Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ ունեցածը պահպանելն այն անհրաժեշտ նախադրյալն է, որը թույլ կտա, որպեսզի Արցախը մնա։
Բաբայանը չի կարծում, թե հինգ տարի հետո հակամարտությունը կարգավորված կլինի, հետևաբար, ըստ նրա, ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը կերկարաձգվի։
«Ամենակարևորը հիմա այն է, որպեսզի գոնե պահպանենք այն, ինչ ունենք։ Սա այն անհրաժեշտ նախադրյալն է, որը թույլ կտա որպեսզի Արցախը մնա։ Ինչ վերաբերվում է չորս տարուց հետո՝ ինչ կլինի, կարծում եմ, որ կերկարաձգվի խաղաղապահ առաքելությունը այն պարզ պատճառով, որ դժվար թե 2025 թվականին հակամարտությունը կարգավորվի։ Իսկ խաղաղապահ առաքելությունը սովորաբար դադարեցնում է իր աշխատանքը, եթե կարգավորված է հակամարտությունը համապարփակ ձևով, եթե կարգավորված չէ, էդ դեպքում ի՞նչ տրամաբանություն կա խաղաղապահ առաքելություն բերել տեղակայել ընդամենը չորս տարով, հինգ տարով, եթե նույնիսկ այդ ժամանակահատվածում նույնպես կարգավորված չի լինելու հիմնախնդիրը։ Հետևաբար պետք է պարզապես աշխատենք, ճիշտ աշխատենք, հնարավորինս նվազեցնենք էմոցիաները, սառնասրտորեն մոտենանք, պրոֆեսիոնալ ձևով գործերին մոտենանք, որպեսզի կարողանանք ցանկալի ձևով արդյունքը մեզ համար ձևավորենք», - ասաց Բաբայանը։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա․ ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։
Խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը կարծիք էր հայտնել, թե «Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում»։
«Արցախի կարգավիճակի հարցը չի կարող լուծվել մեկ, երկու, երեք տարում, առավել ևս, որ դրա համար նախադրյալներ չկան»
«Ազատության» դիտարկմանը, թե Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, Բաբայանն այսպես արձագանքեց․ - «Գիտեք, ես չեմ կարծում, որ երբ որ Ադրբեջանը նման բան ասում է, դա ընդունելի է առհասարակ գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության համար։ Դրա համար բոլոր երկրներն էլ՝ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, իրենց հայտարարություններում, ամենաբարձր մակարդակով, խոսել են կարգավիճակի մասին՝ տարբեր համատեքստերում և նշել են, փաստորեն, որ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ՝ սրանով իսկ ուղղակիորեն նշելով և ընդգծելով, որ Արցախն Ադրբեջան չէ, որ դեռևս կարգավիճակի հարցը պետք է լուծվի։ Իհարկե, սա բարդ խնդիր է, մենք բոլորս էլ լավ հասկանում ենք, եթե 30 տարվա ընթացքում չի լուծվել, մինչ այդ էլ 70 տարիների ընթացքում միշտ եղել է հրատապ խնդիրներից մեկը, ուրեմն չի կարող լուծվել մեկ, երկու, երեք տարում, առավել ևս, որ դրա համար նախադրյալներ չկան»։
«Ադրբեջանի կազմում որևէ տեսակի ինքնավարություն չի կարող լինել»
Ադրբեջանը շարունակում է իր «ապակառուցողական, ծավալապաշտական քաղաքականությունը, հայատյացությունն այնտեղ էլ ավելի է ուժեղանում», ասաց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով՝ ակնկալել, որ կփոխվի Բաքվի դիրքորոշումն, իրատեսական չէ։
Բաբայանը նաև շեշտեց՝ Ադրբեջանի կազմում որևէ տեսակի ինքնավարություն չի կարող լինել։ «Տեսք՝ միջազգային հանրությունն էլ պետք է լավ պատկերացնի, որ սա այն կարմիր գիծն է, որը չի կարելի խախտել։ Այսինքն՝ եթե միջազգային հանրությունը մտածում է, որ Արցախը կարող է գոյություն ունենալ Ադրբեջանի կազմում՝ ինչ-ինչ կարգավիճակով, ապա ասեմ հետևյալը, որ դա ունի միայն երկու հետևանք՝ մեկը՝ նոր պատերազմ՝ կոտորածներ, զոհեր, մյուսը՝ պարզապես Արցախի բնակչության մասսայական լքումը՝ հայաթափությունը, այլ տարբերակ չկա»։
«Ազատության» հարցին՝ եթե մեկ տարի առաջ սեղանին դրվեր փոխզիջումային ինչ-որ տարբերակ, որը ենթադրելու էր 5-7 շրջանների վերադարձ կհամաձայնեի՞ն, Բաբայանը պատասխանեց. «Փաստորեն, հիմա Ադրբեջանը ստացել է ավելին, քան ստացել է, և ի՞նչ է, պատրա՞ստ է կարգավորման, բնական է, ոչ: Սա ցույց է տալիս, որ մենք ավելի ճիշտ էինք պատկերացնում Ադրբեջանին, եթե նրա համար այդ 7 շրջաններն էին հիմնական խոչընդոտը, վաղուց լուծված էր հարցը: Սատցել են ավելին՝ 80 տոկոսը Արցախի Հանրապետության տարածքների, և ի՞նչ, նույն ձևի կարծր դիրքորոշում, ավելի վատ, ավելի ագրեսիվ, ավելի ծավալապաշտական»:
«Արցախում ռուսական ներկայության ընդլայնումը կախված է Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքից»
Արցախում ռուսական ներկայության ընդլայնումը, ըստ Բաբայանի, կախված է Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքից:
«Կախված է նրանից, թե ինչպիսի վտանգներ են լինելու տարածաշրջանում, բայց այս պահի դրությամբ ռուսական ներկայությունը՝ նրանք ունեն 2000, մի քիչ քիչ, իրենց կոնտինգենտը այդքան է, բայց պարզ է, որ եթե վաղը Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, այս կոնտինգնետը ռազմական առումով կարող է դիմակայել, բնական է, բայց նրա ներկայությունը ոչ միայն ռազմական է և ոչ այնքան միգուցե, այլ՝ աշխարհաքաղաքական, զսպող», - ընդգծեց Արցախի արտաքին գործերի նախարարը: