Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում, «Ազատությանը», սակայն, որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ընթացող բանակցություններից։
Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։
Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։
Պաշտոնական Մոսկվան ու Երևանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։
Հարցերը միայն ավելացան Լավրովի՝ նախորդ շաբաթ Երևանում հնչեցրած հայտարարությունից հետո, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող։ Ռուսաստանի արտգործնախարարը մանրամասներ չնշեց։
«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարարը:
«Ազատություն»-ը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նույն ռեժիմն է գործելու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան ու Ռուսաստան գնացող ուղիների դեպքում։
Միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար. Փաշինյան
Ադրբեջանի հետ ճանապարհների վերագործարկմանը ժամեր առաջ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում հայտարարելով, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։
«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ` երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։
Վրաստանից ու Իրանից Հայաստանի մտնող ուղևորների ու բեռների անձնագրային ու մաքսային ստուգումները, ինչպես հայտնի է, իրականացնում են հայաստանյան Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետեկամուտների կոմիտեն։
Հայ-ադրբեջանական ճանապարհների նման վերաբացմամբ Երևանը ինչ-որ չափով կզիջի իր ինքնիշխանությունը. վերլուծաբան
Վերլուծաբան Արեգ Քոչինյանի խոսքով՝ եթե վերը նկարագրվածը իրականություն դառնա, ապա հայ-ադրբեջանական ճանապարհների նման վերաբացմամբ Երևանն ինչ-որ չափով կզիջի իր ինքնիշխանությունը։
«Եթե այնտեղ լինում են ռուս սահմանապահներ, եթե այնտեղ լինում են ռուս ուղեկցողներ, եթե, փաստորեն, ինչ-որ հատուկ կարգավիճակ է այդ ամեն ինչը ունենում, ինքը ֆունկցիոնալ իմաստով հենց միջանցքն է: Առավել ևս, եթե նմանատիպ կարգավիճակ չեն ունենում մեր բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները Ադրբեջանի տարածքում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Քոչինյանը՝ հավելելով. - «Այսինքն, եթե իրենք որևէ կերպ անվտանգության հավելյալ երաշխիքներ չեն տալիս, և այնտեղ ռուսներ չեն մասնակցում, իսկ մեզ մոտ մասնակցում են, նշանակում է՝ կա արդեն որակական տարբերություն այստեղի օգտագործվող ճանապարհի, և այնտեղի: Նշանակում է՝ իրենք կօգտվեն այս ճանապարհից, որովհետև իրենք ունեն երաշխիքներ հավելյալ, իսկ մենք չենք օգտվի այն ճանապարհից, որովհետև մենք այդ նույն երաշխիքները չունենք»:
«Այսինքն, ըստ էության, հիմա խոսքը գնում է գործնականում միջանցքի մասին՝ առանց տարածքային փոփոխությունների, և ես չեմ բացառում, որ հենց ի սկզբանե էլ խնդիրը եղել է սա, ուղղակի այդ բոլոր ավելորդ պահանջները, որոնք դրվում էին, դրվում էին հետո զիջման իմիտացիա ստեղծելու համար», - ընդգծեց վերլուծաբանը:
44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարութան համաձայն, տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Նշված է նաև՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, չի հստակեցնում՝ ռուսական կողմը ո՞ր ուղիների վերահսկողությունն է ապահովելու՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևա՞ն, թե՞ նաև Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կամ Ռուսաստան։