Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն «մերձեցրել են մոտեցումները ճանապարհներին առնչվող հարցերի շուրջ» 


Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանն ուղղված Եվրամիության ակտիվ միջնորդական ջանքերի ֆոնին, երեկ Մոսկվայում՝ տևական դադարից հետո, վերստին կայացել է հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ։

Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, չի նշվում։

Մյուս բոլոր հատվածներում հրապարակված հաղորդագրությունները նույն են, ուր նաև նշված է, թե հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը։

Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքէջը լռում է հանդիպման մասին։

«Կողմերի միջև հիմնական հակասությունը վերաբերում է ավտոմոբիլային երթուղուն»

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով, դատելով մոսկովյան հանդիպման վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունից՝ կողմերի միջև հիմնական հակասությունը, ըստ ամենայնի, վերաբերում է ավտոմոբիլային երթուղուն։

«Երթուղու շուրջ էլ, կարծես թե, պայմանավորվածություն չկա, թե որտեղով պետք է անցնի։ Գիտենք որ Ադրբեջանը ցանկանում է, որ ավտոճանապարհն ու երկաթուղին անցնեն Մեղրիով, Հայաստանը, կարծես թե, այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, ինչպես նաև կարգավիճակի հարցով․ Ադրբեջանը ցանկանում է ինչ-որ հատուկ կարգավիճակ տալ այդ ճանապարհին, նվազեցնել հայկական դե ֆակտո վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ՝ օգտագործելով նաև Լաչինի միջանցքը՝ որպես լծակ։ Կարծում եմ, որ այս հարցի շուրջ պայմանավորվածության այս հանդիպման արդյունքում ևս չկարողացան հասնել, իսկ երկաթուղու հարցում երևի մի քիչ ավելի հեշտ է լինելու, որովհետև դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, հիշում ենք, հայտարավել էր, որ երկաթուղիների վերաբացման հարցով սկզբունքային պայմանավորվածության հասել են կողմերը», - ասաց Գրիգորյանը։

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի նախորդ հանդիպումն անցած տարվա դեկտեմբերին էր, և եթե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման ուղղությամբ տեսանելի էին միայն Կրեմլի ջանքերը, ապա անցած տարվա դեկտեմբերից գործընթացին ակտիվորեն միացավ Եվրամիությունը:

Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպում Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ․
Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպում Բրյուսելում, 22-ը մայիսի, 2022թ․

Նախորդ կես տարում, ինչ ռուսական ուղղությամբ դադար էր, Բրյուսելում անցկացվեց Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի ու Ադրբեջանի նախագահաների երեք հանդիպում, որի արդյունքում փոխվարչապետեր Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորությամբ սկսեց գործել աշխատանքային մեկ այլ խումբ՝ սահմանազատման հարցերով։ Այս աշխատանաքային խմբի շրջանակում Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը օրերս հանդիպեցին սահմանին՝ Երասխի ուղղությամբ։

«Դե իրականում Ռուսաստանն անթաքույց խանդով է վերաբերվում Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող այս գործընթացներին, այդ մասին բազմիցս հայտարարվել է նաև հրապարակային մակարդակով։ Հիշում ենք, որ արտգործնախարարության խոսնակը հայտարարում էր՝ Եվրամիությունը փորձում է սեփականաշնորհել ռուսաստանյան միջնորդական ջանքերի արդյունքները, և հիշում ենք նաև, որ շաբաթներ առաջ տեղի ունեցավ հանդիպում արտգործնախարարների մակարդակով Դուշանբեում՝ ռուսական միջնորդությամբ։ Առաջին հերթին նպատակ են հետապնդում ցույց տալ, որ Ռուսաստանն, ի հեճուկս, ռուս-ուկրաինական պատերազմով զբաղվածության, փորձում է այնուամենայնիվ ձեռքը զարկերակի վրա պահել», - ասաց քաղաքագետը։

Երեկ, «Ազատությանը» հետ հարցազրույցում, Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, թե Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում, և միտք էլ չունի։ Եվրոպացի դիվանագետը միաժամանակ հավելել է, որ այժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն զգուշանում են Կրեմլից՝ աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։

Մոսկվան ակնհայտ դժգոհությամբ է արձագանքում Բրյուսելի միջնորդական այս ջանքերին․ շաբաթներ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ Արևմուտքին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ»՝ պնդելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեծացրել են դիվանագիտական ակտիվությունը՝ հրաժարվելով համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG