Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, երեկ զգուշացրել է այդ երկրի նախագահը՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
Իլհամ Ալիևը նաև մանրամասնել է՝ ինչ պայմաններ է պահանջում Բաքուն այդ ճանապարհի համար. - «Նախ և առաջ՝ նրանք մեզ պետք է անխոչընդոտ անցում տան Զանգիլանի ու Օրդուբադի միջև, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները և ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթևեկեն Ադրբեջանից Նախիջևան, պետք է ազատորեն անցնեն, առանց որևէ զննության ու մաքսային վարչարարության»։
Անցած շաբաթ էլ նույնը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր ասել, պնդելով, թե Բաքուն, նման պահանջ դնելով, հիմնվում է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթղթի վրա, ըստ որի, Հայաստանը պետք է «անխոչընդոտ տեղաշարժ ապահովի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»։
Ալիևը երեկ ավելի հեռուն է գնացել ու պնդել, թե Ադրբեջանի համար կարևոր է ոչ միայն այդ ճանապարհի բացումը, այլև անվտանգությունը։
«Ես բազմիցս եմ ասել Հայաստանի իշխանությոններին, որ Հայաստանի տված երաշխիքները մեզ համար բավարար չեն։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհի 42-43 կմ հատվածի անտվանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, և այդ պարտավորությունը պետք է կատարվի», - հայտարարել է Ալիևը։
Հայաստանի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, թե ապաշրջափակման դեպքում սահմանի վերահսկողություն իրականացնելու է միայն հայկական կողմը։ Երևանը նաև շարունակում է պնդել, որ ոչ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, ոչ էլ Ադրբեջանի հետ բանակցություններում «միջանցքային տրամաբանություն չկա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել մաքսային ու սահմանային դյուրացված ռեժիմի, բայց ոչ՝ անխոչընդոտ անցման հարց. Խանդանյան
Բաքուն մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու պահանջը
Այն, որ կողմերի մոտեցումները շարունակում են մնալ խիստ իրարամերժ՝ ակնհայտ էր նաև երեկվա հարցազրույցի մյուս շեշտադրումներից։ Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հրապարակավ ասաց, թե մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու՝ հայկական կողմի պահանջը։
«Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Դա պետք է լինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան երկրներ, մեզ երաշխավորներ պետք չեն», - կրկին պնդել է Ալիևը։
Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, քանիցս ընդգծել է՝ խաղաղության հասնելու համար կարևոր է ոչ միայն պայմանագիր ստորագրել, այլև ամրագրել դրա երաշխավորների կամ երաշխիքների մեխանիզմը։
«Հակառակ դեպքում ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ», - ասել էր Հայաստանի վարչապետը։
Ալիևը երեկ փաստացի հակադարձել է՝ կա՛մ ստորագրում են Բաքվի պայմաններով, կա՛մ չեն ստորագրում։
«Սա մեր երկու երկրներին վերաբերող հարց է, մենք ինքներս էլ պետք է այն լուծենք։ Եթե գանք համաձայնության, խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե չգանք, ուրեմն՝ բանակցությունները կշարունակվեն կամ կդադարեցվեն։ Երկու տարբերակն էլ հնարավոր է», - ասել է Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առանց միջնորդների բանակցելու Բաքվի կոնկրետ առաջարկի դեպքում Երևանը կմտածի ընդունել այն, թե ոչ. ԱԺ պատգամավորԲաքուն մերժում է զորքի հայելային ետքաշման՝ Երևանի առաջարկը
Ալիևը մերժել է նաև զորքի հայելային ետքաշման՝ Երևանի առաջարկը, ավելին, պնդել, թե սեփական բանակը մեկ քայլ անգամ ետ չի գնալու վերջին տարիներին Հայաստանից օկուպացրած տարածքներից։ Ընդ որում, Ալիևը Հայաստանի հանդեպ այդ հարձակումները բնորոշել է որպես «սահմանի ճշտում»։
«Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Փոխարենը Ալիևը Երևանից է պահանջել «օկուպացված ութ գյուղերը», նշելով, որ մշտապես քննարկում է այդ հարցը Հայաստանի վարչապետ հետ։
Ըստ Ադրբեջանի առաջնորդի՝ ինքն ու Փաշինյանն այդ թեմային անդրադարձել են նաև անցած ամիս Սանկտ Պետերբուրգում՝ ոտքի վրա տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Ակնկալում եմ, որ սահմանազատման հանձնաժողովների այս ամսվա նիստում հստակություն կմտցվի այս հարցում», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս․ Ալիև
«Կան անկլավային ու ոչ անկլավային գյուղեր։ Ոչ անկլավային չորս գյուղերը անխոս պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է անկլավներին՝ այս դեպքում պետք է փորձագիտական խումբ ստեղծել ու քննարկել։ Մենք կարծում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն, այդ անկլավներում մարդկանց բնակեցնել, և հատուկ պայմաններով ճանապարհներ ստեղծել՝ այդ անկլավներ հասնելու համար։ Սա է մեր դիրքորոշումը, իսկ թե որն է Հայաստայի դիրքորոշումը, չենք կարողանում հասկանալ», - հայտարարել է Ալիևը։
Հայկական կողմն էլ իր հերթին է պնդում, թե Ադրբեջանը Հայաստանից տարածքներ ու վարելահողեր է գրավել անկախացումից հետո, և որ այս հարցը պետք է քննվի սահմանագծման ու սահմանազատման ընթացքում։ Երևանն առաջարկում է այդ գործընթացն անել 1975 թվականի քարտեզների հիման վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ութ գյուղերի», վիճահարույց տարածքների հարցը կլուծվի սահմանազատմամբ. Սանոսյան
Ալիևը երեկ դա էլ է մերժել։
«Մեր պատասխանը շատ պարզ է, և ուզում եմ այսօր այդ մասին բաց խոսել։ Գաղտնիք չէ, որ ХХ դարում ադրբեջանական հողերը մաս առ մաս տրվել են Հայաստանին։ 1918-ին՝ ադրբեջանական դեմոկրատական հանրապետության հիմնադրումից մեկ օր անց Իրևանն է, ցավոք, փոխանցվել Հայաստանին, թեև որևէ հիմք դրա համար չի եղել, դա հինավուրց ադրբեջանական քաղաք է», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Նույն տրամաբանությունն, ըստ Ալիևի, գործել է նաև խորհրդային տարիներին, ինչի արդյունքում, իր իսկ խոսքով, Ադրբեջանը 100 հազար քառակուսի կիլոմետրից դարձել է 86, 6 հազար։
«Այսինքն, նրանք ուզում են մի կողմ թողնել 1960 ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները և հղում անել հենց՝ 70 ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել և ընդդիմանում ենք դրան», - նշել է Ալիևը։
Ալիևը պնդել է, թե կողմ է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի
Չնայած այս տարաձայնություններին՝ Ալիևը պնդել է, թե կողմ է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ «որքան շուտ, այնքան՝ լավ», իսկ սահմանազատման հարցը թողնվի ապագային, քանի որ «դա կարող է երկար շարունակվել»։
«Այնպես չէ, որ մենք պնդում ենք, թե պայմանագիրը պետք է ստորագրվի մեր պայմաններով, բայց, կարծում եմ, որ մեր պայմաններն ամենաարդարն են»,-ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը կարող է ընդունել սահմանազատումը խաղաղության համաձայնագրից տարանջատելու՝ Բաքվի առաջարկըԱյդ «արդար» մոտեցումներով, ըստ Ալիևի, Ադրբեջանը հաջողել է նաև խաղաղության պայմանագրի տեքստից հանել հղումները Ղարաբաղի վերաբերյալ։ Ըստ նրա՝ հայկական կողմն ու դաշնակիցները փորձել են նախ կարգավիճակի հարցը ամրագրել, չեն հաջողել, հետո ցանկացել են դրույթ ներառել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության մասին, ինչին ի պատասխան Ադրբեջանը պահանջել է ամրագրել նաև Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների իրավունքների ու անվտանգության հարցը։
«Հենց դա էր բանակցությունների անարդյունավետության հիմնական պատճառը», - ասել է Ալիևն ու պնդել, թե հայկական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում արդեն որևէ բառ չկա ո'չ Ղարաբաղի, ո՛չ Ղարաբաղի հայերի վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների հարցը բանակցությունների օրակարգում է. փոխարտգործնախարար
Ալիևը չի շրջանցել նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին, կրկին պնդելով, թե նրանք «հանցագործներ են»։
«Այդ խմբավորումից պակասում են երկուսը և նրանք գտնվում են Իրևանում»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց անուններ տալու։
Ի դեպ, Ալիևը հրապարակավ ասել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո իր, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև բանավոր համաձայնություն է եղել, ըստ որի, Ղարաբաղում ոչինչ չպետք է փոխվի, ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես կա։ Ըստ Ալիևի՝ Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունները խախտել են այդ պայմանավորվածությունը՝ ստիպելով Բաքվին գործողությունների գնալ։
Ալիևը հայերից և Հայաստանից բացի նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիային է քննադատել ու մեղադրել Կովկասում լարվածություն հրահրելու, Հայաստանին զինելու և հերթական պատերազմի պատրաստելու համար»։