Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստում Հայաստանը չթաքցրեց իր դժգոհությունը 


Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների այսօրվա հանդիպմանը, որի ընթացքում անպակաս էին Կրեմլի առաջնորդած դաշինիքի ամրության մասին հայտարարությունները, Հայաստանը չթաքցրեց իր դժգոհությունը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե ադրբեջանական ուժերի ներխուժումից մեկ տարի անց էլ ՀԱՊԿ-ի արձագանքի հարցը բաց է մնում։

«Նեղ, այնուհետև լայն ձևաչափով նիստերի արդյունքում ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հետ քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում իրավիճակի զարգացման միտումները և մեր պետությունների անվտանգության վրա դրանց ազդեցությունը։ Անդրադարձել ենք նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերին, որը, ինչպես գիտեք, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է։ Հունվարին կազմակերպությունը ժամանակին արձագանքեց Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններին, սակայն առ այսօր բաց է մնում հարցը՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժման հետ, որը սկսվեց 2021թ. մայիսին», - ասաց ԱԳ նախարարը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Միրզոյանի կողքին կանգնած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անարձագանք թողեց այս դժգոհությունը։

Ավելի քան մեկ տարի առաջ՝ անցած տարվա մայիսի 12-ին, ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք՝ դիրքեր զբաղեցնելով Սյունիքի Սև լճի շրջանում և Գեղարքունիքում:

Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Պաշտոնական Երևանը խորհրդակցություններ սկսելու համար դիմեց ՀԱՊԿ-ին, հաջորդ օրն իսկ՝ մայիսի 13-ին հրավիրված անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությանյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ` առաջին` միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ երկրորդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգրելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար, երկրորդ` միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ 2010թ. դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»:

Մեկ տարի անց ադրբեջանական զինուժը նույն դիրքերում է։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ը առարկայական որևէ օգնություն չցուցաբերեց իր հիմնադիր անդամներից մեկին։ Մայիսյան ներխուժումից կես տարի անց՝ անցած տարվա նոյեմբերի 14-ին, ադրբեջանցիները նոր հարձակում ձեռնարկեցին Սյունիքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը զոհեր, վիրավորներ ու գերիներ տվեց։ Դարձյալ ՀԱՊԿ-ը նույնիսկ Ադրբեջանին դատապարտող հայտարարություն չարեց։

2011-2020թթ. Ադրբեջանն իր ներմուծած սպառազինության 2/3-րդը ստացել է Ռուսաստանից ու Բելառուսից. SIPRI

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն` 2011-2020թթ. ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին ու երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանը Հայաստանի դաշնակից համարվող երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը`ավելի քանի 2/3-րդը։

Այդքանով հանդերձ Հայաստանի արտգործնախարարն այսօր կարևորեց համագործակցությունը ռազմական դաշինքի հետ. «Կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու լինել ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը և նպատակադրված է անդամ պետությունների միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում` կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման զարգացման ապահովմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀԱՊԿ դերի ակտիվացմանը»։

Ամփոփելով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների երևանյան հանդիպումը՝ խոսեց նաև դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, թե իրականում իրավիճակը դյուրին չէ ՀԱՊԿ պատասխանատվության երեք՝ կենտրոնաասիական, կովկասյան և արևմտյան ուղղություններում։ Սակայն իրավիճակը վատանում է արևմտյան կամ, ինչպես Զասն ասաց, արևելաեվրոպական ուղղությամբ։ Հիշեցնենք` այստեղ Ռուսաստանը փետրվարից Բելառուսի անթաքույց օգնությամբ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։

Բացվելիք ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին

Արտգործնախարարներին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, և բացվելիք ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Հայաստանի ղեկավարը նաև խոսել է ղարաբաղյան հիմնախնդրից՝ առանցքային համարելով Արցախի կարգավիճակի հարցը։

Մյուս ուրբաթ Երևանում սպասվում է ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG