Մատչելիության հղումներ

Բայրամով. «Կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ»


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մանրամասներ բացահայտեց հայ - ադրբեջանական բանակցային գործընթացից՝ հայաստանցի պաշտոնակցին առաջարկելով հանդիպել սահմանին՝ առանց միջնորդների։

Բայրամովը կրկին ակնարկեց՝ Բաքուն կողմ է խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների երկկողմ ձևաչափին։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Խոսելով բուն բանակցային գործընթացի մասին՝ Բայրամովը հայտարարեց, թե Բաքուն ցանկանում է, որպեսզի խաղաղության համաձայնագիրը հիմնված լինի փոխադարձության սկզբունքի վրա և բացառի լուրջ տարաձայնությունները։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ դեռ կան դետալներ, որոնք խոչընդոտում են պայմանագրի հետ կապված գործընթացին։ Թե որոնք են դրանք, նա հրաժարվել է մանրամասնել, փոխարենն ասել է՝ հայկական կողմի դիրքորոշումներում արդեն փոփոխություններ են տեսնում:

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումից և Արցախի հայաթափումից շաբաթներ անց Երևանից ստացված պատասխանների փաթեթում, ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով, «առաջընթաց» են տեսել: «Կրճատվում է այն կետերի թիվը, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Առաջընթաց կա առաջարկությունների փաթեթում, որը մենք ստացել ենք նոյեմբերի 21-ին։ Դժվար է ասել, թե որքանով է այն խաղաղությանը մոտ կամ հեռու: Ես կարծում եմ, որ եթե լուրջ քաղաքական կամք լինի, ապա կարելի է արագ խաղաղության համաձայնություն կնքել։ Հակառակ դեպքում գործընթացը կձգձգվի», - հայտարարեց Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը։

Ջեյհուն Բայրամովի գնահատմամբ՝ խաղաղության համաձայնագիրը չի լինի բոլոր հարցերի լուծումը, նրա կարծիքով՝ փաստաթուղթը կարևոր է որպես առաջին քայլ։

«Սեպտեմբերի 19-ի հակաահաբեկչական գործողությունից հետո նոր իրողություններ են ի հայտ եկել, և մենք անկեղծորեն հավատում ենք, որ եթե հայկական կողմը քաղաքական կամք դրսևորի, ապա խաղաղության պայմանագրի ճանապարհը բաց է: Առաջիկա օրերին մենք հույս ունենք տեսնել այդ քաղաքական կամքի աստիճանը», - նշեց Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Խոսելով բուն փաստաթղթի բովանդակության մասին՝ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը պնդեց՝ իրենց դիրքորոշումն է սահմանազատման գործընթացն առանձնացնել խաղաղության պայմանագրից։

Մինչդեռ երեկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Երևանի համար չափազանց կարևոր է, որպեսզի սահմանազատման գործընթացի սկզբունքներն ու հիմքերը ֆիքսվեն խաղաղության պայմանագրում։ Միրզոյանը շեշտել էր, որ քարտեզների հիշատակումն, օրինակ, այդպիսի մի դրսևորում է, հակառակ դեպքում, ինչպես հավելել էր, սահմանազատման գործընթացն անիմաստ կլինի։

Բայրամովն, իր հերթին, սահմանազատման գործընթացը կապեց Հայաստանից Բաքվի պահանջած ութ գյուղերի վերադարձի հետ, ասաց՝ այդ հարցը բոլոր հանդիպումներում բարձրացնում են, և դրանց պատկանելությունը չի վիճարկվում:

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, դրանցից չորսն անկլավային են, մյուս չորսն անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն, և շարունակվել փոխադարձ քննարկման տեսքով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց մենք խոսում ենք բնակեցված տարածքների մասին։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վեճի թեմա չէ, հասկանալի է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում», - ասաց Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Բայրամովն անդրադարձավ նաև ադրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցին, ասաց՝ զարմացած են այդ հարցով հայկական կողմի արձագանքից:

«Զարմանք և ափսոսանք է հարուցում այն, որ Հայաստան արևմտյան ադրբեջանցիների վերադարձն իրենց հողեր ընկալվում է որպես տարածքային պահանջ։ Անգամ վարչապետն է ասել, թե դա համարում է Հայաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք», - հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը և հավելեց․ - «Ես կարծում եմ, որ եթե հայկական կողմը Ադրբեջանի օրինակով հումանիստական դիրքորոշում ցուցաբերի, ապա կարելի է դրական արդյունքների հասնել»։

Թե որ հարցերում Բաքվի ցուցաբերած «հումանիստական դիրքորոշումը» նկատի ունի, նախարար Բայրամովը չմանրամասնեց։

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հերթական անգամ հանդիպելով ադրբեջանցի փախստականներին միավորող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ, հայտարարել էր, թե ներկայիս Հայաստանն իրենց տարածքն է, որ «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում և գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։

Ինչպես նախագահ Ալիևը, այնպես էլ արտգործնախարար Բայրամովն այսօր դատապարտեց Հայաստանի կողմից սպառազինություն ձեռք բերելու փորձերը, թեև Ադրբեջանը շարունակում է ոչ միայն սեփական սեփական ռազմական բյուջեն մեծացնել, այլև նորանոր զենքեր ձեռք բերել։ Ադրբեջանի արտգործնախարարը խոսեց մասնավորապես հնդկական զենքի գործարքից, ասաց՝ Բաքուն տեղյակ է մանրամասներին, այդ գործընթացը մշտական մոնիտորինգի տակ է, և պնդեց՝ հնդկական զենքը «ոգեշնչում է Հայաստանի ռևանշիստներին»:

«Մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանում ուրվագծվում է խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն, նման քայլը վնասում է գործընթացը և զանգվածային ռևանշ ներշնչում հայկական կողմին», - պնդեց Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանցի լրագորղներն արտգործնախարարին հարցրեցին նաև ռուսական զորախմբի հետագա ճակատագրի մասին, որն Արցախում տեղակայվել էր հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ջեյհուն Բայրամովը հարցին համառոտ պատասխանեց՝ միայն նշելով, որ կա ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություն, որի համաձայն՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում կտեղակայվեն մինչև 2025 թվականի նոյեմբերը:

XS
SM
MD
LG