Մատչելիության հղումներ

Բոլոր ճանապարհները, որ պիտի բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Փաշինյան


ՀԱՊԿ-ն անդամ երկրների անվտանգության ապահովման ոլորտում կարևորագույն գործոններից է, և կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակն այդքան էլ կայուն չէ, ընդունելով կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ հանդիպմանը անդրադարձել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային հաղորդուղիների բացման, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի մասին` կարևորելով միջազգային հանրության աջակցությունը:

Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բոլոր ճանապարհները, որոնք պետք է բացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. «միջանցքային» որևէ տրամաբանություն չի կարող լինել, և սա համընդհանուր ընկալում է, կառավարության փոխանցմամբ` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ դեռևս բաց է մնում 2021թ. մայիսից Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը, ինչի կապակցությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ:

«Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մշտադիտարկման և արագ արձագանքման մեխանիզմների լավարկման շուրջ, ինչը կբարձրացնի կազմակերպության գործունեության և անդամ երկրների անվտանգային մարտահրավերների սպասարկման արդյունավետությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին ստորագրվել է 3 փաստաթուղթ, դրանցից մեկը համատեղ հայտարարություն է, որտեղ խոսվում է միջազգային սպառնալիքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG