Մատչելիության հղումներ

Հաջիև․ Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի մշակման հարցում


Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

«Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներում», - գերմանական Berliner Zeitung թերթի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը Հայաստանի հետ բարեխղճորեն բանակցություններ է վարում տարբեր հարթակներում՝ հանուն տարածաշրջանում երկար սպասված խաղաղության։ Մենք իրոք հավատում ենք, որ խաղաղ համաձայնագիր ստորագրելու պատմական հնարավորություն է առկա, և մենք չպետք է մսխենք այն», - ասել է Հաջիևը՝ նշելով, սակայն, որ դեռևս առկա են մի քանի չլուծված հարցեր։

«Առայժմ բարդ է խոսել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետների մասին, քանի որ գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցություններ են անհրաժեշտ», - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Մենք հանդես ենք գալիս դեպի արդյունք կողմնորոշված բանակցությունների օգտին: Սկզբունքորեն դեմ չենք ազնիվ օժանդակությանը, բայց նախապատվությունը տալիս ենք ուղիղ բանակցություններին: Այսօր խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը տարվում է ուղղակիորեն Բաքվի և Երևանի միջև», - նշել է Հաջիևը:

Ալիևի օգնականը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև սահմանազատումը «տեխնիկական և տևական գործընթաց է», մինչդեռ խաղաղության պայմանագրի կնքումն առանձին ջանքեր չի պահանջում և հիմնված է միջպետական հարաբերություններում միջազգային նորմերի փոխադարձ ընդունման վրա:

«Մեր կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը չպետք է դառնա սահմանազատման պատանդը», - հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:

XS
SM
MD
LG