Մատչելիության հղումներ

Ուկրաինացի զինծառայողները Սուջայի կենտրոնից տեսանյութ են հրապարակել


Կադրեր ուկրաինացի զինվորականների տեսանյութից, 12-ը օգոստոսի, 2024 թ
Կադրեր ուկրաինացի զինվորականների տեսանյութից, 12-ը օգոստոսի, 2024 թ

Ուկրաինացի զինվորականները երեկ տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ այն նկարահանված է Կուրսկի շրջանում՝ Սուջա քաղաքի հենց կենտրոնում՝ Կարլ Մարքսի փողոցում։ Տեսանյութի նկարահանման ամսաթիվը հայտնի չէ։

Տեսանյութում ուկրաինացի զինծառայողը պնդում է, որ քաղաքի կենտրոնում ռուս զինվորների չի տեսել։

Երեկ հրապարակված մեկ այլ տեսանյութում զինվորականները զրահամեքենայի պատուհանից ցույց են տալիս քաղաքի կենտրոնը, Սովետսկայա հրապարակը։ Տեսանյութում ռուսական բանակի ներկայացուցիչներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ չեն երևում։

Ռուս զինվորական բլոգերները գրում են, որ Սուջան, ամենայն հավանականությամբ, գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ։

Մոսկվան և Կիևը դեռ չեն մեկնաբանել այս հաղորդումը։ Մարտական պայմաններում հնարավոր չէ ստուգել հաղորդումների իսկությունը։

Երեկ ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զինտեխնիկա է նկատվել Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի արևելյան ծայրամասում։ Սա կարող է վկայել քաղաքի նկատմամբ Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական վերահսկողության մասին։ Սուջայի գրավումը ուկրաինացիներին թույլ կտա շարունակել հարձակումը միանգամից մի քանի ուղղություններով, գրում են ռազմական վերլուծաբանները։

Երեկ՝ ուկրաինական ներխուժման 7-րդ օրը, ռուսական կողմը հստակ թվեր էր հրապարակել՝ խոստովանելով, որ ուկրաինական բանակը լուրջ խնդիրներ է առաջացրել գերտերության համար․ ռուսական 28 բնակավայր՝ ուկրաինական վերահսկողության տակ է, 120 հազարից ավելի մարդ՝ տեղահանված։

Ռուսաստանի նախագահ Պուտինը երեկ անվտանգության ուժերի ղեկավարների հետ հերթական հանդիպումն է անցկացրել: «Թշնամին անպայման արժանի արձագանք կստանա, և մենք անկասկած կհասնենք մեր նպատակներին», - վստահեցրել է Վլադիմիր Պուտինը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Կիևը գնացել է այդ քայլին Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG