2.5 ամիս անց էլ Երևանը Բաքվից պաշտոնական պատասխան չի ստացել խաղաղության բանակցություններում նաև Հայաստանի 6 կետերը ներառելու առաջարկի վերաբերյալ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Կետերից մեկը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցն էր։
Թեև պաշտոնական պատասխան չկա, բայց Իլհամ Ալիևը օրերս հայտարարել էր՝ Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Հայաստանի արտգործնախարարը հակադարձեց՝ հարաբերությունները պետք է կարգավորվեն երկու կողմի առաջարկների հիման վրա, որտեղ նաև արցախցիների իրավունքների հարցը կա։
Երևանը ընդունելի էր համարել Բաքվի առաջարկները, այդ թվում՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։ Փոխնախարարն ասում էր՝ որոշում չկա՝ խաղաղության բանակցությունները երբ կանցկացվեն ու ի՞նչ օրակարգով։
«Բարդ է ասել, իհարկե, կա կողմերի նախնական պայմանավորվածություն, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում են, նաև բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները», - ասաց Պարույր Հովհաննիսյանը:
Զորքերի հայելային հետքաշման՝ Հայաստանի առաջարկը սեղանին է և ուժի մեջ, այսօր պնդում էր արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Մինչդեռ սահմանազատման աշխատանքների մեկնարկի համար անցած մայիսին զորքերի հետքաշում առաջարկող վարչապետը արդեն այս տարի հայտարարում էր՝ առաջարկը պնդելը կարող էր ընկալվել իրավիճակը փակուղի մտցնելու քաղաքականություն։ Սահմանազատման հանձնաժողովում նախագահող Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կայացել է մայիսի վերջին, ժամկետները չեն հստակեցվել, բայց երկրորդի պայմանավորվածությունն ևս կա՝ կանցկացվի Մոսկվայում։
«Քննարկումները սկսվել են, այդ առաջարկը սեղանին է, այդ առաջարկին մեր մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Ինչպես ասացի՝ բանակցությունների ընթացքում կտեսնենք ինչպես կլինի», - ասաց փոխնախարարը:
«Ազատության» դատարկմանը՝ «հայկական կողմը վերջին շրջանում չի պնդում հայելային հետքաշումը, ինչո՞վ է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը», Հովհաննիսյանը պատասխանեց. «Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում, բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք ներկա չենք, բանակցային սեղանի շուրջ ինչպես է գնում: Չեմ կարող բացահայտել, ինքս էլ մաս չեմ բանակցային թիմի, բայց հայտնի է, որ այդ հարցում մեր դիրքորոշում անփոփոխ է և մեր առաջարկն ուժի մեջ է: Այսինքն բանակցությունների ընթացքում, թե ինչպես է արձագանքում այլ կողմը ես չեմ կարող ասել, բայց մի բան կարող եմ ասել, որ ինչպես վարչապետն էլ մի շարք առիթներով նշել է, մեր դիրքորոշում անփոփոխ է այդ հարցում»:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում կրկնել է մի քանի օր առաջվա հայտարարությունը՝ ընդհանուր ընկալում կա, ապաշրջափակվող տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են։
«Բոլորիդ հայտնի են այդ շահարկումները և ահա տեսնում ենք, որ շատ հաճախ դրանք անհիմն են», - ասաց Միրզոյանը:
Միրզոյանը՝ կադրային հարցերի մասին
Նախարարը խոսեց նաև կադրային հարցերից։ Վերջին երկու տարվա ընթացքում մարտահրավերները փոխվել են։ Արտգործնախարարությունը, ինչպես պետական կառավարման համակարգը, կադրերի էական թարմացման կարիք ունի։ Միրզոյանն անդրադարձել դեսպանների քաղաքական նշանակումներին։ Ապագայում ևս, վստահ էր, կլինեն այդպիսի նշանակումներ։
Մասնավորապես, Լիլիթ Մակունցի նշանակման ժամանակ քննադատությունը չէր մարում՝ դիվանագիտական փորձ չունեցող մարդ է նշանակվում ԱՄՆ-ում նման կարևոր պաշտոնում։ Հետագայում իշխող թիմի այլ անդամներ ևս դեսպանի պաշտոններ ստացան՝ Սոս Ավետիսյանը՝ Իսպանիայում, Հովհաննես Իգիթյանը՝ Լիտվայում։
«Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպանների պաշտոններում, դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, դա եղել է հեղափոխությունից հետո, եղել է մինչև պատերազմը, պատերազմից հետո և վստահաբար կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներ եք հարցնում դեսպանների, ապա պետք է ասեմ, որ այդ դեսպանները չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր լավագույն դեսպաններից են», - նշեց արտգործնախարարը:
Թե՛ նախարար Միրզոյանը, թե՛ նրա տեղակալ Հովհաննիսյանն Ազգային ժողովում էին եկել մասնակցելու անցած տարվա բյուջեի կատարողականին։ Բայց ի տարբերություն նախարարի, փոխնախարարի ելույթը լսելու համար հանձնաժողովը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջել աշխատանքը։ Փոխնախարարի ուշացումն էլ պատճառը, այն անհարգելի համարած Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյանը, սակայն, այդպես էլ լրագրողներին չպարզաբանեց՝ ի՞նչ պատճառով էր Հովհաննիսյանն ուշանում։ Իսկ ինքը՝ փոխարտգործնախարարը գալով՝ հարկ չհամարեց անդրադառնալ տեղի ունեցածին։