Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է չգործածել Լեռնային Ղարաբաղ անվանումը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով Ռուսաստանի ՊՆ-ից պահանջում է չգործածել Լեռնային Ղարաբաղ անվանումը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված ՌԴ խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկության մեջ ադրբեջանական բնակավայրերի անունները դեռևս նշվում են հայկական տեղանուններով՝ ընդգծելով՝ «անցանկալի է պարբերաբար հիշատակել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք»։

«Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը համապատասխան տեղեկատվության մեջ նշել մեր երկրի տարածքում գտնվող բնակավայրերի անվանումները՝ մեր պաշտոնական դիմումում նշված ճիշտ տեղանուններով», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը պաշտոնապես ցուցակ և քարտեզ է տրամադրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին և ներկա հրամանատարությանը, ինչպես նաև թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնին՝ «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի բնակավայրերի, որոնք ներառում են ադրբեջանական տեղանուններին համապատասխան անվանումներ: Ադրբեջանը բազմիցս դիմել է պաշտոնական տեղեկատվության մեջ այս անունների օգտագործման վերաբերյալ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, այդուհանդերձ, խաղաղապահ զորախմբի գործունեության մասին այսօրվա տեղեկագրում ևս օգտագործել է ինչպես Լեռնային Ղարաբաղ անվանումը, այնպես էլ Արցախի մյուս հայտնի տեղանունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG