Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները. Իրանի դեսպան 


Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին

Սահմանազատման և հաղորդակցական ուղիների վերագործարկման շուրջ հայ-ադրբեջանական ակտիվացած բանակցությունների ֆոնին՝ Իրանը վերստին ընդգծում է, որ տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նաև հայտնեց, որ Թեհրանը աջակցում է տարածաշրջանային ապաշրջափակմանը։

«Բարեբախտաբար, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ մասնագիտական խմբերի հանդիպումները լավ արդյունքներ են տալիս։ Որքանով տեղեկացված ենք լրատվամիջոցներից, որոշ թյուրիմացություններ լուծվում են։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքներն ու կանոնները, և բանակցությունները լինեն կառուցողական։ Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս երկրների արդյունավետ բանակցությունների արդյունքում։ Բնական է, որ հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է այս ճանապրհները բացել և կապ ստեղծել։ Այդ ամենը պետք է տեղի ունենա՝ հարգելով երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Իրանը կաջակցի բոլոր այն հարցերին, որոնք համապատասխանում են միջազգայնորեն ճանաչված կանոններին և օրենքներին», - ասաց դեսպանը։

Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումն օրերս կայացավ սահմանին՝ Երասխի ուղղությամբ։ Պաշտոնյաները գլխավորում են և՛ սահմանազատման, և՛ տրանսպորտային ապաշրջափակման հանձնաժողովները։ Վերջինիս աշխատանքներում ներգրավված է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Մհեր Գրիգորյանի գրասենյակից նախորդ շաբաթ «Ազատությանը» հայտնել էին, որ կառավարությունում հույս ունեն մոտ ապագայում Ադրբեջանի ու Իրանի հետ ստորագրել երկաթուղու վերագործարկմանն առնչվող փաստաթղթեր։

Երեկ էլ Ադրբեջանի արտգործնախարարն էր առանց հստակ մանրամասների հայտնել, թե առաջիկայում տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման շուրջ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի։

Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու աշխատանքները սկսվել են

Դեսպան Զոհուրին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց՝ սկսվել են Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու աշխատանքները. «[Կապանում իրանական հյուպատոսություն հիմնելու] աշխատանքները սկսվել են, բայց համապատասխան տարածք դեռ ձեռք չենք բերել։ Այս հարցում հայկական ու իրանական կողմերը պետական մակարդակով համաձայնել են։ Հայաստանի սահմանակից շրջանները կարող են շատ սերտ համագործակցություն ունենալ Իրանի սահմանակից նահանգների՝ օրինակ՝ Արևմտյան Ատրպատականի հետ։ Ակնհայտ է, որ երկու սահմանակից նահանգների համագործակցությունը կարող է շատ մեծ առավելություններ ունենալ»։

Մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կհանգեն գազի սվոփի շուրջ

Իրանի դեսպանի հաջորդ ուշագրավ հայտարարությունը վերաբերում էր Երևանի ու Թեհրանի միջև գազի սվոփի շուրջ առաջիկայում սպասվող պայմանավորվածությանը։

«Մոտ երկու շաբաթ առաջ Երևանում անցկացրինք հայ-իրանական միջկառավարական տնտեսական 17-րդ նիստը, և այդ նիստի շրջանակում քննարկված կարևոր թեմաներից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Համագործակցության մի մասը վերաբերում է գազի սվոփին։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ օրերս Իրան կատարած այցը շատ լավ արդյունքներ է ունեցել։ Հավանաբար, մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջև մենք կունենանք համագործակցություն սվոփի տեսքով», - ասաց նա։

Դեսպանը այլ մանարամասներ չհայտնեց։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին

Նախորդ շաբաթ Թեհրանում ընդունելով Սանոսյանին՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, ըստ իրանական Shana լրատվական գործակալության, հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է գազի սվոփային գործարքի՝ իր գազամուղերը տրամադրել Թուրքմենստանից գազ ստանալու և նույն քանակի իրանական գազ Հայաստանին փոխանցելու համար։

Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը

Թե որքանով են առարկայական այս բանակցությունները, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» խոստացան արձագանքել ավելի ուշ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը

Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո՝ մոտ երկու շաբաթ առաջ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ Իրանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև 2030թ.-ը երկարաձգել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող համաձայնությունը և դրա շրջանակում ավելացնել ներմուծվող իրանական բնական գազի ծավալը՝ տարեկան հասցնելով մինչև 600 միլիոն խորանարդ մետրի։ Ներկայում այն 365 միլիոն խորանարդ մետր է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG