Մատչելիության հղումներ

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր համար ստանալ առավելագույնը, բայց պարզ չէ, թե ինչ է ուզում ստանալ Հայաստանը. Տիգրան Աբրահամյան


«Ազատության» հյուրը «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։

«Ազատություն». – Բրյուսելյան հանդիպումից հետո հնչում են հայտարարություններ, այդ թվում և նախօրեին այս տաղավարում Եվրամիության հատուկ ներկայացուցչի կողմից, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։ Առաջընթաց չէ՞։

Աբրահամյան. – Սրա հետ կապված դիրքորոշումներ են ներկայացնում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, բայց հենց սկզբունքային գիծը, որը պետք է դրվի և ներկայացվի հայաստանյան իշխանությունների կողմից, դրանք չեն ներկայացվում։ Օրինակ, երբ որ ասում ես՝ ինչո՞ւ ինքնորոշման իրավունքը չի բերվում առաջին պլան, ասում են՝ գիտեք, դա գործընթացին խանգարում է, եթե մենք դրա մասին հայտարարություն անենք, կամ, օրինակ, հայտարարենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բանակցային գործընթացը կարող է տապալվել։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ ցանկացած հանդիպումից առաջ իշխանությունը պետք է ելնի և առավելապաշտական հայտարարություններ անի։ Բայց խնդիրը այն է, որ եթե դու մտնում ես մի գործընթացի մեջ, ապա քո համար դու պետք է ունենաս սկզբունքներ։ Հիմա ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը, միջազգայնորեն դրա ճանաչումը կարծում եմ, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետության սկզբունքը։ Այն սկզբունքը, որը, օրինակ, ամրագրված էր Մադրիդյան փաստաթղթով։

«Ազատություն». – Դա չի՞ կարող հետո բխեցվել իրավունքների պաշտպանությունից, երբ պարզ դառնա, որ հայերը Ադրբեջանի կազմում չեն կարող համակեցությամբ ապրել, գոյատևել, հետևաբար պիտի ինչ-որ կարգավիճակ տրվի նրանց։

Աբրահամյան. – Ոչ։ Մենք չենք կարող Արցախում ապրող 100-120 հազար մեր հայրենակիցներին տանել այդ մշուշոտ ճանապարհով և ասենք, որ հետագայում, եթե չստացվի, կասենք չի ստացվել, եկեք վերադառնանք բանակցություններին

«Ազատություն». – Ոչ, բանակցություններում արդեն ցույց տալ, որ դա անհնար է՝ նկատի ունենալով անցյալը։

Աբրահամյան. – Բանակցություններում Ադրբեջանին նման բան չեն կարող ուղղակի ցույց տալ։ Ադրբեջանի համար ակնհայտ է իրավիճակը, ակնհայտ է Հայաստանի համար, որովհետև մենք էս պրոցեսի մեջ ենք երկար տարիներ, այն դերակատարները, ովքեր գործընթացի մեջ են եղել, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով, առանձնահատկություններին տիրապետում են։ Այստեղ կա սկզբունքների սահմանման հարց։ Պայմանական առումով երբ որ ընդդիմությունը ասում է՝ կարմիր գծեր պետք է սահմանենք, դրանք հենց այն սկզբունքներն են, որոնք պետք է դրվեն դրա հիմքում։ Եթե դու հիմա չես սահմանում սկզբունքը... Օրինակ, 2017-ի նույն մադրիդյան փաստաթուղթում, որը մեր երազանքի փաստաթուղթը չէր, կար երեք սկզբունք՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը, տարածքային ամբողջականության և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները։ Հիմա Հայաստանը չի սահմանում իր սկզբունքը, ասում է՝ Արցախի ժողովրդի կամ Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքների ազատության հարցը մենք բարձրացնում ենք։ Ադրբեջանը երկար տարիներ ասում է՝ այո, մենք խնդիր չունենք, Արցախում ապրող այդ մարդիկ մեր քաղաքացիներն են, նրանք պաշտպանված են մեր օրենքներով և Սահմանադրությամբ։

«Ազատություն». – Մենք ցույց ենք տալիս, որ դա այդպես չէ։ Եթե այդպես լիներ, հայերը Շուշի կվերադառնային, Հադրութ կվերադառնային։

Աբրահամյան. – Խնդիրը այն է, որ եթե դու մոտեցում, դիրքորոշում ես ներկայացնում, դա պիտի լինի փաստարկված, դա լինի հնարավորինս անխոցելի։ Բայց Հայաստանն ի սկզբանե ներկայացնում է մոտեցում, որը ունի մեծ խոցելիություն, Ադրբեջանի համար մեծ մանյովրի հնարավորություն։ Եվ այս իրավիճակում մենք կանգնում ենք այսպիսի եզրագծի և ասում ենք՝ գիտեք, սա այսպիսի խնդիր էր, մենք սա չենք կարողանում, արդյունքում նշաձող ենք իջեցնում և այլն։

«Ազատություն». - Սկզբունքորեն դե՞մ եք, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով ճանապարհ ունենա դեպի Ռուսաստան, և հակառակը՝ իրենք Նախիջևան հասնեն՝ եթե ճանապարհը ռուսների ուղեկցությամբ հսկվի։

Աբրահամյան. - Փաթեթի տրամաբանության հարցն է, թե ռեգիոնալ ապաշրջափակման գործընթացը ինչպես տեղի կունենա, ինչ փաստաթղթով կլինի և ինչ ամրագրումներ կլինեն։ Նույն սահմանազատման հարցը երբ որ առաջին պլան է բերվում, խնդիրը այն չէ, որ մենք ինչ-որ փուլում ունենալու ենք սահմանազատման գործընթացը։ Խնդիրը այն է, թե դրա հիմքում ինչ փաստաթուղթ է դրված։ Իսկ որևէ մեկը չգիտի դրա տակ ինչ քարտեզներ են դրված, ինչ իրավական կարգավորում է դրված։ Բայց ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է իր համար ստանալ առավելագույնը, բայց պարզ չէ, թե ինչ է ուզում ստանալ Հայաստանը։ Որովհետև պաշտոնյաների մի մասն ասում են՝ Հայաստանի հատվածում կան ադրբեջանական տարածքներ, ադրբեջանական ակնլավներ։ Ադրբեջանը, բնականաբար, այս մասին հայտարարություններ չի անում։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք ներկայացնում ենք ադրբեջանական հավակնությունների բավարարման մեր մոտեցումները։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG