Մատչելիության հղումներ

Բելգորոդի մարզում տարածաշրջանային արտակարգ դրություն է սահմանվել


Ռուս ոստիկանները հսկողություն են իրականացնում Բելգորոդի անցակետում, 12-ը օգոստոսի, 2024թ․
Ռուս ոստիկանները հսկողություն են իրականացնում Բելգորոդի անցակետում, 12-ը օգոստոսի, 2024թ․

Բելգորոդի մարզում տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն է սահմանվել, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, որ նպատակը բնակչությանը պաշտպանելն ու տուժածներին լրացուցիչ օգնություն ցուցաբերելն է։

Նախօրեին Գլադկովը հայտնել էր, որ 14 հազար բնակչություն ունեցող սահմանային Կրասնոյարուժսկի շրջանում հաշվված թվով մարդիկ են մնացել, հիմնական բնակչությունը լքել է տարածքը։

Ընդգծելով, որ իրավիճակը «չափազանց ծանր և լարված» է՝ նահանգապետը խնդրել էր դաշնային արտակարգ դրություն հայտարարել։

«Ազատության» ռուսական ծառայությունը, վկայակոչելով օրենքը, նշում է, որ տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն է սահմանվում, եթե այդ տարածքում տուժած բնակիչների թիվը չի գերազանցում 500-ը, իսկ պատճառված վնասը՝ 1,2 միլիարդ ռուբլին։ Եթե թվերն ավելի մեծ են, դաշնային մակարդակով արտակարգ դրություն է մտցվում։ Այն ենթադրում է քաղաքացիների իրավունքների սահմանափակում և ոստիկանության ծառայողների իրավունքների ընդլայնում։

Օգոստոսի 7-ին Կուրսկում էր մարզային արտակարգ դրություն սահմանվել, իսկ արդեն օգոստոսի 9-ին դաշնային արտակարգ ռեժիմ մտցվեց։

Արդեն 8-րդ օրն է շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները Կուրսկի մարզում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ 74 բնակավայր է գտնվում երկրի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նախօրեին Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։

Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG