Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջև հեռակա վեճը շարունակվում է։ Բաքուն նախօրեին արդեն հինգերորդ անգամ նույն դիտողությունն է արել ռուսական կողմին՝ անթույլատրելի համարելով պաշտոնական հաղորդագրություններում հայկական տեղանունների կիրառումը:
«Ցավով նշում ենք, որ չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարության բազմաթիվ դժգոհություններին, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական հաղորդագրություններում մեր բնակավայրերը ներկայացվում են հայկական տեղանուններով», - նշել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը՝ կրկին կոչ անելով վերջ դնել նախ Լեռնային Ղարաբաղ անվանման, ապա նաև հայկական մյուս տեղանունների կիրառումներին և առաջնորդվել Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:
Ռուսական զորախումբն ադրբեջանական կողմի նույնաբովանդակ հաղորդագրությանը դեռ անցած շաբաթ էր հակադարձել՝ տարակուսանք հայտնելով Բաքվի ձևակերպումների առնչությամբ:
Խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, թե Բաքվի քննադատությունը զարմանք է հարուցում, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են ոչ-ադրբեջանական տեղանուններ։
«Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին՝ շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները», - հայտարարել է ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը։
Շեշտելով, որ խաղաղապահների գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ՝ ռուսական կողմը հիշեցրել է, որ փաստաթուղթը բազմիցս դրվատանքի է արժանացել, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից։
Ադրբեջանում հատկապես վերջին շրջանում, սակայն, ռուս խաղաղապահ զորախմբի գործունեությունը ոչ միայն դրվատանքի չի արժանանում, այլ նաև սուր քննադատության թիրախ է դարձել։ Հերթական կոշտ հայտարարությունները հնչել են Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերից։ Լրատվամիջոցի ղեկավարը նախազգուշացրել է, թե Բաքուն կարող է ռուսաստանցի զինվորականներին դուրս բերել Ղարաբաղից՝ ընդգծելով, որ արտահայտում է Ադրբեջանի դիրքորոշումը։
«Ռուսաստանյան պետության հարգելի ներկայացուցիչներ, Ռուսաստանի պաշտոնյաներ և կրեմլյան ռազմավարներ, որոնք երկակի խաղեր են խաղում, լավ կլիներ լսեիք Ադրբեջանի դիրքորոշումը։ Խաղաղապահների գործողությունների ժամկետն ավարտվում է 2025 թվականին։ Ընդամենը երեք տարի և Ղարաբաղում ոչ մի ռուս զինվոր չի մնա։ Դրան գումարած՝ գործընթացի կրճատումը կամ երկարաձգումը կախված է ոչ թե ինչ-որ մեկից, այլ հենց Ադրբեջանի ցանկությունից։ Այլ խոսքերով ասած՝ ռուսատանյան զորքի դուրսբերումը կարող է արագացվել», - AzTV պետական հեռուստաընկերության եթերում պաշտոնական Բաքվի դիրքորոշումն էր փոխանցում լրատվամիջոցի ղեկավար Ռովշան Մամեդովը։
«Կա՛մ ընդունեք, որ Ղարաբաղը Ադրբեջան է, կա՛մ դուրս շպրտվեք այդտեղից», - խոսքն ուղղելով «բոլորին»՝ ասել է ադրբեջանցի պետական պաշտոնյան՝ հիշեցնելով, որ Բաքուն պաշտոնապես չի վավերացրել ռուսական զորախմբի մանդատը։
Ի տարբերություն հետխորհրդային այլ տարածքներում Ռուսաստանի նախկին բոլոր խաղաղապահ գործողությունների, Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի զինվորականների գործունեությունը չունի իրավական կարգավորում։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորախմբի լիազորությունները սահմանող որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի։ Եռակողմ հայտարարության միայն երեք կետերն են նկարագրում 1960 խաղաղապահների գործունեությունը, նրանց տեղակայման վայրը, տրամադրության տակ գտնվող ռազմական տեխնիկայի տեսակները, քանակը և նրանց տեղակայման ժամկետը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն է հրաժարվել ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։