Հայաստանի արտգործնախարարն այսօր մեկնել է Թուրքիա: Անկարայում արդեն մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ, «Ազատությանը» փոխանցեց Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը:
Միրզոյանը, ԱԳՆ-ի փոխանցմամբ, երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:
Նախարարի հետ Թուրքիա է մեկնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը: Այդ մասին Ռուբեն Ռուբինյանը հայտնում է Թվիթերում գրառմամբ:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ գարնանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022 թվականի մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:
Մանրամասները տե՛ս այստեղ