Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելը «չի շփվում Մոսկվայի հետ և միտք էլ չունի»


Բրյուսել - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 22-ը մայիսի 2022թ.
Բրյուսել - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 22-ը մայիսի 2022թ.

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելն իր քայլերը Ռուսաստանի հետ չի համադրում, և միտք էլ չունի՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ավելին, եվրոպացի դիվանագետն ասել է, թե այժմ և՛ Երևանը, և՛ Բաքուն զգուշանում են Կրեմլից՝ աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության ու Ռուսաստանի միջև որևէ շարժ չկա, և ոչ էլ մտադրություն՝ ռուսների հետ շփվելու։ Երկու կողմն էլ վախեցած են Մոսկվայից, անգամ եթե դա հրապարակավ ցույց չեն տալիս, հատկապես, այն ամենի ֆոնին, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում։ Երկուսն էլ գիտակցում են, որ հաջորդը կարող են իրենք լինել»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը, հավելելով, - «Ռուսաստանը գուցե կանգնեցրել է պատերազմը, սակայն ակնհայտ է, որ գործընթացի շարունակությունը տեղի է ունենում Բրյուսելում, ոչ թե Մոսկվայում։ Եվ այն, որ կողմերն այդքան հաճախ են գալիս Բրյուսել, դրա վկայություններից մեկն է»։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները անցած կես տարում միայն երեք հանդիպում են ունեցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գլխավորությամբ, ընդ որում, վերջին երկուսը եղել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո։

Մոսկվան ակնհայտ դժգոհությամբ է արձագանքում Բրյուսելի միջնորդական այս ջանքերին․ շաբաթներ առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակավ Արևմուտքին մեղադրեց «ռուս-ադրբեջանա-հայկական հայտնի պայմանագրերի թեման ամենաբարձր մակարդակով յուրացնելու անամոթ փորձերի մեջ», պնդելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը մեծացրել են դիվանագիտական ակտիվությունը՝ հրաժարվելով համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում։

Ավելի վաղ այդ մասին բացահայտ խոսել էր նաև Ռուսաստանի արտգործնախարարը՝ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ»

Հայկական կողմը պարբերաբար խոսում է միջնորդական խմբի կարևորության մասին, և ամիսներ առաջ դիմել էր համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Որևէ արձագանք չէր եղել։ Պատասխանելով այս մասին «Ազատության» հարցին, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է՝ միջնորդական ձևաչափը թեև դե յուրե կա, բայց՝ դե ֆակտո չի գործում։

«Պաշտոնական հայտարարություն, որ Մինսկի խումբը մեռած է, չի լինելու, բայց այն այլևս կենսունակ չէ», - ասել է դիվանագետը, հավելելով՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Արևմուտքում ընդհանրապես չեն ուզում, որ որևէ բան կապված լինի Բելառուսի կամ՝ Մինսկի հետ։

Այդ դեպքում ինչպե՞ս են Արևմուտքում պատկերացնում հետագա զարգացումները, հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմից հետո Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարության մեջ հստակ նշվում է՝ Մոսկվան առնվազն հինգ տարի ոչ միայն իր խաղաղապահ առաքելությունն է ունենալու Ղարաբաղում, այլև վերահսկելու է ճանապարհը Նախիջևանի և Ադրբեջանի միջև, երբ կողմերը ապաշրջափակման շուրջ համաձայնության գան։

«Ինչ վերաբերում է Նախիջևանի ճանապարհին և հաղորդակցության մյուս կետերին, որոնք պետք է հսկվեն Ռուսաստանի կողմից՝ այո, այդպես է, և առայժմ այդպես կլինի, սակայն գաղափարն այն է, որ դա ի վերջո փոխվի։ Որևէ մեկը, իհարկե, չի կասկածում, որ դրա համար տևական ժամանակ է պահանջվելու», -ասել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան՝ չհստակեցնելով՝ ինչպես են կողմերը փոխելու դրույթները, որոնք նոյեմբերի 9-ից հետո անխտիր բոլորն էին ողջունել։

«Վերջին հանդիպումը սիրառատ չէր, բայց առաջընթաց կա»

Առայժմ հստակ չէ նաև բանակցությունների թերևս ամենավիճահարույց՝ Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը։ Բաքուն պնդում է, որ նման խնդիր այլևս գոյություն չունի, Երևանը պահանջում է, որ նախ Ղարաբաղի անվտանգության ու հայերի իրավունքների, ապա՝ կարգավիճակի հարցը ճշգրտվի։ Եվրոպական խորհրդի նախագահը, անդրադառնալով այս տարաձայնություններին, այս շաբաթ հայտարարեց, թե «հարաբերությունների կայուն կարգավորման համար պետք է քննարկվեն հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը, ընդ որում՝ խնդրի բոլոր մասնակիցների կողմից։

Արդյո՞ք Եվրամիությունը նկատի ունի նաև Ղարաբաղի մասնակցությունը, և ի՞նչ լուծում են տեսնում Բրյուսելում անվտանգության ապահովման ու կարգավիճակի համար՝ հարցին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է՝ «ակնհայտ է, որ դա ինչ-որ պահի լինելու է բանակցությունների սեղանին, բայց՝ ոչ հիմա, քանի որ ամենադժվարն է, և ժամանակից շուտ բանակցությունները ծանրաբեռնելու կարիք չկա»։

Այս փուլում, ըստ «Ազատության» զրուցակցի, ամենակարևորն այն է, որ կողմերը շարունակում են շփումները՝ չնայած տարաձայնություններին։ «Վերջին հանդիպումը սիրառատ չէր, բայց առաջընթաց կա», - ասել է նա՝ առանց հստակ մանրամասների։

Չնայած և՛ Երևանը, և՛ Բաքուն հավաստիացնում են, թե պատրաստ են գնալ խաղաղության, իրավիճակը սահմանին կրկին պարբերաբար սրվում է։ Բրյուսելյան հանդիպումից հետո ադրբեջանական կրակոցից ևս մեկ հայ զինծառայող զոհվեց, նախագահ Ալիևն էլ, վերադառնալով Բաքու հայտարարեց, թե Փաշինյանը ընդունել է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում՝ համաձայնել զանգեզուրյան միջանցք բացել։ Երևանը հերքել է, բանակցություններին ներկա Շառլ Միշելը՝ ափսոսանք հայտնել։ Միջնորդներից որևէ մեկը, սակայն, Ալիևի վերջին հայտարարություններն ու կրակոցները չեն դատապարտել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG