Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև, Էստոնիայի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, շեշտելով՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները։
«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են», - նշել է Ամիրբեկովը:
2023 թվականին չէր բացառվում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն դրա ճակատագիրը դեռ անորոշ է։ Ադրբեջանն այժմ խոսում է փաստաթղթում հայերի ռևանշը բացառող դրույթի մասին, հստակ չէ սահմանագծման քարտեզը, Բաքուն նաև ճանապարհ է պահանջում դեպի Նախիջևան։ Խաղաղության պայմանագիրը՝ 7-րդ խմբագրմամբ այժմ Երևանում է: Այդ մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր դեկտեմբերի 27 -ին՝ նշելով՝ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա: Արտգործնախարարությունից այսօր որևէ նոր բան չասացին:
«Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները և, իհարկե, կուսումնասիրենք ու պատշաճ կարգով կարձագանքենք, կներկայացնենք մեր առաջարկները: Իհարկե, շատերը պնդում են, որ իրական հնարավորություն կա այս խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար, ես անշուշտ պետք է համաձայնեմ այս պնդումների հետ: Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտների ու բարդությունների, որ մենք ունեցել ենք, չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը», - ընդգծել է Միրզոյանը:
Էլչին Ամիրբեկովը հարցազրույցում նաև ասել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստից բացի, բանակցությունների ընթացքում ևս երկու թեմա է շոշափվում՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատում, նշելով, որ հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի անբաժանելի մաս է։
Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումից՝ Ամիրբեկովը դարձյալ շեշտել է «Զանգեզուրի միջանցքը»:
«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթգծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում, խոսքը ոչ միայն բացակայող հատվածի կառուցման մասին է, ի դեպ, մեր կողմից այդ աշխատանքները գրեթե ավարտված են։ Նկատի ունեմ Հորադիզ-Ագբանդ հատվածը, ցավոք, հայկական կողմը չի էլ սկսել այս նախագծի տեխնիկական հիմնավորման աշխատանքները», - ասել է Ամիրբեկովը։
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»: Անցած տարեվերջին, սակայն, Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» մասին հաճախ չէր հիշատակում, նշում էր, որ եթե Հայաստանը չհամաձայնի, ծրագիրը Իրանի հետ կիրագործեն, սակայն այժմ պարզվում է միջանցքի հարցը Ադրբեջանի օրակարգից դուրս չի եկել:
Ադրբեջանը վերջին շրջանում նաև նշում էր, որ սահմանազատման հարցերը պետք է առանձնացվեն խաղաղության պայմանագրից: Երևանից պատասխանեցին, որ սկզբունքորեն դեմ չեն՝ հաշվի առնելով, որ սահմանազատման գործընթացը կարող է երկար տևել: Բայց թե այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնելու խաղաղության պայմանագիրը և ի՞նչ է տալու Հայաստանին, մնում է անորոշ, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Փաստը կայանում է նրանում, որ գործընթացն արդեն գնացել է դեպի երկկողմ ձևաչափ. քաղաքագետ
«Այո, Ադրբեջանը շարունակելու է հենց այդ գիծն առաջ տանել, որ պետք է սահմանային հարցերի շուրջ համաձայնության փորձել հասնել հենց Սահմանազատման հանձնաժողովի ներքո ընթացող բանակցություններում: Այսինքն՝ նույնիսկ չհամաձայնեցնել քարտեզների հարցը կամ զորքերի դուրսբերման հարցը, անկլավների հարցը: Միգուցե ինչ-որ սկզբունքներ կներառվեն պայմանագրի տեքստի մեջ, այսինքն կնշեն այն, ինչ հայտարարվում էր վերջին տարվա ընթացքում, բայց կոնկրետ հացերի շուրջ լուծումները կարծես թե ադրբեջանական կողմը փորձում է տանել հենց այդ հանձնաժողով, ինչը ձեռնտու չէ Հայաստանին, որովհետև մեծ հաշվով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանը ստորագրում է այդ փաստաթուղթը, մեծ հաշվով լեգիտիմացնում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, լեգիտիմացնում է Ադրբեջանին որպես խաղացող ու փոխարենը որևէ կոնկրետ լուծում չի ստանում գետնի վրա», - ասաց քաղաքագետը:
Ըստ Տիգրան Գրիգորյանը, Ամիրբեկովի այս հարցազրույցը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ առաջիկայում էլ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները կշարունակվեն երկկողմ ձևաչափով, մի բան, որին ձգտում էր Բաքուն և փաստորեն կարողացավ հասնել:
«Փաստը կայանում է նրանում, որ գործընթացն արդեն գնացել է դեպի երկկողմ ձևաչափ ու արդեն իսկ մի շարք երկկողմ ձևաչափերով բանակցությունները տեղի են ունեցել ու տեղի կունենան մոտ ապագայում: Այսինքն, Ադրբեջանին հաջողվել է Հայաստանին ներքաշել բանակցությունների մեջ տարբեր ուղղություններով հենց երկկողմ ձևաչափով» - նշեց նա:
«Ազատության» հարցին՝ ինչո՞վ է դա վտանգավոր Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց. - «Առաջին հերթին հիշում ենք, որ Հայաստանի իշխանությունները մեծ հաշվով ներգրավվելով այս գործընթացի մեջ նշում էին, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է լինեն հստակ երաշխիքներ, որ փաստաթուղթը ստորագրվելուց հետո կիրականացվի, այդ երաշխիքների հետ մեծ հույսեր կային կապված հենց Միացյալ Նահանգների ներգրավվածության հետ ու երկկողմ ձևաչափով բանակցելով մեծ հաշվով այդ հավանականությունը նվազում է»:
Իր ամանորյա ուղերձում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջնահերթ էր համարել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, խորացման բանաձևեր գտնելը: