Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու Արցախում․ ԱԽ քարտուղար


Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում, հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու այնտեղ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր սեղանին կա՞ սցենար, թե ինչ է անելու Հայաստանը, եթե չորս տարի անց Ադրբեջանը հրաժարվի ռուս խաղաղապահների ներկայությունից, ինչի իրավունքն ունի եռակողմ փաստաթղթով։

Նշելով, որ այդ թեման, բնականաբար, իրենց օրակարգում է՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց՝ այն քննարկում են նաև ռուս գործընկերների հետ՝ հասկանալու, թե այդպիսի հնարավոր զարգացման դեպքում ինչպես են համատեղելու քայլերը։

Գրիգորյանն ասաց՝ ամեն ինչ անելու են, որ Ռուսաստանն ավելի երկար մնա Արցախում, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

«Այսինքն՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երկարաժամկետ է նախատեսված, բայց հնարավոր դեպքում, երբ որ Ադրբեջանը չի համաձայնում, մենք կփորձենք համատեղել մեր ուժերը և խնդրին լուծում գտնենք և բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի խնդիրը կարգավորենք, բայց այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են, մեզ հուշում են, որ Ռուսաստանը պլաններ ունի ավելի երկար մնալու», - ասաց ԱԽ քարտուղարը։

Հազարավոր ռուս խաղաղապահներ Ղարաբաղում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից:

Բաքուն պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։ Պաշտոնական Երևանն էլ այդ ամենի ֆոնին պնդում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել, և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ։

Դիտարկմանը, թե զուգահեռ Բաքվից էլ հայտարարություններ են հնչում, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես տեղակայվել են Ադրբեջանի տարածքում, Գրիգորյանն այսպես արձագանքեց․ - «Մենք լսում ենք այդ հայտարարությունները և դրա համար նաև հավելյալ քննարկումներ ենք ունենում»։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հարցին, թե հայ-թուրքական առնվազն հեռակա ուղերձների փոխանակումը կարծես կանգ է առել, արդյո՞ք դիվանագիտական որևէ խողովակով կա շփում Անկարայի հետ, Գրիգորյանը պատասխանեց․ - «Այլ խողովակով չկա։ Գիտեք, որ մենք հայտարարել ենք, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն են հայտարարել, որ մեր տարածաշրջանը լինելու է իրենց օրակարգում։ Մենք մեր Ռուսաստանի գործընկերների հետ աշխատում ենք նաև այս ուղղությամբ, այսինքն՝ արտգործնախարարների մակարդակով քննարկումներ են գնում, թե ինչպես ենք մենք առաջ շարժվելու այս ուղղությամբ։ Ակնկալիքները կարող է շատ մեծ են, որ ամենօրյա կամ ամենշաբաթյա ինտենսիվ գործընթաց է լինելու, բայց իրական քաղաքականության մեջ ամբողջովին էդպես չի լինելու։ Աշխատանքներ տարվում են, բայց հիմնականում դրանք հրապարակային են, և եթե ինչ-որ բան լինում է, մենք խոսում ենք, բայց նաև քննարկում ենք հնարավոր այլ ուղղություններով առաջ շարժվելու, այսինքն՝ մեր ռուսաստանցի գործընկերների հետ մենք քննարկում ենք, թե ինչպես ենք կարողանալու առաջ գնալ»։

Խոսելով մոտ ապագայում Էրդողան-Փաշինյան հանդիպման հնարավորությունից՝ ԱԽ քարտուղարը շեշտեց՝ հայտարարել են, որ բարձր և բարձրագույն մակարդակում պատրաստ են քննարկելու, բայց դրա համար նախապես աշխատանքներ են պետք տանել․ - «Կտեսնենք, թե ոնց ենք շարժվում նաև դեպի այդ կետ, որովհետև հարաբերությունների կարգավորումը ենթադրում է նաև բարձր և բարձրագույն մակարդակում հանդիպումներ»։

Երևանն ու Անկարան վերջին շրջանում հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին հեռակա ուղերձներ են փոխանակում, սակայն որևէ պաշտոնական գործընթաց առայժմ չի մեկնարկել։

Նախ Հայաստանի վարչապետը նշեց, թե դրական ազդակներ կան Անկարայից, ապա Թուրքիան՝ նախագահի մակարդակով հայտարարեց, թե պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Օրերս էլ Էրդողան հայտարարեց , թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG