Մատչելիության հղումներ

Նոր պատերազմի ռիսկ միանշանակ կա․ Conciliation Resources-ի Կովկասյան ծրագրի տնօրեն


«Ազատությունը» տեսակապով զրուցել է Լոնդոնում տեղակայված  Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն դոկտոր Լորենս Բրոերսի հետ: 

«Ազատություն». - Ինչպե՞ս ընդհանուր առմամբ կգնահատեք իրավիճակը պատերազմից ավելի քան մեկուկես տարի անց:

Բրոերս. - Սա չափազանց փխրուն և շատ դինամիկ իրավիճակ է։ Կարծում եմ, 2020-ի նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք բազմաթիվ հետցնցումներ ենք ունեցել: Էսկալացիան շարունակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային պետական սահմանի տարածքում, ինչպես նաև միջադեպեր եղան հենց Լեռնային Ղարաբաղում։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դեռ շատ անկայուն իրավիճակ է, բայց Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա այդ համատեքստն ինքնին փոխակերպվել է, խաղաղ գործընթացում նոր դինամիզմ կա, որին նպաստել է այդ ներխուժումը: Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը զգալի աշխուժություն է դրսևորում՝ զբաղեցնելով այն բացը, որ առաջացել է Մինսկի խմբի փլուզման, իմ կարծիքով՝ վերջնական փլուզման հետևանքով: Եվ մենք տեսնում ենք իսկապես աննախադեպ մի բան՝ ակտիվ բանակցություններ համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ըստ այդմ, իրավիճակը չափազանց դինամիկ է և շատ անկանխատեսելի։

«Ազատություն». - Ինչպես դուք նշեցիք, սահմանային պարբերական սրացումներ են լինում, նոր պատերազմի վտանգ տեսնու՞մ եք:

Բրոերս. Այո՛, միանշանակ։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման նպատակներից մեկն էր ընդգծել սկզբունքը, որ ուժը իրավացի է, որ բռնությունը կարող է օգտագործվել միջազգային հարաբերություններում նպատակների հասնելու համար: Կարծում եմ, որ այս ժամանակահատվածում, հատկապես 2021 թվականի մայիսից հետո, մենք տեսանք պարտադրելու ռազմավարություն, որը վարել է Ադրբեջանը՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, որպեսզի համաձայնի իր պայմաններին։ Բայց սա նորություն չէ։ Միշտ ուժ է գործադրվել՝ փորձելով հակառակ կողմից համաձայնություն կորզել։ Մինչև 2020 թվականը Ադրբեջանի շրջանների օկուպացիան և դրանց հնարավոր վերադարձն էր օգտագործվում որպես Ադրբեջանից զիջումներ կորզելու միջոց։ Այնպես որ, կարծում եմ, ցավոք, կոնկրետ այս հակամարտության համատեքստում ուժը միշտ դիտվել է որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Եվ, ցավոք, ավելի լայն աշխարհում սա այն ուղղությունն է, որով ընթանում է համաշխարհային քաղաքականությունը: Տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր պաշտպանական բյուջեն, և ներդրումներ են կատարվում նոր սպառազինության մեջ։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մեծ ռիսկ կա, որ այս՝ ներկայումս բավականին դինամիկ, բայց շատ փխրուն գործընթացը նույնպես կարող է վերածվել բռնության: Իհարկե, ռիսկ միանշանակ կա:

«Ազատություն». - Այժմ գլխավոր խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է, բայց Ադրբեջանը այս հարցը փակված է համարում: Դուք ի՞նչ ճակատագիր եք տեսնում Լեռնային Ղարաբաղի համար:

Բրոերս. - Սա, ինչպես ասում են, մի հարց է, որի պատասխանը միլիարդ դոլար արժե: Կարծում եմ, որ «կարգավիճակը» դարձել է մի բառ, որը, ցավոք, վերջ է դնում բազմաթիվ քննարկումներին և երկխոսությանը, որ անհրաժեշտ է ավելի լայն խաղաղության հասնելու համար: Մենք պետք է հարցնենք, թե ինչի համար է կարգավիճակը, ինչ կարիքներ ու մտահոգություններ կան, և ում կարիքներին ու մտահոգություններին են վերաբերում կարգավիճակը ու նրա բաղադրիչները: Եվ իհարկե, ի վերջո խոսքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ու քաղաքական ինքնության մասին է։ Բայց եթե այդ քննարկումը սկսենք «կարգավիճակ» բառով, այն կարող է շատ արագ փակվել։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այն, ինչ մենք տեսնում ենք վերջին շաբաթներին, Հայաստանի ղեկավարության ջանքեր են՝ վերակազմավորելու այս քննարկումը, որպեսզի այն լինի իրավունքների և անվտանգության մասին: Եվ դա նաև ինչ-որ կերպ գնդակը տեղափոխում է Ադրբեջանի կիսադաշտ: Ադրբեջանն ասում է, որ ունի հայեցակարգ, ունի ծրագիր, բայց չի հրապարակում այն։ Սա, ցավոք, չի օգնում վստահելի պարտավորություններ ստանձնելու հարցում: Կարծում եմ՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ կբացահայտի այդ ծրագիրը, երբ ստանա Հայաստանի համաձայնությունը խաղաղության պայմանագրին։ Ինչպես էլ որ նայենք սրան, կարծում եմ, որ դրա հիմքում ընկած է մի կետ՝ երբ այս հակամարտության կողմերից մեկը փորձել է գերակայել մյուսի նկատմամբ և պարտադրել իր նախընտրած լուծումը, մյուս կողմը հենվել է արտաքին աջակցության և ուժի վրա՝ հավասարակշռելու փակուղային իրավիճակը: Այստեղ ռիսկն այն է, որ չկա բանակցված և ներառական մոտեցում այս հարցում, ինչը մեկ այլ բաց կստեղծի արտաքին շահերի և ազդեցության համար բանակցություններում և դրանով այս հակամարտությունը կրկին կերկարաձգվի։ Այնպես որ, կարծում եմ, այս փուլում անհնար է ասել, թե վերջնական կարգավիճակի առումով խոսքն ինչի մասին է։ Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք պետք է անենք, առաջին պլան մղել Ղարաբաղի հայերի, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, հարակից շրջաններ վերադարձողների իրավունքներն ու անվտանգությունը: Սա պետք է դիտարկել որպես ավելի լայն փաթեթ։ Բայց Լեռնային Ղարաբաղում կա մի շատ խոցելի համայնք, որը, կարծում եմ, կարիք ունի հատուկ քաղաքականության, որ կվերաբերի իր իրավունքներին ու անվտանգությանը:

«Ազատություն». - Այս համատեքստում Ղարաբաղի անկախության որևէ սցենար դիտարկու՞մ եք:

Բրոերս. - Կարծում եմ՝ այս փուլում շատ դժվար է դա տեսնել։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման արդյունքներից մեկը տարածքային ամբողջականության նորմի շատ ուժեղ ամրապնդումն է, իհարկե, եվրատլանտյան դերակատարների կողմից նաև ավելի լայն աշխարհում: Հիմա կարելի է պնդել, որ եթե Ռուսաստանին հաջողվի Ուկրաինայի ավելի շատ տարածք բռնակցել, ապա դա կթուլացնի տարածքային ամբողջականության նորմը։ Բայց այս պահին, ես կարծում եմ, որ ռուսական ներխուժման փաստը, դրա ձևը և հատկապես Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում, բայց նաև այլուր Ռուսաստանի գործողությունների դեմ շատ կոշտ դիրքորոշումը ամրապնդում են տարածքային ամբողջականության նորմը։ Այնպես որ, այս առումով անջատողականության կամ չճանաչված հանրապետությունների համար նորմատիվ միջավայրն այնքան էլ բարենպաստ չէ ՝ հասնելու իրենց ճանաչմանը։ Ուկրաինա՝ Ռուսաստանի ներխուժման մյուս հետևանքն այն է, որ Եվրասիայում այս բոլոր ենթատեքստերը, անկախ նրանից՝ խոսքը Լեռնային Ղարաբաղի, թե Մերձդնեստրի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի մասին է, կդիտվեն նույն պրիզմայով, կընկալվեն նույն կերպ, ինչպես Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, որոնք դիտվում են որպես հարկադրանքի դիվանագիտության ռուսական արհեստական գործիքներ: Ուստի, ներկայումս շատ դժվար է տեսնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման որեւէ հեռանկար։

«Ազատություն». - Ղարաբաղում ապրող հայերին անվտանգության երաշխիքներ են պետք, ինչի մասին Դուք էլ խոսեցիք, այս պահին դա ռուսական խաղաղապահ զորախումբն է՝ այս կամ այն չափով: Տեսնու՞մ եք հեռանկար, որ այդ առաքելությունը կընդլայնվի, արևմուտքը ևս զորք կուղարկի:

Բրոերս. - Դե, նորից շատ դժվար է կանխատեսել։ Կա մանդատ կամ, ավելի ստույգ՝ պայմանավորվածություն: Ռուսական խաղաղապահ առաքելության համար սահմանված մանդատ չկա, բայց կա ժամկետ մինչև 2025 թվականը, և, իհարկե, շատ են շահարկումները, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը կտան իրենց համաձայնությունը, որ առաքելությունը շարունակվի։ Ու, իսկապես, որո՞նք են ռուսական բացառիկ ներկայության այլընտրանքները: Անվտանգության ավելի լայն փաթեթի տանող պոտենցիալ երթուղիներից մեկը կլինի խաղաղապահների ներկայությունը բազմակողմանի դարձնելը, որը կներգրավի պոտենցիալ այլ պետություններ, որոնք նպաստելու են խաղաղապահ ռեսուրսներով, կամ դա կարող է լինել պարզապես ռազմական դիտորդների մակարդակով: Բենիամին Պողոսյանը մի շատ հետաքրքիր հոդված ունի, որն անդրադառնում է այս խնդրին` դիտարկելով Աբխազիայում ՄԱԿ-ի ներկայությունը որպես նախադեպ: Բայց ես կարծում եմ, որպեսզի դա տեղի ունենա, և այլ պետությունները ներդնեն խաղաղապահ ռեսուրսներ, պետք է հստակ ժամանակացույց լինի ելքի համար: Ռուսական խաղաղապահ ուժերը հակված են անվերջ մնալ այնտեղ։ Այլ երկրների խաղաղապահ ուժերը ցանկանում են ունենալ շատ հստակ ելքի ռազմավարություն։ Եվ որպեսզի դա տեղի ունենա, պետք է ունենալ խաղաղ գործընթաց, որն իրականում ապահովում են բանակցային արդյունքները: Կարծում եմ՝ ապագայում կարող ենք դիտարկել խաղաղապահ այդ առաքելությունը բազմակողմ դարձնելու հնարավորությունը, բայց այս պահին դա կարող է շատ անհավանական թվալ: Մյուս կողմից հարկ է հիշել, որ 90-ականների կեսերին Ռուսաստանը, որը աշխարհում դիտվում էր որպես իր մերձավոր սահմաններին՝ Հարավային Կովկասում գործող նախկին կայսրություն, համաձայնեց բազմակողմ գործընթացի. Համաձայնեց համագործակցել Ֆրանսիայի և Միացյալ նահանգների, իսկ ավելի լայն՝ Մինսկի խմբի հետ՝ այս հակամարտությունում միջնորդելու համար։ Նա արեց դա այն ժամանակ, երբ թույլ էր ու երբ գերիշխող էին լիբերալ ժողովրդավարության գաղափարները, Միացյալ Նահանգներն էլ դիտվում էր որպես համաշխարհային հեգեմոն: Հիմա մենք շատ տարբեր միջազգային բազմաբևեռ համատեքստում ենք: Կարծում եմ, որ դա շատ ավելի դժվարացնում է Ռուսաստանի և արևմտյան տերությունների համագործակցությունը անվտանգության հարցերում: Եվ, իհարկե, այն ավելի է բարդացել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետևանքով։ Շատ կարևոր վերջին դիտարկումը, որ կանեմ այս կապակցությամբ, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ որպես պետություններ ունեն շատ ավելի մեծ հնարավորություններ, քան 90-ականներին: Այնպես որ, շատ բան կախված է Երևանում և Բաքվում կայացվող որոշումներից ու իրականացվող ռազմավարություններից։

«Ազատություն». - Դուք դա շահարկում անվանեցիք, բայց Ադրբեջանն աընդհատ ասում է, որ ռուսները ժամանակավոր են տեղակայվել Ղարաբաղում, երեք տարի անց Բաքուն կպահանջի՞, որ ռուսները հեռանան։ Թույլ տվեք հիշեցնել, որ նոյեմբերի 9-ի պայմանագրով Ադրբեջանն ունի նման իրավունք:

Բրոերս. - Իհարկե, Ադրբեջանն ու Հայաստանը երկուսն էլ իրավունք ունեն մերժել ռուսական խաղաղապահ առաքելության երկարացումը, իսկ Ադրբեջանում այն սովորաբար անվանում են ժամանակավորապես տեղակայված։ Հիմա շատ դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք Ադրբեջանն իրականում կօգտագործի իր իրավունքը՝ հրաժարվելու խաղաղապահ առաքելության շարունակությունից։ Բայց մի դիտարկում այստեղ կարելի է անել. ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է ոչ թե միջազգային մանդատի ուժով, այլ եռակողմ պայմանավորվածությամբ։ Առաքելությունն ինքնին հստակ մանդատ չունի։ Չկան ներգրավվածության հստակ կանոններ, թե ինչպես այն պետք է իրեն պահի ուժի կիրառման դեպքում: Սա կարծես ձեռնտու էր Բաքվին, որը չի ցանկանում իր հողում խորապես ինստիտուցիոնալացված խաղաղապահ առաքելություն ունենալ: Բայց դա նշանակում է, որ խաղաղապահ առաքելությունը բավական առանձնացված ու կտրված է միջազգային մանդատից, որը նրան և՛ հաշվետու կդարձներ, և՛ կնշանակեր, որ դրա դադարեցումը ավելի լայն կոնսենսուսի արդյունք պետք է լինի առ այն, որ դրա կարիքն այլևս չկա: Այս պահի դրությամբ խաղաղապահ առաքելության շարունակությունը կամ դադարեցումը երեք պետությունների միջև երկկողմ կամ եռակողմ պայմանավորվածությունների հարց է։ Իսկ դա նշանակում է, որ սա կարող է գործոն դառնալ, օրինակ, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ավելի լայն սակարկությունների խաղի մեջ: Այնպես որ, շատ դժվար է կանխատեսել, և, ի վերջո, կարծում եմ, որ բոլոր կողմերի համար ավելի լավ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությունը ներառվեր միջազգային մանդատի շրջանակներում, որը կդարձներ այն ավելի հաշվետու:

«Ազատություն». - Գուցե այդ պատճառով Հայաստանում հնչում են մտավախություններ, որ Ադրբեջանը կօգտվի Ռուսաստանի դիրքերի թուլացումից։ Նկատի ունեմ, որ Ուկրաինայի վրա հարձակումից հետո սա այլևս առաջվա Ռուսաստանը չէ:

Բրոերս. - Երբ նայում ենք Հարավային Կովկասում Ռուսաստանի լծակների աղբյուրներին, առաջին հերթին տեսնում ենք տնտեսականը, մասնավորապես՝ Հայաստանի հետ կապված: Տեսնում ենք խաղաղապահ առաքելություններ, որոնք Մոսկվան այժմ տեղակայել է Վրաստանում՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Ադրբեջանում։ Ինչպես նաև տեսնում ենք մեծամասնություն-փոքրամասնություն լարված հարաբերություններ: Կարծում եմ՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա թուլացրել է ռուսական տնտեսական լծակների հեռանկարները։ Եվ դա նաև թուլացրել է Ռուսաստանի՝ որպես անվտանգության դերակատարի ու երաշխավորի, իմիջը։ Ինձ թվում է, պարզ է դարձել, որ Ռուսաստանին որպես անվտանգության երաշխավորի ապավինելը ամենևին էլ նպատակահարմար ռազմավարություն չէ: Ու կարծում եմ, որ հենց դա է մասամբ մղում Հայաստանի ղեկավարությանը վերջին շաբաթներին արտահայտած դիրքորոշմանը, որ ի վերջո Ռուսաստանից փոխառված ուժի վրա ապավինելը կենսունակ, երկարաժամկետ լուծում չէ։ Անշուշտ, Ադրբեջանում էլ են շահարկում, որ դա այլևս նույն Ռուսաստանը չէ, ինչպես դուք նշեցիք, և որ «մենք կարող ենք այլընտրանքներ փնտրել ռուսական խաղաղապահ առաքելությանը»:

«Ազատություն». - Հնարավոր համարու՞մ եք Միսնկի խմբի դե ֆակտո վերականգնումը, դե յուրե այն չի լուծարվել:

Բրոերս. - Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման զոհերից եւս մեկն է։ Շատ առումներով այն արդեն, կարծես, վերակենդանացման բաժանմունքում լիներ դեռ մինչև ուկրաինական պատերազմի սկսվելը: 2021-ի սեպտեմբերին խոսակցություններ կային, որ Մինսկի խումբը վերսկսելու է իր առաքելությունը։ Բայց, որքան գիտեմ, դա տեղի չունեցավ։ Կարծում եմ, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անհնարին դարձրեց համանախագահության կառույցի գոյատևումը, ու մենք տեսանք, օրինակ, Փարուխում իրավիճակի սրման պահին, որ համանախագահող երկրները հանդես են գալիս առանձին հայտարարություններով, և որ Մինսկի խմբի եռանախագահության կողմից միասնական հայտարարություն չեղավ։ Այնպես որ, շատ դժվար է տեսնել, թե ինչպես կարող է համանախագահության այդ կառույցը շարունակել գործել։ Ադրբեջանը, ինչպես գիտեք, տարիների ընթացքում շատ քննադատաբար է վերաբերել Մինսկի խմբին։ Եվ թվում է, որ Եվրամիությունը շատ առումներով տեղափոխվել է մի տարածք, որը հարցեր է առաջացնում, քանի որ հակամարտության առանցքային խնդիրը՝ Ղարաբաղի հայերի քաղաքական ինքնությունն ու անվտանգությունը, մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում: Այսպիսով, այն, թե ինչպես ենք մենք այս տարբեր մանդատները և բանակցային հոսքերը համադրում միմյանց, կարծում եմ, մնում է առանցքային խնդիր: Այնուամենայնիվ, ես տեսնում եմ ապագա հնարավոր դերակատարություն Մինսկի խմբի ավելի լայն շրջանակի համար: Մինսկի խումբը, իհարկե, 11 անդամներից բաղկացած մարմին է։ Եվ եթե Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն բանակցված խաղաղության պայմանագրին, որը նրանք կցանկանան ստորագրել, ապա շատ կարևոր կլինի այդ համաձայնագրի երաշխավորներ ունենալ։ Երբ մենք նայում ենք ավելի լայն Մինսկի խմբին, տեսնում ենք, որ բոլոր անհրաժեշտ դերակատարները, բոլոր այն դերակատարները, որոնց մենք կցանկանայինք տեսնել որպես համաձայնագրի երաշխավոր՝ Ռուսաստանը, Թուրքիան, Եվրամիությունը՝ ի դեմս ԵԱՀԿ-ում ներկայացված իր հինգ անդամների, և Միացյալ Նահանգները, բոլորն այնտեղ են՝ ավելի լայն Մինսկի խմբում։ Այնպես որ, կարծում եմ, դեռ կարող է լինել այդ կառույցի դերը՝ որպես երաշխավոր ցանկացած խաղաղության պայմանագրի, որին կարող են հասնել Երևանն ու Բաքուն։

«Ազատություն». - Ի դեպ, տեսնու՞մ եք մրցակցություն Բրյուսելի և Մոսկվայի միջև կարգավորելու այս հակամարտությունը կամ ուժեղացնելու դիրքերը հարավային կովկասում:

Բրոերս. - Կարծում եմ, շատ լուրջ վտանգ կա, որ Եվրամիություն և ռուսական միջնորդությունները կսկսեն բացահայտ, գիտակցաբար մրցակցել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից որոշ գունեղ հայտարարություններ են հնչել՝ մեղադրելով Եվրամիությանը Ռուսաստանի միջնորդի դերի նկատմամբ ոտնձգության և փոխարինման փորձի համար: Կարծում եմ, Բրյուսելում մեծ ուշադրություն է դարձվել՝ Եվրամիության միջնորդությունը ներկայացնելու որպես հիմնված Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվածությունների և գործընթացների վրա: Բայց այսօր Եվրասիայի քաղաքականության ավելի լայն համատեքստում շատ զարմանալի կլիներ, եթե այդ մրցակցային դինամիկան իսպառ բացակայեր։ Այնուամենայնիվ, թերևս հարկ է հիշել, որ ղարաբաղյան հակամարտությունը միշտ եղել է այս տեսակի բացառիկ տարածք կամ բացառիկ թատերաբեմ, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը այնքան էլ անմիջական մրցակցության մեջ չեն և իսկապես ունեն ընդհանուր հայտարար ու համընկնող շահեր: Մենք տեսանք դա Մինսկի խմբի շրջանակներում, դա այն փաստն է, որ այդ մարմինը նույնիսկ կարողացավ գործել այնքան ժամանակ, որքան գործեց՝ չնայած Եվրասիայի այլ վայրերում առաջացող հակամարտություններին: Եւ այս բացառությունը կարող է շարունակել գործել։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պահպանում է մի տեսակ մենաշնորհ կամ գրեթե մենաշնորհ անվտանգության հարցերի վերաբերյալ, մինչդեռ Եվրամիությունը եկել է տեխնիկական և հեռանկարային տնտեսական առաջարկով, ու դա միակ արտաքին ուժն է, որն ունի այդ տնտեսական կարողությունները: Այսպիսով, կարելի է տեսնել փոխլրացման որոշակի շրջանակ, սակայն, կարծում եմ, մենք կարող ենք նաեւ տեսնել կայունացման տարբեր մոդելների միջև մրցակցության սրումը: Եվրամիությունն աջակցում էր կայունացման ավելի ազատական մոդելին, իսկ ռուսական կայունացման մոդելն ավելի շատ հիմնված է ապստամբությունները, տեղական դժգոհությունները ճնշելու և պետական իշխանությունը բոլոր համատեքստերում համախմբելու վրա: Այդ տարբեր մոդելների միջև եղած տարբերությունները ժամանակի ընթացքում դառնում են ավելի պարզ և պոտենցիալ ավելի խնդրահարույց: Կարծում եմ, որ մենք նույնպես պետք է զգուշավոր լինենք, երբ պատկերացնում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որպես ռուս-արևմտյան, եթե ոչ գործընկերային, ապա լռելյայն համագործակցության բացառիկ տիրույթ։ Մենք դա տեսել ենք տասնամյակներ շարունակ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն հակամարտության կարգավորման փաստացի արդյունքներ դա չի տվել։ Այնպես որ, լավ է, եթե Արևմուտքն ու Ռուսաստանը կարողանան այս համատեքստում խուսափել մրցակցությունից, բայց դա չպետք է լինի հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը պետք է լինի հակամարտության լուծումը՝ բանակցային ու մասնակցային՝ ներառական շրջանակի միջոցով։

«Ազատություն». - Երկաթուղային ու ավոտճանապարահների ապաշրջափական մասին։ Դուք դա իրատեսական համարու՞մ եք ՝ ժողովուրդների միջև թշնամության այպիսի մթնոլորտում:

Բրոերս. - Կարծում եմ, այստեղ շատ խնդիրներ կան։ Այս «միջանցք» բառը բոլորս անդադար օգտագործում ենք վերջին մեկ ու կես տարվա ընթացքում։ Միջանցք հասկացությունն ինձ համար դեռ խնդրահարույց է, քանի որ այն ենթադրում է, որ պետք է ունենալ անվտանգ անցում թշնամու տարածքով, այլ ոչ թե ամբողջական մուտք, երբ մարդիկ կարողանում են ազատ տեղաշարժվել ուր ուզում են: Այնպես որ, ես մտավախություն ունեմ, որ միջանցքների այս հասկացությունը դեռևս կրկնում է հակամարտության դինամիկան: Բայց անգամ մինչև կհասնենք դրա կենսունակության քննարկմանը, միջանցքի շուրջ խոսակցություններն ինքնին բանակցություններում իսկապես խոչընդոտ են դառնում: Ինձ թվում է, որ խնդիրներ կան տարբեր միջանցքների բնույթի շուրջ։ Ինչպիսի՞ն է, օրինակ, Լաչինի միջանցքի բնույթը: Որո՞նք են այդ միջանցքի շահերը, կարիքները և դրա շուրջ մտահոգությունները՝ ի տարբերություն «Զանգեզուրի միջանցքի» կամ հարավային Հայաստանի տարածքով տարանցիկ երթուղու այս հասկացության։ Ի՞նչ կարիքների է ծառայում այդ միջանցքը եւ ի՞նչ մտահոգություններ կան նրա շուրջ։ Արդյո՞ք դրանք համարժեք են: Արդյո՞ք յուրաքանչյուր միջանցքում պետք է լինի ինքնիշխանության միևնույն ռեժիմը։ Կարծում եմ, սրանք այն հարցերից են, որոնք դեռ քննարկվում են։ Եվ ես կարծում եմ, որ կա այս հետաքրքիր տարբերությունը ներքին տարանցիկ երթուղիների և արտաքին տարանցման ուղիների միջև: Ներքին երթուղիներով, օրինակ, տարանցում է կատարվում բուն Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ ավարտվելով նույն պետության սահմաններում, կամ տարանցում Երևանից Նախիջևանով դեպի հարավային Հայաստան, որն, իհարկե, ավելի կարճ ճանապարհ է, քան ներկայիս երթուղին: Դա ներքին տարանցման շատ յուրօրինակ հասկացություն է: Դուք հատում եք ուրիշ պետության տարածքը՝ ձեր պետության այլ տարածք հասնելու համար: Սա բավականին անսովոր համատեքստ է և խորհրդանշում է այն յուրահատուկ աշխարհագրությունը, որ կիսում են Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ դա տարբերվում է արտաքին տարանցումից, որը, օրինակ, Ադրբեջանի տարանցումն է Հայաստանով դեպի Թուրքիա, կամ Հայաստանի տարանցումը Նախիջևանով դեպի Իրան: Կարծում եմ, պետք է շատ զգույշ մտածել միջանցքների տարբեր տեսակների, դրանցից յուրաքանչյուրի կարիքների ու դրանց շուրջ մտահոգությունների, ապա, իհարկե, այդ միջանցքների աշխարհագրության մասին: Ո՞ր երթուղիների մասին է խոսքը։ Դեռ շատ բան կա որոշելու այս հարցերում։ Բայց հուսանք, մի օր մենք դուրս կգանք այն հասկացությունից, որ մարդիկ պետք է տեղաշարժվեն միջանցքներով:

«Ազատություն». - Իմ վերջին հարցը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը մո՞տ է:

Բրոերս. - Ոչ, չեմ կարծում, որ մոտ է։ Ականատես ենք գործընթացի սկիզբին, ու կարծում եմ, որ ովքեր երկար ժամանակ հետևել են այս հակամարտությանը, շատ զգույշ կլինեն խաղաղության պայմանագրի արագ կնքումը կանխատեսելիս: Մենք դեռ շատ հեռու ենք դրանից։ Երկու տարի էլ չի անցել ավերիչ պատերազմից, որը խլեց ավելի քան 7000 մարդու կյանք: Սա դեռ շուտ հում վիճակ է, բայց կա դինամիկա, որը, ես կասեի, աննախադեպ է առնվազն 15 կամ գուցե 20 տարվա ընթացքում, որը մենք տեսնում ենք բանակցություններում։ Եվ դա կարող է նպաստել հարաբերությունների վերափոխմանը, եթե դա ցանկանան Հայաստանն ու Ադրբեջանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG