Մատչելիության հղումներ

Կուրսկի մարզ ներխուժելու նպատակը, ըստ Զելենսկու, «ագրեսորի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է»


Ռուսաստան - Սեյմ գետի ավերված կամուրջներից մեկը, 18-ը օգոստոսի, 2024թ.
Ռուսաստան - Սեյմ գետի ավերված կամուրջներից մեկը, 18-ը օգոստոսի, 2024թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ ռուսները հետ են մղել ուկրաինացիներին Սկրիլևկայից և Շեպտուխովկայից: Սա Կորենևսկի շրջանն է և հեռու է ռուս - ուկրաինական սահմանից 23 կիլոմետր։

Վերջին օրերին ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում հրթիռային հարվածներով քանդել է Սեյմ գետի երեք կամուրջներից առնվազն երկուսը, շրջանի մի մասը կտրվել է Ռուսաստանից։ Ընդ որում՝ կա տեղեկություն Սեյմ գետի երրորդ և վերջին կամրջին հարվածի մասին, սակայն անկախ աղբյուրներն այս լուրը դեռևս չեն հաստատել։

Արդեն գրեթե երկու շաբաթ է ինչ ուկրաինական բանակն անսպասելի ներխուժել է Ռուսաստանի տարածք։ Ու թեև ռուս գեներալները մի քանի անգամ զեկուցել են, որ կարողացել են կանգնեցնել ուկրաինացիների առաջխաղացումը, թեժ մարտերը հենց Ռուսաստանի տարածքում այսօր էլ շարունակվում են։

Ուկրաինայի նախագահը երեկ երեկոյան իր ամենօրյա ուղերձում շեշտել է, թե Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը բուֆերային գոտի ստեղծելն է։

«Այժմ մեր պաշտպանական գործողությունների հիմնական խնդիրն է հնարավորինս ոչնչացնել ռուսական ներուժը և բուֆերային գոտի ստեղծել ագրեսորի տարածքում», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Միաժամանակ, նա երեկ երեկոյան նաև նշել է, որ ռուսական զորքերն առաջ են շարժվում Դոնեցկի մարզում՝ Տորեցկի և Պոկրովսկի մոտ, և խնդրել է դաշնակիցներին արագացնել ռազմական օգնության մատակարարումը։

«Պատերազմն արձակուրդ չունի: Մեզ լուծումներ են պետք, մեզ անհրաժեշտ է հայտարարված փաթեթների ժամանակին մատակարարումը», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ճակատի թե՛ Կուրսկի, թե՛ Դոնեցկի հատվածներում թեժ մարտերին զուգահեռ կողմերը շարունակում են նաև այլ տարածքների ինտենսիվ ռմբակոծումը։ Ռուսական հարվածների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում Ուկրաինայի Սումիի մարզում։ Ռուսական կողմն էլ հատնում է, որ Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթային պահեստում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 18 մարդ է տուժել, նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Ընդ որում, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով բռնկված հրդեհն արդեն երկրորդ օրն է չի մարվում. Պրոլետարսկի տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ռուսական լայնածավալ ագրեսիայի մեկնարկից երկուսուկես տարի անց պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվել է։ Այսօր իրական ռազմական գործողություններ են նաև Ռուսաստանի տարածքում, տասնյակ գրավված բնակավայրեր, հարյուր հազարավոր տարհանվածներ հենց Ռուսաստանի տարածքում: Պաշտոնական տվյալներով՝ Կուրսկի մարզի մի քանի շրջաններից տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ։

Ռուսաստանի տարածքի վրա աննախադեպ հարձակումը սկսելուց հետո Կիևը հայտարարեց, թե դրա նպատակներից մեկն է ստիպել Մոսկվային նստել բանակցային սեղանի շուրջ նորմալ օրակարգով: Մինչդեռ մինչև Կուրսկի վրա հարձակումը Մոսկվան և Կիևը ավելի հաճախ էին խոսում հնարավոր բանակցություններից և նույնիսկ քննարկում, թե ով կարող է հանդես գալ որպես միջնորդ:

Այս ֆոնին Հնդկաստանն է այսօր հայտարարել, որ վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է օգոստոսին այցելել Ուկրաինա։ Հուլիսին Մոդին այցելել էր Մոսկվա և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հետո էլ հայտարարել, թե Հնդկաստանը հանդես է գալիս «հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին» և հուսով է, որ Մոսկվան ու Կիևը բանակցություններ կսկսեն։ Bloomberg-ը գրել է, թե հնարավոր է՝ Մոդին Կիևում Պուտինի ուղերձը փոխանցի Զելենսկիին։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, սակայն, պնդում է, թե այս պահին Մոսկվան Կիևի հետ խոսելիք չունի. - «Այն առաջարկները, որ ավելի վաղ արել էր Մոսկվան, չեն չեղարկվել, սակայն այս պահին տեղին չի լինի բանակցային գործընթաց սկսել»:

«Որքա՞ն կտևի Մոսկվայի այս դիրքորոշումը» հարցին Ուշակովն արձագանքել է, թե ամեն ինչ կախված է ճակատում իրավիճակից։ Ավելի վաղ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվան կկանգեցնի ռազմական գործողությունները, եթե Կիևը համաձայնի Մոսկվայի առաջ քաշած մի շարք պայմանների, այդ թվում դուրս բերի զորքերը չորս՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից։

Կուրսկի մարզի վրա օգոստոսի 6-ից սկսված հարձակումից հետո Մոսկվան բանակցություններից չի խոսում, փոխարենը դաշնակից Բելառուսի նախագահն է բացել այդ թեման՝ ասելով, թե ռուսներն ու ուկրաինացիները պետք է բանակցություններ սկսեն։ Բայց միաժամանակ Լուկաշենկոն հայտնել է, թե Մինսկը բանակի գրեթե մեկ երրորդը տեղափոխել է Ուկրաինայի հետ սահման, քանի որ «Բելառուսի հետ սահմանին ուկրաինացիներն ավելի քան 120 հազար զինվորական են պահում»:

Կիևը Լուկաշնեկոյի պնդումները հերքել է՝ ասելով, որ ռազմական ստորաբաժանումների կուտակումներ սահմանին չկան ոչ Բելառուսի, ոչ էլ Ուկրաինայի կողմից։ Պատերազմի մեկնարկից ի վեր պարբերաբար օրակարգ է բերվում Ռուսաստանի ամենահավատարիմ և ըստ էության եզակի դաշնակից Բելառուսի ուղիղ մասնակցությունը ուկրաինական պատերազմում, սակայն գոնե հրապարակավ բելառուսցի զինվորականները պատերազմական գործողություններ չեն մասնակցում։ Բայց անցած տարի Ռուսաստանը Բելառուսի տարածքում տեղադրել է մարտավարական միջուկային զենք։ Լուկաշենկոն էլ ամեն առիթով ասում է, թե անհրաժեշտության դեպքում Մինսկն այդ զենքը կօգտագործի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG