Խաղաղության պայմանագրի ադրբեջանական վերջին առաջարկներում որոշակի հետընթաց կա, արտգործնախարարն այսօր հույն գործընկերոջ հետ ճեպազրույցում վերահաստատեց նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։
«Հունվարի 4-ին, կարծեմ, արդեն մենք փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Այո, ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով տեքստի որոշ մասերում և որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ», - ասաց Արարատ Միրզոյանը։
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շարունակեց, որ այնուամենայնիվ, փաստաթղթի այս կամ այն հոդվածի առաջընթացից ու հետընթացից առավել առանցքային խաղաղության բանակցությունների սկզբունքների պահպանումն է. դրանցից առաջինը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է առանց երկիմաստությունների։
«Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, և վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի։ Նաև հասկանալիորեն եթե երկրների միջև սահմանների սահմանազատման գործընթացը կարող է երկար ժամանակ տևել, առնվազն խաղաղության պայմանագրում մենք պետք է տեսնենք այն հստակ հիմքերը, որոնց վրա պետք է հետագայում ընթանա սահմանազատման գործընթացը», - նշեց արտգործնախարարը։
Դեկտեմբերի վերջին Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել խաղաղության գործընթացից առանձին։
Դժվար կլինի ասել, թե տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, եթե Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ. նախարար
Արտգործնախարարն այսօր անդրադարձավ նաև հաջորդ սկզբունքին՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Ըստ նրա՝ դժվար կլինի ասել, թե Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, եթե Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։
«Օրինակ՝ այն, որ այդ ենթակառուցվածքները պետք է մնան կոնկրետ այդ երկրների ինքնիշխանության ներքո, մասնավորապես հայաստանյան հատվածը ենթակառուցվածքների՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, դրանք պետք է գործեն մեր իրավազորության ներքո, և ամեն ինչ, իհարկե, պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքներով», - շեշտեց նա։
Բաքուն վերջին շրջանում կրկին պնդում է, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին։
«Կրկին, եթե միայն Ադրբեջանը կարողանա օգտագործել հայկական, ենթադրենք, երկաթուղիները, և Հայաստանը չկարողանա օգտագործել ադրբեջանական երկաթուղիները, դա դժվար թե արդար, հիմնարար և երկարատև լուծում համարվի», - նկատեց նախարար Միրզոյանը։
Երևանը շահագրգռված է բանակցությունների շարունակմամբ
Բաքուն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների մակարդակով պլանավորված վերջին բոլոր հանդիպումներից հրաժարվելուց հետո սկսել է հայտարարել, որ նախընտրում է բանակցությունների ուղիղ ձևաչափը։ Կբանակցի արդյո՞ք Երևանը Բաքվի հետ ուղիղ, «Ազատությունը» հարցն ուղղեց Հայաստանի արտգործնախարարին։ Հստակ այո կամ ոչ պատասխան Միրզոյանը չտվեց, սակայն նշեց, որ ըստ էության, Երևանը միշտ էլ Բաքվի հետ ուղիղ է բանակցել։
«Եղել են երկրներ, կողմեր, որոնք ֆասիլիտացրել են այդ հանդիպումները, կազմակերպել են, երբեմն կառուցողական առաջարկներով են փորձել հանդես գալ կամ կամրջող ձևակերպումներով, բայց միևնույն է՝ բանակցությունները միշտ էլ եղել են երկկողմ, և մենք շահագրգռված ենք բանակցությունների շարունակմամբ»։
Հիմա Երևանը սպասում է Բաքվի համաձայնությանը հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Մինչ այդ Վաշինգտոնն է շարունակում ակտիվ ջանքեր գործադրել արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. նախօրեին Երևանում էր ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը, ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի, եկել էր Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու նպատակով։
Երևանից Բաքու նա չի մեկնել, համենայն դեպս, առայժմ նման լուր չկա։
Աթենքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ
Հունաստանի արտգործնախար Յորղոս Գերապետրիտիսի խոսքով՝ Աթենքը ևս պատրաստ է իր ներդրումն ունենալ Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։
«Մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացում պետք է հստակորեն հասցեագրված լինեն սահմանների դելիմիտացիայի հարցերը, որպեսզի հետագայում բախումներ չլինեն։ Կողմերը պետք է շարունակեն աշխատել այս ուղղությամբ։ Կարծում եմ՝ կա լուրջ, իրատեսական հնարավորություն ապագայում այս նպատակներին հասնելու համար»։
Յորղոս Գերապետրիտիսը նաև ընդգծեց, որ Աթենքը շարունակելու է ակտիվ աշխատել Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Ըստ նրա՝ կարևոր է շարունակել ընդգծել Հայաստանի եվրոպական հեռանկարները. - «Սա ոչ միայն կարևոր է Հայաստանի ապագան ապահովելու համար, մարդկանց կյանքի պայմանները բարելավելու ու կայունություն ստեղծելու համար, այլև կարևոր է Եվրոպայի համար»։
Միզրոյանն, իր հերթին, ընդգծեց, որ Երևանը տրամադրված է զարգացնել Բրյուսելի հարաբերությունները՝ հույսը դնելով նաև Աթենքի աջակցության վրա։ Ապա ավելացրեց, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթությունում կենսական նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը ևս մի գործոն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անվտանգություն և խաղաղություն ապահովելու համար։