Մատչելիության հղումներ

Կուրսկի մարզում Կիևի նպատակը «բուֆերային գոտի ստեղծելն» է․ Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Կուրսկի մարզում Կիևի նպատակը «բուֆերային գոտի ստեղծելն» է, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Օգոստոսի 6-ից Ռուսաստանի սահմանամերձ այս մարզում մարտեր են ընթանում, ուկրաինական կողմը հայտարարում է ավելի քան 80 բնակավայրի գրավման մասին։ Ռուսաստանը տարածաշրջանում դաշնային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։

«Այսօր մեզ համար կան լավ, անհրաժեշտ արդյունքներ՝ Տորեցկի մոտ ռուսական տեխնիկայի ոչնչացման հարցում։ Եվ սա այժմ մեր պաշտպանական գործողությունների հիմնական խնդիրն է՝ հնարավորինս ոչնչացնել ռուսական ներուժը, պատերազմական ներուժը և իրականացնել հակագրոհային գործողություններ։ Մասնավորապես, սա բուֆերային գոտու ստեղծում է ագրեսորի տարածքում», - հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև կոչ է արել Կիևի դաշնակիցներին արագացնել ռազմական օգնության մատակարարումը։

«Մենք իսկապես խնդրում ենք. պատերազմն արձակուրդ չունի, մեզ լուծումներ են պետք», - դիմելով, մասնավորապես, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային՝ ասել է Զելենսկին։

2024-ի գարնանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Ռուսաստանի սահմանի վրա հարձակումները կանխելու նպատակով ցանկանում են ոչ թե գրավել Խարկովի շրջանն, այլ այնտեղ «սանիտարական գոտի» ստեղծել՝ նկատի ունենալով «անվտանգության գոտու» ստեղծումը։

2023-ի հունիսին էլ Բելգորոդի ուղղությամբ հարվածների ֆոնին՝ Պուտինը հայտարարել էր նաև այս ուղղությամբ Ուկրաինայի տարածքում «բուֆերային գոտի» ստեղծելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG