Մատչելիության հղումներ

«Հույս ունենք հնարավոր կլինի ապահովել ՌԴ խաղաղապահների անժամկետ առկայությունն Արցախում»․ Արայիկ Հարությունյան


Հայաստանն ու Արցախը կանգնած են նոր աղետալի պատերազմի շեմին, հայտարարում է Արցախի նախագահը։

«Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան՝ 44-օրյա պատերազմը», - ասել է Արայիկ Հարությունյանը:

Երեկ երեկոյան հեռարձակված տեսաուղերձում Արայիկ Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հայկական կողմի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Խոստովանեց, որ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, դա պայմանավորեց Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ՝ նկատի ունենալով ռուս-ուկրաինական պատերազմը։ Այս հանգամանքից օգտվում է Ադրբեջանը, հայտարարեց Արցախի նախագահը։

Ու չնայած Բաքվի շարունակական պնդումներին, թե ռուսական խաղաղապահ զորակազմը ժամանակավոր է տեղակայված Լեռնային Ղարաբաղում, Հարությունյանը հույս հայտնեց, թե խաղաղապահները անժամկետ կմնան Արցախում։

«Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում, որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից», - ասաց Հարությունյանը։

Իր տեսաուղերձում Արցախի նախագահը ընդգծեց նաև, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել բոլոր խնդիրները, և այդ նպատակով էլ պարբերաբար շփումներ են ունենում տարբեր հարցերի շուրջ։

Հարությունյանը չհստակեցրեց, թե ինչ պաշտոնյաներ են շփվում, միայն թվարկեց ոլորտները՝ անհայտ կորածների որոնում, ջրային ռեսուրսների օգտագործում, ենթակառուցվածքների վերականգնում ու կառուցում, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում։

Արձագանքելով այս օրերին Հայաստանում ու Արցախում առկա մտահոգություններին՝ Հարությունյանը դարձյալ վստահեցրեց, թե Ադրբեջանի հետ բանակցություններ վարող Հայաստանի իշխանություններից հավաստիացումներ է ստացել՝ առանց Ստեփանակերտի հետ քննակման որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։

«Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու», - ընդգծեց Հարությունյանը։

Անցած շաբաթ Երևանում Հայաստանի անվտանգության խորհրդի նիստին մասնակցած Հարությունյանն ասաց, թե փոխանցել էր իր մտահոգությունը և ընդգծել՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել Արցախի ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։

XS
SM
MD
LG