2023 թվականը Բաքուն Հեյդար Ալիևի տարի էր հռչակել՝ երկարամյա առաջնորդի 100-ամյակի պատվին։
20 տարի առաջ նրանից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը հաճախ էր կրկնում՝ հոր երազանքն էր՝ Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում և քայլ առ քայլ մոտենում էր այդ նպատակին:
44-օրյա արյունալի պատերազմից հետո Ղարաբաղի համար կարևոր բոլոր բարձունքներին արդեն ադրբեջանական զորքն էր նստած, տարեսկզբից՝ Ադրբեջանը փակեց նաև Արցախն աշխարհին կապող ճանապարհը, գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումն էլ դարձավ հովհարային՝ ըստ Ադրբեջանի քմահաճույքի։ Թեև կարգախոսը բնապահպանական էր, բայց պաշտոնական մամուլն արդեն բացահայտում էր իրական նպատակը․ - «Ռեսուրսները սպառվելու սովորություն ունեն, թերսնված մարդկանց համբերությունն էլ մի ինչ-որ պահի կարող է հատվել, ինչն էլ կստիպի հայերին ծնկաչոք գալ և ընդունել Ալիևի վերջնագիրը՝ Ադրբեջանի հպատակություն»։
«Հայաստանը զինված ուժեր է պահում Ղարաբաղում և ապօրինի զենք-զինամթերք տեղափոխում»․ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այդ երկրի մյուս պաշտոնյաների այս մեղադրանքների ֆոնին նախ տեղի ունեցավ «Խայփալու»-ի արյունահեղությունը․ 15 ադրբեջանցի զինվորականներ հարձակվեցին Արցախի ոստիկանական մեքենայի վրա՝ սպանելով երեք հայերի, որոնք անտառային ճանապարհով հերթական հերթափոխն էին իրականացնում։ Բաքուն հայտարարեց, թե նրանք Հայաստանից զինամթերք էին տեղափոխում Արցախ։ Այս դրվագն, ըստ էության, դարձավ Հակարիի կամրջին տեղադրվելիք անցակետի նախերգանքը։
Օրեր անց Լաչինի միջանցքը փակած «Էկոակտիվիստներին» փոխարինելու եկան մինչև ատամները զինված սահմանապահներ՝ վերահսկողության տակ առնելով դեպի Արցախ տանող ճանապարհը։
Ամիսներ շարունակ նրանք ստուգում էին ԿԽՄԿ-ի մեքենաները, երբեմն՝ առևանգում այդ մեքենաներով Հայաստան՝ բուժման գնացող հայերին, որ հետո նրանց մեղադրանքներ ներկայացնեն 90-ականների պատերազմի վերաբերյալ։ Թեև այդ ճանապարհն անվտանգության երաշխավոր ուներ՝ ի դեմս ռուս խաղաղապահների, նրանք պարզապես լուռ հետևում էին անցուդարձին։
«Հակարիի կամրջին անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը», - մայիսին հայտարարում էր Ալիևը և անմիջապես հավելում՝ սրանով Բաքուն չի բավարարվելու, և շարունակում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել բանակին։
Մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի հետ ավելի քան մեկ տասնյակ համատեղ զորավարժություններ անցկացրեց, սպառազինության նորանոր գործարքներ կնքեց, այդ թվում՝ Եվրամիության անդամ Իտալիայի հետ, ամրապնդեց ռազմական համագործակցությունը վաղեմի դաշնակից Իսրայելի հետ։
«Ինչո՞ւ, որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Մեծանում են սպառնալիքները, մեծանում է վտանգը, և մենք միշտ պետք է ի վիճակի լինենք հաղթահարելու ցանկացած սպառնալիք»,- մեկնաբանում էր Ադրբեջանի առաջնորդը։
Չնայած ամիսներ ձգվող շրջափակմանը, գազի, հոսանքի, դեղորայքի բացակայությանը, պարենային սուր ճգնաժամին, ադրբեջանական դարպասներին ծնկաչոք հայերի տեսարաններն ուշանում էին։ Բաքուն է՛լ ավելի խստացրեց ճնշումը։
Օգոստոսի վերջին նախ հրադադարը խախտվեց Հայաստանի սահմաններին։ Հայկական կողմը երեք զոհ ունեցավ, Ադրբեջանը երեք վիրավորի մասին հաղորդեց։ Վարչապետ Փաշինյանն ահազանգեց՝ Ադրբեջանը զորք է կուտակում Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
Սոցցանցերը հեղեղված էին ադրբեջանական բանակի և զինտեխնիկայի կուտակումների մասին տեսանյութերով։ Թվում էր՝ բանակին հրահանգված է «հավսար, զգաստ», մնում էր՝ «կրակ» հրամանը հնչեր։ Դա էլ չուշացավ։
Սեպտեմբերի 19-ին առավոտյան Բաքուն պնդեց, թե ինը ամիս շրջափակված, սովի մատնված Ղարաբաղի բանակը երկու ուղղություններով հարձակվել է տասնյակ անգամներով իրեն գերազանցող, Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի վրա։
Դա դարձնելով պատրվակ՝ Բաքուն սկսեց «հակաահաբեկչական գործողությունը», որի մասին մամուլը գրում էր շաբաթներ շարունակ։ Լայնածավալ հրետակոծության տակ էին քաղաքներն ու գյուղերը, թեև մինչ այդ Ալիևը Արևմուտքին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների իշխանություններին վստահեցրել էր՝ կրակ չի բացի խաղաղ բնակչության վրա։
«Ադրբեջանը մեծ պատերազմ է սկսել, որի ընթացքում [հայկական կողմը] մի քանի հարյուր վիրավոր ունի և շուրջ 100 զոհ», - նույն օրը Reuters-ին պատմում էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ տեղի ունեցողը որակելով «էթնիկ զտում»։
Ստեփանակերտի մատույցներ հասած ադրբեջանական զորքը կրակը դադարեցրեց մեկ օր անց միայն, երբ Ստեփանակերտը վայր դրեց զենքը։ Օրեր անց հաղորդվեց, թե նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախը լուծարելու, բանակը զինաթափելու մասին։
Հանրապետության գոյությունը երեք տասնամյակ հերքող ադրբեջանական մամուլն առանձնահատուկ ցնծությամբ դիմավորեց այդ լուրը, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունը։ Ալիևը մինչդեռ ձեռնաշղթաներով ու նվաստացումներով նրանց բանտարկելուց հետո անգամ չէր դադարեցնում սպառնալիքներն ու ծաղրը։
«Ադրբեջանի դրոշը ծածանվում է Խանքենդիում և դա պետք է նրանց համար դաս լինի։ Նրանք կարծում էին, թե իմ ասածը դատարկ խոսքեր են: Ո՛չ: Այն ամենն, ինչ ասել եմ, իրականացրել եմ, դա բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան հայրենական պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները։ Եթե Հայաստանում որևէ ուժ դեռ ռևանշի մասին է մտածում, թող ուշադիր նայի այդ կադրերը», - հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը։
Հոկտեմբերի կեսերին Ադրբեջանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ, երկրի ղեկավարը Ստեփանակերտ մտավ։
«Պատմական այցը» հայտնի սցենարով էր՝ տեսախցիկների առաջ ծնկի գալ, համբուրել դրոշը։ Տասնամյակներ շարունակ իր համար անհասանելի այդ քաղաքում նախագահ Ալիևը ոգևորությունը չէր թաքցնում՝ լուսանկարվում էր մեկ նախագահական նստավայրում, մեկ՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, միջանցքում, պատշգամբում ու կռիվ տալիս անգամ դրոշի հետ։
Հոկտեմբերյան այդ օրը Արցախի 100 հազար բնակիչները՝ բացառությամբ մի քանի հոգու, արդեն լքել էին իրենց դարավոր հայրենիքը։ Հեռացողների համար, ինչպես խոստացել էր Ադրբեջանի ղեկավարը, Լաչինի միջանցքը բաց էր։
«Բռնի տեղահանում», «էթնիկ զտում»
«Բռնի տեղահանում», «էթնիկ զտում», այսպես են արևմտյան առաջնորդները կատարվածը բնորոշում։ Բաքուն հակադարձում է, թե իբր Ղարաբաղի հայերը ինքնակամ որոշեցին արտագաղթել, մինչդեռ Ադրբեջանի «բազմազգ» պետությունը նրանց համար ինտեգրացիայի գայթակղիչ պլաններ ուներ։ Ծրագիրն, ի դեպ, հրապարակվեց, երբ Ղարաբաղում հայեր գրեթե չէին մնացել։
Ադրբեջանցի անկախ լրագրող Շահին Ռզևի խոսքով՝ «Ալիևի վարչակազմի համար իդեալական է Ղարաբաղն առանց հայերի տարբերակը, որի համար այդքան ջանքեր էին գործադրել։
«Ես էլ չէի վստահի Ադրբեջանի իշխանություններին։ Անձամբ ես ինձ դնում եմ ղարաբաղցի հայերի տեղը և հասկանում եմ, որ դա ինձ համար կլիներ չլուծվող դիլեմա։ Ես, ամենայն հավանականությամբ, կհեռանայի, քան կընդունեի երեկվա թշնամու քաղաքացիությունը», - ասել էր Ռզևը։
Ղարաբաղյան հակամարտության գծով հեղինակավոր փորձագետ Թոմ դե Վաալի խոսքով՝ Բաքուն անկեղծ չէր վերաինտեգրման հարցում և Արևմուտքում նույնպես կիսում են իր այդ կարծիքը։
«Ակնհայտ է, որ ռազմական գործողությունը կոչված էր՝ վախեցնելու և ահաբեկելու ղարաբաղցիներին, որպեսզի նրանք հեռանան», - ասել է Թոմ դե Վաալը։
Հայերը հեռացան, Արցախի տեղանունները դարձել են ադրբեջանական, ամենուր այդ երկրի դրոշներն են։ «Քարաբախ բիզիմդիր»,- Ստեփանակերտում ադրբեջանական բանակի ռազմական շքերթին հայտարարեց Իլհամ Ալիևը՝ թերևս ինքն էլ գիտակցելով, որ տարիներ շարունակ իր շուրթերից հնչող այդ բառակապցությունը առաջին անգամ է իրականությանը լիարժեք համապատասխանում։
«Մենք բոլոր խնդիրները լուծել ենք, բայց հարցերը, որոնք վերաբերում են բանակաշինությանը, առաջիկայում ևս կմնան մեզ համար առաջնային։ Թող յուրաքանչյուրն իմանա, որ այսուհետ մեզ հետ պետք չէ կատակել։ Մենք ենք թելադրողն այստեղ», - հայտարարում էր Ալիևը։
Տասնամյակներ շարունակ Բաքուն պնդում էր, թե Ղարաբաղն է Հայաստանի հետ խաղաղության հիմնական խոչընդոտը, սակայն Արցախը գրավելուց հետո էլ Ալիևը չմեղմեց դիրքորոշումը։ Տարեվերջին նա արևմտյան միջնորդությամբ առնվազն չորս հանդիպում տապալեց՝ տարբեր պատճառաբանություններով։
Ու մինչ դիվանագետները շտապում էին Բաքու՝ բանակցային գործընթացը վերականգնելու, Ալիևը կրկին անակնկալի բերեց բոլորին՝ հայրենասիրական էյֆորիայի ֆոնին որոշելով գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։
Ինչո՞ւ հենց հիմա, ի՞նչ փոխվեց, և ե՞րբ՝ չիմացվեց. բռնապետական երկրում նման հարցերը ընդունված չեն։
Վերլուծաբանների ենթադրում են միայն, որ Ադրբեջանի երկարամյա ղեկավարը փորձում է օր առաջ ամրագրել հաջորդ՝ յոթամյա ժամկետը, քանի դեռ պայմաններն իր համար նպաստավոր են։
Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, ի դեպ, ընտրատեղամասեր կբացվեն նաև Ղարաբաղում ու հարակից յոթ շրջաններում՝ հնարավորություն տալով Ալիևին հայտարարել, թե նա ընտրվել է ողջ՝ 86․600 քառկուսի կիլոմետրանոց Ադրբեջանի կողմից։
Ընդդիմությունը բոյկոտում է փետրվարի 7-ին կայանալիք ընտրությունները։
Թեև ոչ ոք չի կասկածում, որ Ալիևը հերթական «շռնդալից» հաղթանակն է տոնելու, նա մինչ այդ ջերմեռանդորեն չեզոքացնում է երկրում մնացած վերջին ընդդիմադիրներին ու անկախ լրագրողներին։
Չնայած Արևմուտքի հորդորներին՝ կես տարուց ավելի է՝ բանտում է նաև հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն։
«Նա միայն մեկ մեղք է գործել՝ ասել է ճշմարտությունն ու բացահայտել երկրում համատարած կոռուպցիան», - ասում է տնտեսագետի դուստրը՝ տարակուսելով՝ այսքանից հետո ինչո՞ւ է Արևմուտքը տարբերություն դնում Ալիևի ու Պուտինի միջև։
«Չգիտես ինչու, Ալիևը Եվրոպայում համարվում է լավ բռնապետ։ Բայց դա այդպես չէ։ Ալիևի և Պուտինի միջև տարբերություն չկա։ Այդ դեպքում ինչո՞ւ Պուտինի նկատմամբ վերաբերմունքն Ալիևի դեպքում չկա։ Նույն այդ պատժամիջոցները Ադրբեջանի դեպքում կարող են ավելի արդյունավետ լինել, քան Ռուսաստանի, քանի որ վերջինն ավելի ուժեղ երկիր է»,- պնդում է Ժալա Բայրամովան։
Հարյուր հազար մարդու հայրենիքից զրկելու, հարևան երկրի տարածքները օկուպացնելու, սեփական քաղաքացիների իրավունքները ոտնահարելու համար պատժամիջոցներ, սակայն, չեղան։
«Տպավորություն է, ասես հիմա՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին, Ադրբեջանը պետք է բոլորին», - տարեվերջին գրեց ամերիկյան «Բլումբերգ»-ը։
Ճիշտ այդ օրերին հայտնի դառձավ, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հեղինակավոր գագաթնաժողովը հաջորդ տարի անցկացվելու է Ադրբեջանում։ Երկրում, որը ժողովրդավարության ցուցանիշներով աշխարհի ետնապահներից է, և հայտնի է որպես մոլորակի ամենաաղտոտված, էկոլոգիապես կործանված վայրերից մեկը՝ նավթի արտահոսքերի պատճառով։