Երևանը կառուցողական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին նիստը, որ կայացել է մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ղեկավարում է Հայաստանի հանձնաժողովը։
Նրա խոսքով՝ այս հանդիպմանը քննարկել են հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, բայց հստակ է, որ այն կայանալու է Մոսկվայում։
Հաջորդ շաբաթ կրկին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը, հայտնել է Մհեր Գրիգորյանը։ Նա հավելել է, որ օրակարգում ներառված են երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, և դա սահմանազատման հետ կապ չունի։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ ասել է, որ այժմ կողմերը աշխատում են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, ապա հավելել, որ քննարկումների ընթացքում Բաքուն ու Երևանը կարողացել են մի շարք հարցերի շուրջ մոտեցնել դիրքորոշումները։
Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։