«Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում», - ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։
Նա օրերս ավարտեց Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի իր առաքելությունը, նրան փոխարինում է Միխայիլ Կոսոբոկովը։
«Հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի։ Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի», - հայտարարել է Մուրադովը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։
Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Պաշտոնական Երևանն էլ այդ ամենի ֆոնին պնդում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ։ Այս մասին խոսել է և՛ վարչապետը, և՛ արտգործնախարարը։
«Ազատությունը» կառավարությունից հետաքրքրվել է՝ արդյոք Հայաստանի հետ արդեն իսկ կա՞ ևս հինգ տարով ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման պայմանավորվածություն։ Եղե՞լ է հարցի շուրջ եռակողմ քննարկում կամ ռուսական կողմը հայտնե՞լ է Բաքվի մտադրությունների մասին։ Մինչև այս պահը գրավոր հարցմանը պատասխան չի ստացվել։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ ռուսական կողմի այս հայտարարության հասցեատերը Բաքուն է. - «Ռուսները իրենց հերթին փորձում են հակադարձել Բաքվի դժգոհություններին և Ադրբեջանին հասկացնել, որ այդ դժգոհությունները ամենևին չեն կարող դառնալ Ռուսաստանի, այսպես ասենք, դիրքերը զիջելու ու Արցախում երկարատև ներկայության ռազմավարությունից հրաժարվելու պատճառ: Պետք չէ բացառել, որ Բաքվի դժգոհությունների հետևում ռուսները տեսնում են նաև Անկարայի, այսպես ասած, հետքը կամ ձեռքը»:
Բադալյանը կարծում է՝ Մոսկվան Բաքվից առավել հիմա փորձում է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության համար ստանալ միջազգային աջակցություն։
«Այն հանգամանքը, որ Բաքուն դժգոհություններ է արտահայում խաղաղապահների տեղակայման կապակցությամբ, թեկուզ հանրային մակարդակում, վկայում է, որ չկա այդ պայմանավորվածությունը առնվազն Բաքվի հետ: Նույնիսկ առանց հայտարարելու պարզ էր, որ Ռուսաստանը չի եկել ընդամենը հինգ տարի անց, այսպես ասած, Բաքվի որոշման խնամքին մնալու, բայց, իհարկե, այդ հարցը կարող է լուծվել միմիայն, եթե ստացվի միջազգային այդ աջակցությունը: Հակառակ դեպքում՝ եթե այդ աջակցությունը ստացավ Բաքուն՝ ռուսական ներկայության դեմ, ապա այստեղ թե ռուսների համար կստեղծվի անցանկալի իրավիճակ, և, ինչը մեզ համար ավելի կարևոր է, այդ իրավիճակը կստեղծվի նաև մեզ համար: Մեր խնդիրը պետք է լինի մեր կարողության չափով նպաստել, որպեսզի Արցախում խաղաղապահ մանդատի առումով ռուսական և ամերիկյան ռազմավարությունը հնարավորինս մերձ լինի և ընթանա համաձայնության տրամաբանությամբ: Իհարկե, մենք այստեղ ամեն ինչ չէ, որ վճռում ենք, բայց մեզանից հասանելիքը այստեղ մենք պետք է կարողանանք անել», - նշեց քաղաքական մեկնաբանը: