Մատչելիության հղումներ

Խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ. Արայիկ Հարությունյան


Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, Արցախի Ազգային ժողովի նիստին նման կարծիք է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանը:

Պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ ըստ նրա:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է նաև, որ արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը «ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար»: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է նա:

Խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը վերջերս ասել էր, թե հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կմնան հինգ տարի։

«Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի», - հայտարարել էր Մուրադովը։

Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG