Մատչելիության հղումներ

Երկրաշարժի ճգնաժամն ու Հայաստանի օգնությունը պետք է նպաստեն հայ-թուրքական հաշտեցմանը. Գարո Փայլան


Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանն արդեն 1 շաբաթ այդ երկրի՝ երկրաշարժից տուժած նահանգներում է՝ փորձելով օգնել տեղացիներին, համակարգել մարդասիրական օգնությունը, որը Թուրքիա է գալիս աշխարհի ամենատարբեր կետերից, այնուամենայնիվ, դեռ վրանների ու այլ պարագաների կարիք կա, հազարավոր մարդիկ ձմռան ցրտին մնացել են առանց տանիքի։

«Ես գտնվում եմ Մարաշի Փազարչըկ (Pazarcık) քաղաքում, իմ հետևում հենց Փազարչըկն է, որտեղ հարյուրավոր ավերված շենքեր կան, փրկարարական խմբերը դեռ փորձում են մարդկանց հանել փլատակներից։ Այստեղ մեծ համերաշխություն կա, աղետը մեծ էր, համերաշխության ալիքն էլ մեծ է», - նշեց Գարո Փայլանը՝ շարունակելով, - «առաջին օրը Դիրաբեքիրում էի, հետո Մալաթիայիում, ապա Ադիյամանում, Մարաշում։ Այս քաղաքները նախկինում հայկական են եղել, այստեղ հայերն ապրել են՝ որպես մեծամասնություն կամ փոքրամասնություն։ Դժբախտաբար, երկրաշարժից Մալաթիայում նաև հայեր են զոհվել, իմ հարազատներից 3 հոգի մահացել է։ Ամեն դեպքում փորձում ենք փրկել մարդկանց, հուսամ, այս համերաշխությունը կշարունակվի»։

Թուրքիայում Հայաստանից փրկարարների ժամանման լուրը լայն տարածում է ստացել. Գարո Փայլան

Երկրաշարժից հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում ցավակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և հայտնել փրկարարական ուժեր Թուրքիա ուղարկելու մասին, Էրդողանը բարձր էր գնահատել աջակցությունը, կարևորել քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության տեսանկյունից:

Հայաստանից մեկնած խումբը դեռ աշխատում է Ադիյաման քաղաքում։ Փայլանի խոսքով՝ Թուրքիայում Հայաստանից փրկարարների ժամանման լուրը լայն տարածում է ստացել, այս մասին հայտնե՛լ են պետական ալիքները, բայց շատ ավելի մանրամասն լուսաբանել են ինտերնետային կայքերը, յութուբյան էջերը։

«Այստեղ փրկարարներ են եկել նաև Հայաստանից ու Հունաստանից։ Տեղացիներն իրենց աչքերով տեսան, թե ինչպես են հայ փրկարարներն, իրենց կյանքը վտանգելով, փլատակներից հանում մարդկանց։ Ես հանդիպել եմ հայ փրկարարներին, նրանք հերոսներ են, նրանք 3 ողջ մարդու են հանել փլատակներից ու նաև բազմաթիվ դիեր, բայց դրա համար էլ էին մարդիկ ուրախ։ Այստեղ հայերի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք կա, բայց երբ տեսնում են փրկարարներին աշխատելիս, ամեն ինչ փոխվում է, ասում են՝ մենք կարծում էինք հայերը... թշնամի են կամ նման մի բան, հետո տեսնում են, որ փրկարարները փլատակներից հանում են իրենց սիրելիներին», - ներկայացրեց ազգությամբ հայ պատգամավորը։

Փրկարարական խմբից բացի Հայաստանը Թուրքիա նաև մարդասիրական օգնություն է ուղարկել՝ ցամաքային ճանապարհով, որը 30 տարվա անգործությունից հետո օգտագործվել է հումանիտար բեռների տեղափոխման համար։ Փայլանը հույս ունի, որ Հայաստանի աջակցության նախաձեռնությունը կարագացնի սահմանը բացելու գործընթացը։

