Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
Բաքուն հաղորդել է, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:40-ին, «Բասարկեչարի շրջանի (Վարդենիսի շրջան) դիրքերից տարբեր տրամափաչի զինատեսակներից գնդակոծել են Ադրբեջանի Քելբաջարի (Քարվաճառի շրջան) շրջանի դիրքերը»։
Բացի այս Բաքուն նաև հայտարարել է, թե նոյեմբերի 16-ին՝ ժամը 00:50-ին, «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական անօրինական զինված կազմավորումների անդամները կրակել են Աղդամի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ»։
Ըստ Բաքվի հաղորդման՝ նշված ուղղություններում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։
Ավելի ուշ Արցախի պաշտպանության բանակը ևս ապատեղեկատվություն որակեց Ադրբեջանի հաղորդումը։
Չնայած Արցախում Պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների մասին Բաքվի պարբերական պնդումներին՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրերում նման խախտումներ արձանագրված չեն։
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի դիտարկում են իրականացնում Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ համատեղ՝ Աղդամում տեղակայված կենտրոնից։