Բաքուն ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի փոխվարչապետերի առաջիկա հանդիպմանը, Երևանը չի մեկնաբանում։
Արտգործնախարարությունը հորդորդում է դիմել փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ առաջարկում են հարցերն ուղղել Արտգործնախարարությանը։ Տեղեկությունը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էր հայտնել։
Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովում համանախագահող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր խոսել է սպասվող հանդիպումից, ասել, որ այն հաջորդ շաբաթ Մոսկվայում է նախատեսվում, բայց փաստաթղթի մասին ոչինչ չի ասել։
«Այդ հանդիպման կոնկրետ օրն այս պահին համաձայնեցվում է։ Իսկ հանդիպման օրակարգում ներառված են տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր»,- ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետի գրասենյակից չեն արձագանքում «Ազատությանը»՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսել Ադրբեջանի արտգործնախարարն, ու արդյոք այնտեղ տեղ կգտնի նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը, թե «բոլոր բացվելիք ճանապարհները պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են»։ 2 օր առաջ Արարատ Միրզոյանն ասում էր՝ այս հարցում ադրբեջանական կողմի հետ պատկերացումների համընկնումներ կան։
Բաքուն նաև շարունակում է պնդել, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել «Զանգեզուրի միջանցք» բացելու պայմանավորվածությունը։ Արարատ Միրզոյանն ասում էր, թե Բաքվի պատկերացումն իրականություն չի դառնում։
«Զանգեզուրի միջանցքն» այն տրամաբանությամբ, որով շրջանառվում էր տարիուկես, երկու տարի շարունակ կամ ամիսներ շարունակ, և որը ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, մեզ համար այդ տրամաբանությունն անընդունելի է, և կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու՝ բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով ու այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են», - ասել էր ՀՀ արտգործնախարարը։
Մեղրիում երկաթուղու շինաշխատանքներ չկան, ասում է ավագանու անդամը
Ադրբեջանը արդեն ժամկետներ է նշում, որ մինչև մյուս տարի դեպի Հայաստանի սահման ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարությունը կավարտեն, մինչդեռ հայաստանցի պաշտոնյաները այս հարցում էլ լուռ են։ Հստակություն չկա ավտոճանապարհների ո՛չ գնի, ո՛չ էլ ուղիների շուրջ։ Ինչ վերաբերում է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցին՝ հայկական կողմից շինարարական աշխատանքներն ընդհանրապես սկսվա՞ծ են ու ի՞նչ փուլում են: Նա տարեսկզբին ձևավորված Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի հայկական աշխատանքային խմբի ղեկավարն է։
Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղին Երասխի հատվածում շուրջ 1 կիլոմետր է, Մեղրիում՝ 45։ Երևանից ավելի վաղ հայտարարում էին, որ հայկական կողմում շինարարությունը կսկսվի, եթե փաստաթուղթ ստորագրվի։ Նախնական հաշվարկներով՝ ամենաերկար հատվածում երկաթգծի շինարարությունը կարժենա մոտ 200 միլիոն դոլար։
Մեղրիում աշխատանքներ չկան, «Ազատության» հետ զրույցում ասում է Մեղրիի ավագանու ՔՊ-ի անդամ Արարատ Թումայանը։ Նրա խոսքով՝ այդ հատվածը 0-ից պետք է կառուցել. «Եթե Ձեր հարցն ուղիղ՝ կատարո՞ւմ են արդյոք աշխատանքներ շինարարական այստեղ, ես ասում եմ՝ որքանով ես տեղյակ եմ, որ տեսանելիության չափերի մեջ, չէ։ Դեռ նախապատրաստական աշխատանքներ էլ չկան։ Զրոյից պետք է կառուցվի, քանի որ այնտեղ և՛ երկաթգծերն են հանված, և՛ փայտերի հենարանները, որի վրա երկաթգծերն են հենվում, ոչինչ չկա», - նշեց նա։
Մինչ այդ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքուն տարածաշրջանային ապաշրջափակմանն է պատրաստվում՝ ակտիվորեն կառուցելով Հայաստանին կապող թեշ երկաթուղին, թե՛ ավտոճանապարհները։ Ալիևները երեկվանից պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում են: Ֆիզուլիում նրանք հետևել են Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությանը, Ջաբրայիլում մասնակցել Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կայարաններից մեկի հիմնարկեքին:
110 կիլոմետր երկարություն ունեցող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու 9 կայարաններից երեքը արդեն իսկ մասամբ կառուցվել են։ Այժմ մեկնարկել է ճանապարհի շինարարության երկրորդ փուլը: Նախատեսվում է երկաթուղու համար կառուցել 3 թունել, 41 կամուրջ։ Այս նախագծի համար Ալիևի կարգադրությամբ շուրջ 183.5 միլիոն դոլար է հատկացվել։ Իսկ անցած հոկտեմբերին Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքն էր կատարել: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ այդ ճանապարհը այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմելու: Ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, որ Ֆիզուլիով, Ջաբրայիլով և Զանգելանով անցնող 123 կիլոմետրանոց այս ավտոճանապարհի շինարարությունն էլ կավարտի 2024-ին։ Դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղու և ավտոճանապարհի կառուցումն թուրքական մի շինարարական ընկերության է հանձնվել։