Մատչելիության հղումներ

Թուրքիան չի բացի սահմանը, մինչև չստանա ուզածը. Ռուբեն Սաֆրաստյան


«Ազատությունը» հյուրընկալել է ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։

«Ազատություն». - Դուք ինչպե՞ս գնահատում Հայաստանի որոշումը փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա։

Սաֆրաստյան. - Միանգամայն նորմալ։ Դա այնպիսի արձագանք էր, որը, իմ կարծիքով, պետք է լիներ։

«Ազատություն». - Նշանակո՞ւմ է արդյոք, որ Թուրքիան ընդառաջ ինչ-որ քայլ է անելու։

Սաֆրաստյան. - Որ ընդառաջ քայլ կանի, ես դրանում իհարկե մեծապես կասկածում եմ։ Բայց որ արձագանք եղավ Թուրքիայից, որ շնորհակալություն հայտնվեց և' Էրդողանի կողմից, և' Քըլըչը գրառում արեց... դա իհարկե արձագանք էր, որը հումանիտար գործողություններին շատ նորմալ արձագանքն էր։

«Ազատություն». - Այնուամենայնիվ, Էրդողանը նաև Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ կարգավորման գործընթացում հարաբերությունների սա որոշակի առաջընթաց քայլ է, ազդակ։

Սաֆրաստյան. - Ազդակ՝ այո։ Բայց այն քաղաքականությունը, որ Թուրքիան անց է կացնում Հայաստանի նկատմամբ, երեսուն տարուց ավել է։ Դա ռազմավարություն է, ըստ էության։ Եվ երկու սերունդ Թուրքիայի ղեկավարների, էլիտայի այս քաղաքականությունը հետապնդում են 1991 թվականից սկսած։ Եվ միանգամից որ փոփոխություն կլինի այդ քաղաքականության մեջ, ես մեծապես կասկածում եմ։ Չի լինի։ Իսկ հիմա մենք պատկերացնում ենք, թե ինչ մի վիճակ է Թուրքիայի ղեկավարության շրջանում՝ Էրդողանի և նրա մերձավորների շրջանում, էնպես որ այս պահին ես չեմ սպասում, որ որևիցե փոփոխություն կլինի։ Ուրիշ խնդիրներով են զբաղված։

«Ազատություն». - Մարգարայի կամրջի գործարկումը լավ սկիզբ չէ՞։ Ապացուցվեց, որ դա հնարավոր բան է։

Սաֆրաստյան. - Իհարկե հնարավոր է։ Ես անցել եմ էդ կամուրջով ժամանակին, 90-ական թվականներին։ Ուղղակի ակցիա էր, որոշում ընդունվեց Թուրքիայի կողմից, որ Հայաստանից պատվիրակությունը, որ մեկնում էր Թուրքիա, մտնի Թուրքիա հենց Մարգարայի կամուրջով։ Էնպես որ, սա առաջին անգամ չի, որ բացվում է ինչ-որ մեկ ակցիայի համար։ Սկզբունքային որոշում դեռ չկա Թուրքիայի կողմից։ Այ էս հումանիտար ոլորտը չպետք է աշխարհաքաղաքականության հետ, աշխարհառազմավարության հետ խառնել։ Սա տարբեր ոլորտ է։ Ես չեմ սպասում, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որը ըստ էության ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, այսպիսի զգացմունքային պահերի ազդեցության տակ կարող է փոխվել։ Սահմանը փակ պահելը դա պատահական ակցիա չէ Թուրքիայի կողմից։ Դա որոշակի ռազմավարության բաղկացուցիչ մասն է կազմում։

«Ազատություն». - Ձեր իրատեսության հիմքում ո՞րն է, որ սա մոտ ապագայի հարց չէ։

Սաֆրաստյան. - Վերջ ի վերջո, Թուրքիան այնպիսի պետություն է, որ նման տիպի խնդիրները լուծում է մեկ անձ՝ երկրի ղեկավարը։ Իսկ մենք դեռ չենք կարող համոզված լինել, թե առաջիկա ամիսներին, երբ որ կայանան ընտրությունները, ով կլինի երկրի ղեկավարը։

«Ազատություն». - Բայց մինչև դա էլ մտել է, չէ՞, արդեն գործընթացի մեջ։ Կային հանդիպումներ բանագնացների, օդային բեռնափոխադրումները վերականգնվեցին ու առնվազն կանաչ լույս վառվեց։ Հիմա էլ պայմանավորվածությունը երրորդ երկրների համար։ Սրանք էական քայլեր չե՞ն։

Սաֆրաստյան. - Դրանք սկզբունքային էական քայլեր չեն։ Այդպիսի երկու փոքր քայլով Թուրքիան լուծում է հետևյալ խնդիրը՝ պահել Հայաստանին բանակցային գործընթացում։ Իսկ դա իր համար կարևոր էր, որ ինքը ցույց տար աշխարհին, որ տեսեք, մենք ուզում ենք Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Իսկ վերջնական որոշում, որ սահմանը բացվի Թուրքիայի կողմից, ես համոզված եմ՝ Թուրքիան չունի։ Որովհետև նա այդ որոշումը կընդունի միայն այն պահից սկսած, երբ որ կհամոզվի, որ ստացել է Հայաստանից էն, ինչ որ ինքը պահանջում է։ Պահանջել բառը ես պատահական չեմ օգտագործում։ Էրդողանը ինքը իր հրապարակային ելույթներից մեկում օգտագործեց «պահանջ» բառը Հայաստանի նկատմամբ, որ «մենք ունեն Հայաստանի նկատմամբ հետևյալ պահանջը կապված Զանգեզուրի միջանցքի հետ»։ Այսինքն՝ նա այդ քայլը կաներ, սահմանը կբացեր և դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր այն բանից հետո, որ կստանար իր ուզածը։ Ամբողջ Թուրքիայի ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ այս երեսուն տարիների ընթացքում հենց այդ նպատակը ունի՝ ստանալ Հայաստանից որոշակի զիջում։ Ինչո՞ւ։ Որովհետև թուրքական վերնախավը, շատ հստակ վերլուծելով իրադրությունը, եկել է եզրակացության, որ Հայաստանին ավելի շատ է անհրաժեշտ Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, քան Թուրքիային։ Եվ դրա համար Հայաստանը պետք է գին վճարի։ Գինը այն նախապայմաններն են, պահանջներն են, որ Թուրքիան առաջ է քաշում։ Ես էլի պատահական չասեցի վերնախավը։ Սրանից մոտ մեկ ամիս առաջ բոլորիս լավ հայտնի Ահմեդ Դավութօղլուն, որը ներկայումս ընդդիմադիր վեց կուսակցություններից մեկի ղեկավարն է, շատ կարևոր հայտարարություն արեց՝ որ հիմա Թուրքիայի համար ամենահարմար ժամանակն է Հայաստանից ստանալ այն, ինչ որ նա պահանջում է։ Համարյա բառացի եմ ասում։ Այսինքն՝ նույնիսկ ընդդիմությունը կիսում է այդ մոտեցումը, որ պետք է ստանալ Հայաստանից զիջումներ, նոր հետո բացել սահմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG