Կիևի հարձակմանը հակազդելու համար՝ Ռուսաստանն առնվազն հազար հոգանոց մի քանի բրիգադ է Ուկրաինայից տեղափոխել Ռուսաստանի Կուրսկի մարզ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները։
Պաշտոնյաները նշել են, որ Ռուսաստանը հարյուր հազարավոր զորքեր ունի ուկրաինական ճակատում՝ ենթադրելով, որ մի քանի հազարի տեղափոխումը կարող է մեծ ազդեցություն չունենալ կարճաժամկետ հեռանկարում։
«Մենք դեռ որևէ էական տեղաշարժ չենք նկատել։ Չենք կարող ասել՝ նո՞ր են սկսում զորքերի տեղափոխությունը, թե՞ պարզապես տեղափոխելու բան չունեն», - ասել է CNN-ի անանուն աղբյուրը։
Զրուցակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ուժեղացնում է Կուրսկի մարզի պաշտպանությունը հիմնականում ժամկետային զինծառայողների հաշվին։ Օրեր առաջ ուկրաինական կողմը հաղորդել էր, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել ավելի քան 100 ռուս զինվորականի։ Մոսկվան այս տեղեկությունները չի հաստատել, սոցիալական ցանցերում, սակայն, բազմաթիվ հաղորդումներ են տարածված, որ գերիների թվում կան ժամկետային զինծառայողներ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հղում անելով հետախուզության տվյալներին, նաև ասել է, որ Ռուսաստանը, բացի Ուկրաինայում ստորաբաժանումներից, Կուրսկի մարզ է ուղարկել բրիգադներ Լենինգրադի ռազմական օկրուգից և Կալինինգրադից։
Արդեն 10-րդ օրն է մարտերը շարունակվում են Ռուսաստանի Կուրսկի մարզի տարածքում։ Ուկրաինական կողմը պնդում է, որ տասնյակ բնակավայրեր է վերահսկում։
«Ընդհանուր առմամբ, Կուրսկի շրջանում գործողության սկզբից ի վեր մեր զորքերն առաջ են անցել 35 կիլոմետր խորությամբ», - նախօրեին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ մանրամասնելով՝ ուկրաինական ուժերն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իրենց վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր՝ ընդհանուր առմամբ 1150 քառակուսի կիլոմետր տարածք Կուրսկի մարզում:
Ըստ պաշտոնական Կիևի՝ Ռուսաստանի բնակավայրերում ուկրաինական հրամանատարական գրասենյակներ են ստեղծվել։
Ռուսական բանակն էլ Կուրսկից բացի հավելյալ ուժեր է տեղակայում նաև Ուկրաինային սահմանակից մյուս մարզում՝ Բելգորոդում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։
Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։