագրվող արարքները։ Ավելին, պնդում են, որ իրենք են ծեծի ենթարկվել։

Դիտարկմանը, որ իրավապահները հակառակն են ասում, Ռաֆայելյանը պատասխանեց. «Նորություն չի դա: Որևէ մեկը չի ընդունում, որ ինքը խուլիգանություն է կատարել, այո, իրականում վիճաբանություն եղել է, վերջիններից որոշակի պարզաբանումներ ստանալու համար հրավիրել են գյուղից որոշակի հեռավորությամբ գտնվող տարածք, որտեղ վերջիններս ծեծի են ենթարկվել»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ իրենք բողոքարկել են ձերբակալման օրինաչափությունը և այն ապօրինի են համարում. «Անձին կարելի է ձերբակալել, եթե մտավախություն կա, որ վերջինս կա՛մ հանցանք կատարելուց անմիջապես հետո կարող է դիմել փախուստի, կա՛մ բռնվում է հանցանքի կատարման վայրում, երկուսն էլ բացակայում են: Դեպքը տեղի է ունեցել ամսի15-ին փաստացի, վերջիններս ձերբակալվել են մասի 22-ին, բոլորն էլ բերման են ենթարկվել սեփական բնակության վայրից»:

Ձերբակալվածներն, ըստ Ռաֆայելյանի, վստահ են, որ միայն իրենց ձերբակալելու պատճառը Ամուլսարի հանքը շահագործելու նպատակ ունի։ Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներից Շիրակ Բունիաթյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ իրավապահները խտրական մոտեցում են ցուցաբերել՝ ձերբակալելով միայն ակտիվիստներին։

«Երբեք չենք խրախուսելու կամ պաշտպանելու, եթե եղել է բռնություն, մարդիկ իրենց արաքի չափով պետք է կրեն նաև պատասխանատվություն, բայց այստեղ խոսում ենք խտրական վերաբերմունքի մասին, որ եթե ինչ-որ ծեծկռտուք է տեղի ունեցել բնակիչների միջև, երկու կողմերի, ովքեր ունեն տարբեր կողմնորոշումներ ու դա ոչ թե ծեծ է, այլ ծեծկռտուք, ուրեմն անտրամաբանական է, որ մի կողմից կան բերման ենթարկվածներ, մի տեսակ խտրական է դա», - նշեց Բունիաթյանը:

Ավելի քան երկու տարի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակ պահող բնապահպան-ակտիվիստը կրկին պնդեց՝ չեն ընկրկելու՝ անկախ ձերբակալություններից։ Այս զարգացումներին զուգահեռ այսօր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Ազգային Ժողովի մոտ և բաց նամակ հղել պատգամավորներին՝ պահանջելով շահագործել Ամուլսարի ոսկու հանքը։

«Ամուլսարի հանք» խմբի անդամ Աննա Ներսիսյանը վստահ է՝ չնայած առկա հակասական հայտարարություններին, Ամուլսարը որևէ բնապահպանական խնդիր չունի։ Միևնույն ժամանակ, հավելում է՝ իրենք հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապ չունեն։

«Մեր պահանջն այն է, որպեսզի կառավարությունը օրինականությունը վերականգնի մեր համայնքներում, մարդիկ օրինական կերպով գնան աշխատեն, հետ վերադառնան իրենց տուն», - ասաց Ներսիսյանը:

Պատգամավորներին բաց նամակ հանձնելու էր եկել նաև Գնդեվազի մեկ այլ բնակիչ, 46-ամյա Վիրաբ Հովհաննիսյանը։ Նա աշխատում է «Լիդիան Արմենիա» ընկերությունում որպես վարորդ ու ստանում ամսական 200 հազար դրամ աշխատավարձ։ Ասում է՝ գյուղի բարիքով այսօր ապրել հնարավոր չէ, իսկ այս աշխատատեղերը անհրաժեշտ են իրենց։

«Կարևոր է, առաջին առողջությունն է: Մենք այնտեղ աշխատել ենք, մենք ամեն ինչին տեղյակ ենք, գիտենք, լրիվ անվնաս հանք է այդ հանքը, սարը, որը պետք է քանդվի, ոսկին հանվի, ուրան չկա, ուրանի տոկոսն այնքան ցածր է, հիմա Երևանի մթնոլորտում ավելի շատ ուրան կա, քան էդ հանքից, որ պետք է դուրս գա», - ասաց Վիրաբ Հովհաննիսյանը:

Հանքի շահագործմանը կողմ հանդես եկող քաղաքացիներն ընդգծում էին՝ ակնկալում են, որ կառավարությունն ի վերջո լուծում տա Ամուլսարի խնդրին։

XS
SM
MD
LG