Կհամաձայնի արդյո՞ք Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ առանց միջնորդների։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասում է՝ երբ կլինի կոնկրետ պաշտոնական առաջարկ, հայկական կողմը կմտածի՝ ընդունել, թե ոչ։
Պաշտոնական Բաքուն վերջին շրջանում ակտիվորեն խոսում է երկկողմ՝ առանց միջնորդների հանդիպման մասին։ Նախ անցած տարվա դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Բաքուն առաջարկում է արտգործնախարարների հանդիպում անցկացնել սահմանին։ Օրերս էլ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնականը վերահաստատեց՝ նախընտրում են ուղիղ քննարկումները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Բաքվի այս առաջարկին դեռևս չի արձագանքել։
«Ազատություն». - Պարո՛ն Խանդանյան, եթե Ադրբեջանն ասում է՝ եկեք առանձին հանդիպենք՝ առանց որևէ միջնորդի։ Այդպիսի առաջարկը մերժվո՞ւմ է, թե՞ ընդունելի է։
Սարգիս Խանդանյան. - Ես կարծում եմ՝ ուղիղ այդպիսի առաջարկ, կոնկրետ պայմաններով, տեղով, ժամով Հայաստանին դեռ չի հնչել, չի արվել։ Եվ երբ լինի այդպիսի առաջարկ, Հայաստանը կմտածի դրա ուղղությամբ՝ ընդունել, թե մերժել, բայց այդ հրապարակային հայտարարությունները մենք չենք կարող վերագրել որպես կոնկրետ առաջարկներ։
«Ազատություն». - Այսինքն՝ կլինի կոնկրետ պաշտոնական առաջարկ, հրավեր, որից հետո նոր կլինի արձագանք հայկական կողմից։
Սարգիս Խանդանյան. - Այո՛։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահն ընդգծում է՝ խաղաղության պայմանագրի տեքստային տարբերակն այս պահին էլ երկկողմ է քննարկվում, և Երևանն ու Բաքուն պարբերաբար միմյանց են ուղարկում են իրենց առաջարկները։
Այս պարագայում, Սարգիս Խանդանյանի խոսքով, կարևոր է, որ Ադրբեջանն ընդունի դեռևս անցած տարի երկու երկրների առաջնորդների կողմից համաձայնեցված հայտնի սկզբունքները։ Հենց բանակցությունների արդյունավետությունը ապահավովելու նպատակով է հայկական կողմը պնդում միջնորդների առկայությունը, որպեսզի «դիվանագիտական փոխհրաձգությունն անդադար չշարունակվի», որպեսզի բանակցությունները նորմալ հուն վերադառնան, և Բաքուն վերահաստատի հավատարմությունը այն սկզբունքներին, որոնց նախապես համաձայնել է։
Սարգիս Խանդանյան. - Եվ հիմա էլ մենք ուրախ կլինենք, եթե որևէ կողմ, որևէ միջնորդ, որոնք արդեն իսկ փորձ ունեն բանակցությունները կազմակերպելու, նախաձեռնեն, և Հայաստանը, ինչպես գիտեք, բազմիցս իր համաձայնությունն է հայտնել այդպիսի ֆորմատներում շարունակել աշխատանքը։ Ադրբեջանն է, որ հրաժարվում է դրանից։
«Ազատություն». - Այսինքն՝ հայկական կողմը շարունակում է պնդել, որ պետք է լինի միջնորդ բանակցություններում։
Սարգիս Խանդանյան. - Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, և որ հայկական կողմի բոլոր սկզբունքային հարցերը պետք է բանակցությունների միջոցով հասեցագրվեն։
«Ազատություն». - Իսկ արդյունավետության համար կարևո՞ր է, որ լինի այդ միջնորդը։
Սարգիս Խանդանյան. - Արդյունավետության համար շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանն ի վերջո այն սկզբունքները, որոնք համաձայնեցվել են երկրների առաջնորդների կողմից նախորդ տարվա հուլիսին, այդ սկզբունքների շուրջ վերջնական գրավոր համաձայնություն հայտնվի։ Ի վերջո, բանակցությունները ավելի շուտ բովանդակության մասին են, քան ձևի, և այստեղ շատ կարևոր է, որ բովանդակությունը արդյունքներ տա։
«Ազատություն». - Այսինքն՝ եթե Ադրբեջանը համաձայնի Հայաստանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի կետերին, ապա միջնորդի կարիք չի՞ զգացվի։
Սարգիս Խանդանյան. - Դե եթե համաձայնվի, դա կարտացոլվի արդեն Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի հաջորդ խմբագրումներում, և արդեն կհասկանանք, թե երբ է հնարավոր ստորագրել պայմանագիրը։
Այս պահին որևէ հարթակում բանակցությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չկա. Խանդանյան
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս պահին որևէ հարթակում՝ թե՛ արտգործնախարարների և թե՛ երկու երկրների ղեկավարների մակարդակով, բանակցությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Սակայն, Հայաստանը պատրաստ է մասնակցել ցանկացած բանակցության, որն արդյունավետ կլինի։
Այս պահին խաղաղության պայմանագրի նախագիծը յոթերորդ խմբագրմամբ Երևանում է։ Ադրբեջանն իր տարբերակն ուղարկել էր նոյեմբերի վերջին։ Պայմանագրի տեքստը չի գաղտնազերծվում։
Ամերիկացի համանախագահը Երևանում է
Ի դեպ, Երևանում է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։ Այսօր նա Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Պարզ չէ, սակայն, արդյոք ամերիկացի դիվանագետը փորձում է արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպել։ Անցած տարեվերջին արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները Բաքուն չեղարկեց՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով կողմնակալության մեջ։
ԱԺ իշխանական պատգամավորն ասում է, թե ԱՄՆ-ն բավական շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատելու գործընթացում, Հայաստանում տեսնում են այդ ջանքերն ու աշխատանքները։ Բայց իրենց ակնկալիքն ԱՄՆ-ից և մյուս գործընկերներից այն է, որ էլ ավեի շատ ջանքեր գործադրեն, էլ ավելի ակտիվ լինեն, որպեսզի կյանքի կոչվեն այն սկզբունքները, որոնց Հայաստանը հավատում ու պաշտպանում է։