Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանում ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ինը մարդ, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Նրա խոսքով՝ մահերը գրանցվել են Միրնոգրադում, Տորեցկում և Ռազլիվում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հաղորդել են, որ օգոստոսի լույս 19-ի գիշերը Ռուսաստանը 11 «Շահեդ» է արձակել Դոնեցկի և մի շարք այլ շրջանների, այդ թվում՝ Կիևի ուղղությամբ, սակայն դրանք բոլորն էլ խոցվել են։ Երեկ էլ հաղորդվել էր Ուկրաինայի ուղղությամբ արձակված 16 հրթիռի և 8 «Շահեդ»-ի մասին։
Հարձակումները տեղի են ունենում Ուկրաինայի կողմից Կուրսկի մարզում իր դիրքերն ամրապնդելու ֆոնին։
Օգոստոսի 6-ից Ռուսաստանի սահմանամերձ այդ մարզում մարտեր են ընթանում, ուկրաինական կողմը հայտարարում է ավելի քան 80 բնակավայրի գրավման մասին։ Ռուսաստանը տարածաշրջանում դաշնային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կուրսկի մարզում Կիևի նպատակը «բուֆերային գոտի ստեղծելն» է։