Մատչելիության հղումներ

Բաքվից վերահաստատում են՝ նախընտրում են բանակցությունների ուղիղ ձևաչափը, Երևանը դեռ չի արձագանքում


Պաշտոնական Երևանն ավելի քան մեկ շաբաթ է՝ լռությամբ է արձագանքում սահմանին արտգործնախարարների ուղիղ բանակցություններ անցկացնելու Բաքվի առաջարկին, հրապարակային հայտարարություն չի հնչել, իսկ Արտգործնախարարությունից «Ազատության» հարցմանը դեռ չեն պատասխանել։

Տարեվերջին նման առաջարկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր արել։ Երեկ էլ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր ձևաչափն է ամենաարդյունավետը՝ հայ-ադրբեջանական ուղիղ քննարկումները, «3+3» հարթակը, թե՞ Արևմուտքի միջնորդությամբ բանակցությունները, վերահաստատել էր՝ յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, բայց նախընտրում են ուղիղ ձևաչափը։

«Տարբեր փուլերում բոլոր ձևաչափերը հանգեցրել են առաջընթացի: Մենք շնորհակալ ենք բոլոր միջնորդներին։ Տեղը կարևոր չէ, կարևոր է արդյունքը։ Մեր նպատակը արդյունքի վրա հիմնված բանակցություններն են։ Մենք սկզբունքորեն դեմ չենք ազնիվ միջնորդությանը, բայց նախընտրում ենք ուղիղ քննարկումները։ Ըստ այդմ, Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը կմշակվի ուղղակիորեն և երկկողմանի», - նշել է Հաջիևը:

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև ասել է, թե նպատակը տարածաշրջանում երկար սպասված խաղաղությունն է, ու չնայած չլուծված հարցերին՝ խաղաղության պայմանագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։ Չկա կոնկրետ ժամկետ՝ երբ կկնքվի փաստաթուղթը, բայց ըստ Հաջիևի, Հայաստանն ու Ադրբեջանը դրական ազդակներ են տալիս աշխարհին։ Օրինակ է բերել տարեվերջին գերիների փոխանակումը և այն, որ Հայաստանն աջակցել է Կլիմայի փոփոխության հարցերով գագաթաժողովը հյուրընկալելու Ադրբեջանի հայտին։

«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը ունակ են ուղիղ, երկկողմանի բանակցություններ վարել նույնիսկ առանց միջնորդների», - ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

Անցած տարեվերջին Բաքուն երեք հանդիպում չեղարկեց, դրանց թվում Վաշինգտոնում արտգործնախարարների բանակցությունները, բայց Միացյալ Նահանգներում դեռ լավատես են:

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն այսօր լրագրողի դիտարկմանը, թե Ռուսաստանն օտարերկրյա կառավարություններին հորդորել է չմիջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հակադարձել է.- «Ոչ, Ռուսաստանը որևէ ձևով չի խանգարում մեզ ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել, որոնք, կարծում ենք, անհրաժեշտ են Ադրբեջանին և Հայաստանին, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրանց»:

Ե՞րբ է պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում հյուրընկալել նախարարներին, Պետքարտուղարության խոսնակը հստակ պատասխան չի տվել, հորդորել է հետևել պաշտոնական հայտարարություններին։

Հիքմթե Հաջիևը կրկին օգտագործել է «միջանցք» տերմինը, Երևանն արձագանքում է

Գերմանական թերթին տված հարցազրույցում Ալիևի օգնականը կրկին օգտագործել է «միջանցք» տերմինը, պնդել, որ այդ բառի մեջ սարսափելի ոչինչ չկա, և որ տրանսպորտային կապը Հայաստանին չի զրկում Իրանի հետ սահմանից ու Հայաստանը երկու մասի չի բաժանում։ Միաժամանակ Հաջիևն ընդգծել է, որ Բաքվի ուզածն առանց մաքսային ու սահմանային հսկողության ճանապարհն է Հայաստանից դեպի Նախիջևան։ Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ քաղաքական կամքի առկայության դեպքում միշտ էլ հնարավոր է ընդունելի տարբերակներ գտնել։

«Մենք ուրախ ենք տեսնել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադինն է: Մենք նաև հրավիրել ենք Համաշխարհային մաքսային կազմակերպությանը՝ մեզ տրամադրելու իրենց փորձը և չափանիշները։ Սակայն Ադրբեջանը իր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ չի դնում, ուստի զուգահեռաբար աշխատում ենք այլընտրանքային լուծումների վրա։ Իրանում մեր գործընկերների հետ մենք կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ դեպի Նախիջևան՝ Իրանի տարածքով։ Բայց նաև ուզում եմ հասկացնել, որ սա չի նշանակում, թե Հայաստանով երթուղին դուրս է սեղանից», - ասել է Հաջիևը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր News.am-ի հետ զրույցում արձագանքելով Հաջիևին ասել, է որ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հաստատի, որ Հայաստանով հնարավոր կոմունիկացիաների բացման համար հիմք են ընդունվելու ինքնիշխանության, իրավազորության պահպանման, փոխադարձության ու հավասարության սկզբունքները, որից հետո, ըստ նրա, հնարավոր կլինի արդեն ավելի կոնկրետ մեխանիզմների մասին խոսել։

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ պարզեցված ընթացակարգ լինի Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու համար, Արմեն Գրիգորյանը փաստացի չի բացառել այդ ընթացակարգը, ասելով, թե դա հարցի առավել տեխնիկական մասն է։

«Ապաշրջափակման չորս սկզբունքները համաձայնեցնելուց հետո, հրապարակային դրանց մասին հայտարարելուց հետո արդեն կարող ենք աշխատել նաև այդ պարզեցման մեխանիզմների շուրջ» - նշեց Գրիգորյանը:

Իսկ ի՞նչ ասել է Կալինգրադյան տարբերակ, որի մասին խոսում է Ալիևի օգնականը։ Ռուսաստանին պատկանող էքսկլավը գտնվում է Լեհաստանի և Լիտվայի միջև։ 20 տարի առաջ Լիտվայի և ՌԴ միջև ընդունվել է համատեղ հայտարարագիր՝ Կալինինգրադի մարզի և ՌԴ հիմնական տարածքի միջև պարզեցված տարանցման կանոնների մասին։

Քաղաքական մեկնաբանը պատահական չի համարում Բաքվի հռետորաբանության մեղմացումը

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Կալինինգրադի հետ համեմատելով Ադրբեջանը թեև ավելի մեղմ հռետորաբանության է անցնում, սակայն, ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի, սա չի նշանակում, թե Իլհամ Ալիևը հրաժարվում է արտատարածքային միջանցքից։ Ըստ փորձագետի՝ այս միջանկյալ տարբերակը դեմքը փրկելու փորձ է, ընդ որում՝ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի։

«Ադրբեջանը կարող է իր ներքին օգտագործման համար հայտարարել, որ այնուամենայնիվ, այդ միջանցքը ստացանք, Հայաստանի իշխանություններին էլ հնարավորություն կտրվի փրկել իրենց դեմքը, ասել, որ տեսա՞ք, մենք հայտարարել էինք կարմիր գծեր ու պահում ենք այդ կարմիր գծերը, որովհետև այդ ճանապարհը ֆիքսվում է, որ Հայաստանի սուվերեն տարածքում է, այնուամենայնիվ, և ոչ թե՝ արտատարածքային միջանցք: Նման մի տարբերակ էլ ամիսներ առաջ հայկական կողմն էր առաջարկել, որ կարող է միջազգային որևէ հեղինակավոր կազմակերպություն վերահսկել այդ ճանապարհը: Այն ժամանակ բերվել էր օրինակ Աբխազիայի տարբերակը, որտեղ վերահսկողություն իրականացնում էր ինչ-որ շվեյցարական ընկերություն», - ասաց քաղաքական վերլուծաբանը:

Արմեն Բաղդասրայնը նաև պատահական չի համարում Բաքվի հռետորաբանության մեղմացումը. քաղաքագետի կարծիքով՝ Ալիևի նպատակները հեռահար են։

«Իմ տպավորությունն այնպիսին է, որ նրանք որոշել են Սյունիքը զավթել ավելի երկարաժամկետ ծրագրի արդյունքում, այսինքն, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձ ապահովելով, հետո նրանց անվտանգության միջազգային երաշխիքներով և այլն: Հետևաբար, հիմա ավելի փափուկ, ավելի մեղմ հռետորաբանությամբ կատարում են առաջին քայլը, այսինքն, մեր զգոնությունն էլ այսպես թուլացնելով, իբր, իրենց այդ միջանցքը բոլորովին պետք չի, իբր, Իրանի տարածքով կկապվեն: Բայց անկասկած դա կլինի առաջին քայլը, ավելի մեղմ քայլը, իսկ Ադրբեջանը, բնականաբար, երկարաժամկետ ռազմավարական առումով, իր ծրագրերից չի հրաժարվել և չի հրաժարվելու», - նշեց Բաղդասարյանը:

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն» չի դիտարկում։ Հայաստանի կառավարությունը նաև անցած տարի ներկայացրեց տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի գլխավոր սկզբունքը հենց երկրների ինքնիշխանությունն է իրենց տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG