Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ռուսական РИА Новости գործակալության հետ զրույցում, կոչ է արել մեծացնել ռուս խաղաղապահ կոնտինգենտը Արցախում։
«Մենք կարծում ենք, որ ռուսական զորամիավորման քանակն անհրաժեշտ է ավելացնել, ինչպես նաև ընդլայնել դրա լիազորությունները», - ասել է Բեգլարյանը:
Նա հիշեցրել է, որ պատերազմից հետո շփման գիծը 2.5 անգամ երկարել է ու Ադրբեջանին մեղադրել սադրանք հրահրելու համար:
Լեռնային Ղարաբաղի պետնախարարը ռուսական լրատվամիջոցին ասել է, թե տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը հնարավոր չէ, քանի որ Բաքվի և Ստեփանակերտի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն սակայն պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։