Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ամբողջովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել տարածաշրջանում խաղաղության կառուցմանը Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջովին կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և հայ-թուրքական սահմանի ամբողջովին բացմանը»,- Անկարայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած համատեղ ասուլիսում։
Նրա խոսքերով՝ Չավուշօղլուի հետ բանակցություններում քննարկվել են այդ գործընթացին առնչվող որոշակի դետալներ։
Միրզոյանը նաև ասել է, որ համաձայնություն կա համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանը, երկրաշարժի հետևանքով զոհվածների հարազատներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Թուրքիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի փրկարարների աշխատանքը, որոնց նաև հաջողվել է կյանքեր փրկել։
«Հայաստանից աղետի գոտի է ժամանել 28 փրկարար։ Փետրվարի 8-ից սկսած նրանք նվիրումով աշխատում են և Ադիյամանում փրկել են փոքր աղջկա ու մի երիտասարդ բնակչի», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն՝ նաև նշելով Հայաստանից 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելու փաստը։
Մանրամասները տե՛ս այստեղ