«Ես մեծ ջանքեր են ներդրել 2 կողմերին համոզելու երկրաշարժից հետո բացել սահմանը, դա տեղի ունեցավ կարճ ժամանակով աղետից հետո։ Թուրքիայի կառավարությունը վարանում էր Ադրբեջանի ճնշման պատճառով չբացել սահմանը մինչև Ադրբեջանը չստանա այն ամենը ինչին ձգտում է։ Ես հույս ունեմ Թուրքիան ի վերջո առաջիկայում ընդմիշտ կբացի սահմանը նախ 3-րդ երկրների քաղաքացիների, ապա նաև Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար», - ընդգծեց Փայլանը։

Մինչ աշխարհի շատ երկրների ուշադրությունը սևեռված է Թուրքիան ու Սիրիան ցնցած երկրաշարժի վրա, Արցախում շարունակվում է շրջափակումը, որը Հայաստանի կառավարության գնահատականով՝ արդեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։ Փայլանը հաղորդեց, որ երկրաշարժից հետո փորձում է համոզել թուրք պաշտոնյաներին դրական դերակատարում ունենալ Լաչինի միջանցքի բացման հարցում։

«Լեռնային Ղարաբաղում ևս հումանիտար ճգնաժամ է, կա սննդի ու այլ պարագաների պակաս, շրջափակումը հնարավորինս շուտ պետք է դադարեցվի», - ասաց նա։

Պատգամավորի խոսքով, տարբեր հաշվարկներով զոհերի թիվը կարող է հասնել մինչև 100 հազարի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն այսօրվա տվյալներով անցել է 31 հազարը, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, տարբեր հաշվարկներով, սակայն, զոհերի թիվը կարող է հասնել մինչև 100 հազարի։

«Ունենք հողին հավասարված 10 հազար կառույց, յուրաքանչյուրում միջինը 50 բնակարան, առնվազն 50 հազար բնակարան, որոնցում ապրում էր մոտ 100 հազար մարդ։ Դժբախտաբար, թվերը կաճեն մինչև 100 հազար։ Դեռ շենքեր կան, որոնց հնարավոր չի եղել հասնել, նաև գյուղերում։ Մարդիկ թաղում են զոհված հարազատներին հաճախ առանց անգամ տեղեկացնելու իշխանություններին, Ադիյամանում ինքս հանդիպեցի այդպիսի դեպքերի», - ասաց Փայլանը։

Միջազգային ու թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվ քննարկվում է, թե ինչու է երկրաշարժի զոհերի թիվն այսքան մեծ Թուրքիայում։ Առաջ են քաշվում տարբեր պատճառներ՝ անորակ շենքերից մինչև աղետի գոտի ուշ հասած օգնություն։ Կառավարությունը մեղքի սլաքներն ուղղում է կապալառուների կողմը, բայց ըստ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորի, հենց իշխանությանն է պետք մեղադրել։

«Բոլորը սպասում էին Էրդողանի հրահանգներին։ Սակայն պետք էր մարդկանց փլատակներից փրկել առաջին 24 ժամում, այդ պատճառով այսքան մեծ թվով մարդիկ զոհվեցին։ Փրկարարական թիմերը երկրի արևմտյան մասում էին, սպասում էին հրահանգների, բյուրոկրատիայի պատճառով 48 ժամ պետք եղավ մինչև փրկարարները հասան աղետի գոտի։ Ես լսում էի փլատակների տակից բղավող մարդկանց, որոնք օգնություն էին խնդրում՝ «փրկեք, ես այստեղ եմ», ու նրանց ընտանիքները տեխնիկա չունեին օգնության համար։ Սա մի սարսափելի տրավմա է... Այս քաղաքները, որտեղ եղել է երկրաշարժը, սովորաբար ամենամեծ թվով ձայներն են տվել իշխող կուսակցությանը, հիմա բոլորը բարկացած են, ասում են՝ դուք մեզ մենակ եք թողել ու ձեր պատճառով կորցրել ենք մեր հարազատներին», - պատմեց Գարո Փայլանը։

Այս պահին հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայում կհետաձգվի մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունը, թե՝ ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG