Մատչելիության հղումներ

Ուկրաինական պատերազմի երկու ճակատներում իրավիճակը թեժ է մնում


Ուկրաինացի զինծառայողը Պոկրովսկի մերձակայքում «Սեզար» համակարգից կրակ է արձակում ռուսական զորքերի ուղղությամբ, 16-ը օգոստոսի, 2024թ.
Ուկրաինացի զինծառայողը Պոկրովսկի մերձակայքում «Սեզար» համակարգից կրակ է արձակում ռուսական զորքերի ուղղությամբ, 16-ը օգոստոսի, 2024թ.

Ուկրաինական պատերազմի երկու ճակատներում այսօր էլ թեժ է։ Մի կողմից՝ ռուսներն առաջ են գնում Դոնբասում և մոտենում Պոկրովսկ քաղաքին, մյուս կողմից՝ ուկրաինացիները շարունակում են գրոհները հենց Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, որտեղից, պաշտոնական տեղեկության համաձայն, արդեն 120 հազարից ավելի խաղաղ բնակիչներ են տարհանվել։

Այս ֆոնին Ռուսաստանի նախագահն այսօր շտապ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

«Մենք այսօր կխոսենք հատուկ օպերացիայի շրջանակներում կիրառվող նոր տեխնիկական լուծումների մասին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Թե նոր տեխնիկական լուծումներ ասելով ինչ նկատի ուներ, նա խորհրդակցության բաց հատվածում չի ասել:

Կիևից, մինչդեռ, այսօր կրկին հայտարարել են, թե ռուսական տարածքները գրավելու մտադրություն չունեն: Նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր Տելեգրամ ալիքում գրել է. - «Ուկրաինան հետաքրքրված չէ ռուսական տարածքների օկուպացիայով: Դա ակնհայտ է: Բայց եթե մենք խոսում ենք հնարավոր բանակցությունների մասին, ընդգծում եմ՝ հնարավոր, մենք պետք է Ռուսաստանին նստեցնենք բանակցային սեղանի շուրջ մե՛ր պայմաններով»:

Կուրսկի վրա հարձակումը, Պոդոլյակի պնդմամբ, Ռուսաստանի իշխանությունների և հասարակության վրա ճնշման ռազմական գործիք է:

Ռուսները, չնայած Կուրսկի մարզում ստեղծված ճգնաժամային վիճակին, կանգ առնելու նշան ցույց չեն տալիս և շարունակում են առաջ գնալ արևելյան ճակատում՝ Դոնբասում։ Կես տարվա ակտիվ գոհներից հետո նրանք կարողացել են Դոնբասում առաջ գնալ 15 կիլոմետր, իսկ ռազմավարական նշանակության Պոկրովսկ քաղաքից ընդամենը 12-13 կիլոմետր են հեռու։

Պոկրովսկի վարչակազմի ղեկավար Սերգեյ Դոբրյակը երեկ տեսաուղերձում բնակիչներին կոչ է արել տարհանվել։

«Մենք տեսնում ենք, որ այսօր թշնամին գրեթե մոտեցել է մեր համայնքին՝ Պոկրովսկ քաղաքին։ Պոկրովսկ քաղաքի ծայրամասից ընդամենը 10 կիլոմետրից մի փոքր ավելի է հեռու։ Խնդրում եմ հատկապես երեխաներով և տարեցներով ընտանիքներին՝ մի հապաղեք և տարհանվեք», - հայտարարել է Դոբրյակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հայտնել է, թե ռուսները Դոնբասում վերահսկողության տակ են վերցրել Սերգեևկա բնակավայրը, ուկրաինական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել։

Այսօր ամերիկյան CNN-ը, հղում անելով արևմտյան հետախուզությանը, գրել է, թե Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի տարածքում աննախադեպ ու անսպասելի հարձակում սկսելով ակնկալում են, որ ռուսներն իրենց ստորաբաժանումների մի մասը կհանեն Դոնբասի ճակատից՝ թուլացնելով գրոհային ճնշումը։ Ըստ CNN-ի աղբյուրների՝ ռուսներն իսկապես Ուկրաինայի օկուպացված տարածքներից մի քանի բրիգադ՝ առնվազն 1000 զինվորականներ են տեղափոխել Կուրսկի մարզ` ուկրաինական զինված ուժերի հարձակմանը դիմակայելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցն ընդգծում է, թե հիմնական ուժերը ռուսները Կուրսկի ճակատ են բերել Լենինգրադի ռազմական օկրուգից և Կալինինգրադից, ընդ որում՝ նրանց մեջ քիչ չեն ժամկետային ծառայողները: Սակայն դա դեռ լուրջ ազդեցություն չի ունեցել ռազմական դրության վրա. ռուսներն առաջ են գնում՝ գրավելով նոր բնակավայրեր և դիրքեր:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հաստատել է, որ ռուսներն իսկապես որոշ ստորաբաժանումներ են տեղափոխում Կուրսկի մարզ, սակայն ըստ նրա, «դա չի նշանակում, որ Պուտինը հրաժարվել է ռազմական գործողություններից Դոնբասում և Զապորոժիեում»:

Իսկ Կուրսկի մարզում կատաղի մարտերը շարունակվում են, իշխանությունները շարունակում են տարհանել բնակչությանը Ուկրաինային սահմանակից հինգ շրջաններից:

Կուրսկի մարզ Լգովի քաղաքապետն էլ Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումից հետո քաղաքը լքած բնակիչներին խորհուրդ է տվել դեռ չվերադառնալ։ Երեկ Լգովի օդում ուկրաինական հրթիռ է խոցվել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է։ 17 հազար բնակչություն ունեցող Լգովը մարզկենտրոն Կուրսկից 76 կմ է հեռու:

Տելեգրամի ալիքում հրապարակած տեսաուղերձում քաղաքապետը օգոստոսի 15-ն անվանել է «Լգովի ժամանակակից պատմության ամենադժվարին օրերից մեկը»։ Քաղաքապետի խոսքով՝ հարձակման հետևանքով վնասվել են տներ, մեքենաներ և սպորտային օբյեկտներ։

«Ես բոլոր նրանց, ովքեր լքել են քաղաքը, խորհուրդ չեմ տալիս վերադառնալ, քանի դեռ իրավիճակը չի կայունացել, իսկ նրանք, ովքեր ուզում են դուրս գալ քաղաքից, կարող են դիմել քաղաքային վարչակազմին», - հայտարարել է քաղաքապետը:

Արևմտյան փորձագետները նկատում են, որ հարձակվելով Կուրսկի մարզի վրա և գրավելով տասնյակ ռուսական բնակավայրեր հենց Ռուսաստանի տարածքում՝ Ուկրաինան անցել է կարմիր գիծը և կոչ է անում դաշնակիցներին նույնն անել՝ իրեն մեծ հեռահարության հրթիռներ տրամադրելով։

Ըստ Politico-ի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը բաց է նման մատակարարումների համար և կարող է Ուկրաինային փոխանցել հեռահար JASSM հրթիռներ F-16 կործանիչների համար։ Վերջնական որոշումը սակայն, ըստ պարբերականի, դեռ չի կայացվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG