Մատչելիության հղումներ

Էրդողանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերը «խնդիրների լուծման ուղղությամբ»


«Ղարաբաղում հաղթանակը նշանավորել է Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը»` վերացնելով կայուն խաղաղության և համապարփակ կարգավորման խոչընդոտները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի քայլերից՝ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Թուրքիան աջակցում է կողմերի ջանքերին սահմանային խնդիրների լուծման, խաղաղության համաձայնագրի մշակման և տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ։ Այդ ջանքերի հաջող իրականացումը օգուտ կբերի բոլորիս, մեր ողջ տարածաշրջանին», - շեշտել է Էրդողանը։

Նա ուրախալի է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին նիստը, որ կայացել է մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին, նաև հայտարարել է, թե առաջընթաց է գրանցվել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

«Մենք նաև անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», - նշել է Թուրքիայի առաջնորդը։

Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են, օրերս պնդել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում հայ-ադրբեջանական համաձայնություններին։

XS
SM
MD
LG